Հայաստանում Կավասակիի համախտանիշի ևս մեկ դեպք է արձանագրվել. հիվանդացել է 9 տարեկան երեխա

Հայաստանում Կավասակիի համախտանիշի ևս մեկ դեպք է արձանագրվել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

Նրա տեղեկացմամբ՝ հիվանդը 9 տարեկան երեխա է։

«Երեխայի վիճակը սկզբում ծանր է գնահատվել, սակայն այս պահին կլինիկական բարելավվում է նկատվում։ Երեխան ստացել է բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցը, ինչով պայմանավորված վիճակը կայունացել է»,- հայտնեց Ալինա Նիկողոսյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր, որ Կավասակիի համախտանիշի դեպք է արձանագրվել 4 տարեկան երեխայի մոտ, որն ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն:

Ալինա Նիկողոսյանը նշեց, որ 4 տարեկան երեխան արդեն բուժվել է և դուրս է գրվել հիվանդանոցից, բայց նա շարունակելու է բժիշկների հսկողության տակ մնալ։

Կավասակիի հիվանդությանը հատկանշական է երկարատև բարձր ջերմությունը, որը նույնիսկ հակաբիոտիկների ազդեցությունից չի իջնում։ Ակնառու է հիվանդի ընդհանուր ծանր վիճակը, աչքի շաղկապենու բորբոքումը (կոնյունկտիվիտ), ձեռքերի և ոտքերի մատների ուժեղ էրիթեման, ձեռքերի ու թաթերի կարծր այտուցը՝ մատների ծայրերի թերթաձև թեփոտումով, բազմաձև ցանը։

Բնորոշ է բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը՝ հիպերեմիա, «մորագույն» լեզու, լորձաթաղանթի չորություն, ըմպանի բորբոքում, շրթունքների ճաքեր։ Հաճախ նկատվում են պարանոցի ավշահանգույցների մեծացում, հոդաբորբ կամ խոշոր հոդերի ցավեր, չափավոր փորլուծություն, կարդիոմեգալիա, սրտի ռիթմի խանգարում, սիստոլային աղմուկ, ասեպտիկ մենինգիտի ախտանիշներ։ Հիվանդի վիճակը վատանում է սրտի պսակաձև անոթների ախտահարման ժամանակ։