2019 թ. հիպոտեկային վարկավորմամբ ֆինանսավորվել է 427 ընտանիք. Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն

2019 թվականի ԱՀ պետական բյուջեով ԱՀ ներդրումային հիմնադրամին հատկացված էր 4 մլրդ դրամ. կատարողականը կազմել է 2 մլրդ 873 մլն դրամ, որից 1 մլրդ 500 մլն-ը հատկացվել է հիպոտեկային վարկավորման հասանելիության բարձրացման, 400 մլն դրամը՝ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման, 973 մլնը՝ գյուղաբնակ քաղաքացիների հիպոտեկային փոխառությունների ծրագրերին։

Այս մասին հունիսի 12-ին, Խորհրդարանում կայացած Արցախի Հանրապետության 2019-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանն ասել է Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Քաջիկ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ 2019-ին հիպոտեկային վարկավորմամբ ֆինանսավորվել է 427 ընտանիք։ Տարվա ընթացքում հիմնադրամի կողմից սուբսիդավորվել է 2042 վարկ։ Գյուղական բնակավայրերում ֆինանսավորվել է 439 պայմանագիր։ ՓՄՁ ծրագրի շրջանակներում ընդունվել և ֆինանսավորվել է 99 պայմանագիր։