Արցախում ներդրվել է էներգետիկ ռեսուրսների հեռուստաչափական տվյալների դիտարկման և վերլուծության առցանց մշտադիտարկման կենտրոնացված համակարգ

Բնապահպանության ոլորտի համար 2019 թ-ին պետական բյուջեով հատկացված 362 մլն 41.3 հազար դրամ գումարից փաստացի ծախսվել է 340 մլն 964.8 հազար դրամ։

Այս մասին հունիսի 12-ին, Խորհրդարանում կայացած Արցախի Հանրապետության 2019 թ-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանն ասել է ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների կոմիտեի նախագահ Ֆելիքս Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ կառավարման մարմնի պահպանման ծախսերի համար հատկացված 184 մլն 42.6 հազար դրամ գումարից փաստացի ծախսվել է 173 մլն 38.4 հազար դրամ։

«Կառույցի կողմից 8 ծրագրերի իրականցման համար հատկացված 156 մլն 821.3 հազար դրամ գումարից փաստացի ծախսվել է 147 մլն 537.3 հազար դրամ, այդ թվում՝ «Արցախի Հանրապետության տարածքի մակերևութային ջրերի մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում իրականացվել է մակերևույթային ջրերի 86 նմուշառում հանրապետության տարածքի 7 մեծ ու փոքր գետերի և վեց ջրամբարների ջրի որակի դիտարկումներ 40 դիտակետերում. տարվա ընթացքում 2 անգամ: Ծրագրի իրականացման համար ԱՀ 2019 թվականի պետական բյուջեով հատկացված 6 մլն դրամ գումարից փաստացի ծախսվել է 5 մլն 609.1 հազար դրամ։ «ԱՀ տարածքի ստորերկրյա քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում իրականացվել է ստորերկրյա ջրաղբյուրների տեխնիկական վիճակի զննման և արխիվային նյութերի հավաքագրման, մշակման ու համակարգման աշխատանքներ, գույքագրվել է 338 արտեզյան ջրհորներ և 53 խորքային հորեր: Կատարվել է նաև մոնիթորինգային դիտակետերի ընտրություն: Ծրագրի իրականացման համար պետական բյուջեով հատկացված 5 մլն դրամ գումարից փաստացի ծախսվել է 4 մլն 144.8 հազար դրամ։ «ԱՀ տարածքի կոշտ կենցաղային թափոնների ուսումնասիրության միջոցառումներ» ծրագրի շրջանակներում ուսումնասիրություններ է իրականացվել Մարտակերտի, Շահումյանի, Հադրութի ու Քաշաթաղի շրջանների համայնքներում ու գույքագրվել շուրջ 260 չարտոնագրված աղբավայր: Ծրագրի իրականացման համար նախատեսված 2 մլն 660 հազար դրամ գումարից փաստացի ծախսվել է 2 մլն 32.3 հազար դրամ։ «ԱՀ բնության հուշարձանների անձնագրերի կազմման միջոցառումներ» ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել են բնության հուշարձանների պահպանման վիճակը, կազմվել և հաստատվել ևս 14 բնության հուշարձանների անձնագրեր և տեղադրվել դրանց ցուցանակները: Ծրագրի իրականացման համար նախատեսված 3 մլն 764.8 հազար դրամ գումարից փաստացի ծախսվել է 2 մլն 742.3 հազար դրամ։ «Էկոլոգիական կրթության և դաստիարակության միջոցառումներ» ծրագրի շրջանակներում, հասարակայնության տարբեր թիրախային խմբերում, հանրամատչելի կրթադաստիարակչական տեղեկատվական նյութեր ձեռք բերելու միջոցով, իրականացվել են էկոկրթական միջոցառումներ, որոնց ընդգրկվել են տարբեր տարիքի մոտ 1000 երեխաներ և երիտասարդներ: Ծրագրի իրականացման համար հատկացված 1 մլն 497 հազար դրամ գումարից փաստացի ծախսվել է 1 մլն 456.8 հազար դրամ։ «ԱՀ տարածքի լքված, կոնսերվացված հանքավայրերի և արդյունաբերական թափոնների մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում իրականացվել է 30 դիտայց, որի ընթացքում ուսումնասիրվել են ընդերքօգտագործման թափոններով զբաղեցրած 37 լքված տարածքներ և 3 փակված պոչամբարներ: Ներկայումս հանրապետության տարածքում առկա է 4 պոչամբար, որոնցից 3-ը կոնսերվացված են (գտնվում են Մարտակերտի շրջանի Դրմբոնի համայնքում, գործողը՝ Կաշենի հանքավայրի տարածքում): Իրականացվել է 20 նմուշառում՝ Դրմբոնի երեք պոչամբարներից, Զարդանաշենի, Մաղավուզի և Դադիվանքի հանքավայրերից: Ծրագրի իրականացման համար ԱՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված 10 մլն դրամ գումարից փաստացի ծախսվել է 4 մլն 773.1 հազար դրամ։ «ԱՀ ՓՀԷԿ-երի ջրաչափական մշտադիտարկման կենտրոնացված համակարգի ներդրման միջոցառումներ» ծրագրի շրջանակներում ներդրվել է «Locator-SCADA» էներգետիկ ռեսուրսների հեռուստաչափական տվյալների դիտարկման և վերլուծության առցանց բազմաօգտատերային մշտադիտարկման կենտրոնացված համակարգ: 29 գործող ՓՀԷԿ-ներից ջրաչափական սարքեր տեղադրված են 21 ՓՀԷԿ-ի վրա (25 ջրաչափ)։ Ներկա դրությամբ ջրաչափեր տեխնիկական պատճառով չեն տեղադրվել 8 ՓՀԷԿ-ի վրա: Մակարդակաչափեր տեղադրված են 16 ՓՀԷԿ-ում (ընդամենը 18 հատ մակարդակաչափ): Ծրագրի իրականացման համար պետական բյուջեով նախատեսված 7 մլն 899.5 հազար դրամ գումարից փաստացի ծախսվել է 6մլն 778.9 հազար դրամ»,-տեղեկացրել է Ֆ. Գաբրիելյանը։