Կորոնավիրուսով վարակված 91-ամյա կինն ապաքինված դուրս կգրվի հիվանդանոցից

Կորոնավիրուսով վարակված 91-ամյա կինն ապաքինված դուրս կգրվի Արարատի մարզում գտնվող հիվանդանոցից: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասաց մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Սպասում ենք հրաշք դեպքի: 91 տարեկան տատիկ ունենք, որն այսօր կամ վաղը առողջացած դուրս կգրվի հիվանդանոցից»,- ասաց Սարգսյանը:

Հայաստանում հունիսի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 103 դեպք, որոնցից 5226-ը առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8 573 բուժառու։ Ընդհանուր առմամբ, կատարվել է 73 156 թեստավորում։ Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 227 դեպք։