Միֆերը հերքվեցին․ Ապրիլյան քառօրյային մեր զինվորներին պատշաճ մատակարարվել է և՛սնունդ, և՛զրահատեխնիկա (տեսանյութ)

Այսօր LIVEnews.am-ի տաղավարում զրուցեցինք ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ  Գորգիսյանի հետ։

Ապրիլյան քննիչ հանձնաժողովը, որը ստեղծվել էր 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար` կոտրեց այն բոլոր միֆերը, որ 3-4 տարի շարունակ տարածված էր հասարակության և քաղաքական դաշտի շրջանակներում։

Պատգամավորն անդրադառնալով այդ միֆերին՝ ընդգծեց. «Մեր զինվորներին պատշաճ մակարդակով մատակարարվել է և՛ սնունդ, և՛ զինամթերք, որևէ զրահատեխնիկա չի եղել, որը դիզվառելիք չլինելու պատճառով չկարողանա իր առջև դրած խնդիրը կատարի, սրանք այլևս փաստեր են»։

Խոսելով «մոսկովյան պայմանավորվածությունների» մասին՝ Գևորգ Գորգիսյանը նշեց․ «Բանակցությունները վարվել են Ռուսաստանի նախաձեռնությամբ, փաստաթուղթ բնականաբար չի ստորագրվել, որովհետև եթե որևէ փաստաթուղթ ստորագրվեր, որին չի մասնակցում Արցախի Հանրապետությունը, Ադրբեջանը միջազգային ասպարեզում առնվազն մեծ աղմուկ  կբարձրացներ»։

«Մոսկվայում բանավոր պայմանավորվածություն է եղել դադարեցնել ռազմական գործողությունները»,-շեշտեց պատգամավորը։

Պատգամավորը նշեց, որ ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ զրույցին նրանք չեն մասնակցել՝ տեղյակ չլինելու պատճառով և շեշտեց, որ Անդրանիկ Քոչարյանը դրանով փորձում է ընդդիմությանը «դուրս մղել» ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելուց։

«Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մեր հանրությունը պատրաստ է իր վերջին լուման ներդնել հայրենիքի պաշտպանությանը:  Շատ կարևոր է, երբ խոսքը վերաբերում է երկրի անվտանգությանը, մենք պիտի պատրաստ լինենք ամեն տարաձայնություն դնել մի կողմ, որպեսզի երկրի համար կարևորագույն խնդիրներ  լուծենք և հույս հայտնեց, որ ներկայիս իշխանություններն այդ գիտակցումը կունենան»,-ամփոփեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում