Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Tert.am

Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության  նախագահ Գագիկ Ծառուկյանին վերաբերող քրեական գործը մամուլում հրապարակելու համար:

«Այսօր դիմել ենք գլխավոր դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցվի, պատշաճ քննություն կատարվի, պարզվեն մեղավորները և օրենքի սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվեն: Կարծում եմ, իրավական գնահատականները չպետք է իրենց սպասեցնել տան»,- ասաց Խաչատրյանը:

Փաստաբանի խոսքով՝օրենսդրությունը իմպերատիվ պահանջ ունի, և նման տեղեկատվությունը չի թույլատրվում տարածել, առավել ևս, երբ դատական նիստերն ընթացել են դռնփակ և դռնփակ դատական նիստերի արդյունքում է հրապարակվել որոշումը:

Նա ընդգծեց նաև, որ օրենսդրությամբ հստակ նշված է, թե ովքեր կարող են ներկա լինել դատական նիստին: Ներկա գտնվող անձինք անպայման նախազգուշացվում են այդ տեղեկությունները հրապարակելու համար նախատեսվող քրեական պատասխանատվության վերաբերյալ:

«Մենք  ողջամիտ կասկածներ ունենք, որ  այդ թղթերը հենց այնպես չեն հայտնվել երրորդ անձի մոտ, քանի որ դրանք հստակ քրեական գործի նյութերից վերցրած փաստաթղթեր են, որովհետև եթե հրապարակումը ուշադիր ուսումնասիրեք, հրապարակումների թղթերի աջ անկյունում կան համարակալումներ, որոնք քրեական գործի բնօրինակներում են արվում: Խիստ կասկածում եմ, որ ինչ-որ մի պաշտոնատար անձի մատն այստեղ խառը չէ: Չգիտեմ, կարող է հանցավոր անփութություն կամ պաշտոնեական դիրքի չարաշահում է եղել, բայց ամեն դեպքում հենց այնպես այդ թղթերը չեն հայտնվել կայքերում»,- նշեց փաստաբանը:

Դիտարկմանը, թե արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ  լրագրողներին ասել էր, որ  «DataLex» կայքում կարող եք տեսնել գործի ամբողջ  բովանդակությունը, եթե գաղտնի ռեժիմով չի եղել և հարցին՝ արդյո՞ք «DataLex » կայքում նման տեղեկատվություն կա, Էմին Խաչատրյանը պատասխանեց.

«Չի կարող նման տեղեկատվություն լինել «DataLex»-ում: Հնարավոր է՝ արդարադատության նախարարը չի տիրապետում, թե որ որոշումները կարող են լինել «DataLex» կայքում: Օրենքով սահմանված արգելք կա, որ դատական ակտերն առհասարակ չեն հրապարակվում։ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով  հստակ սահմանված է այդ ռեժիմը, որ դռնփակ նիստի արդյունքում տեղեկությունները, որոշումները, վճիռները հրապարակման ենթակա չեն»:

Հիշեցնենք, որ Armtimes.com կայքում Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ դատական վճիռ էր հրապարակվել՝ խմբակային բռնաբարության գործով: