Նիկոլ, վա՜յ Նիկոլ, էս ի՞նչ օյին բերիք մեր գլխին. «Արտամուսնական սեռական հարաբերության ընթացքում դիմակների կրումը պարտադիր է»

Նաև` «պարտադիր ջերմաչափվել». «պարետի որոշումը» արտամուսնական սեռական հարաբերությունների հակահամաճարակային պաշտպանության կանոնները հաստատելու վերաբերյալ

Համացանցում, ավելի որոշակի` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում շրջանառվում է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի 7 հունիսի, 2020, N 26 որոշումը «ԱՐՏԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»: Ուշագրավն այն է, որ շատ մարդիկ կարդալով որոշման վերնագիրը կամ անվանումը, բնավ չեն մտածել ու չեն մտածում, որ այն կարող է կեղծ լինել, միանգամայն լուրջ են ընդունել և ընդունում, քանի որ տարակուսած, զարմացած կամ զայրացած միմյանց հարցնում են, թե սա ինչ բան է: Իսկ «որոշումը» հետևյալն է.

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով` սահմանել արտամուսնական սեռական հարաբերությունների հակահամաճարակային պաշտպանության հետևյալ կանոնները.

1.Թույլատրվում է արտամուսնական սեռական հարաբերություններ իրականացնելու համար առանձնանալ առավելագույնը 2 (երկու) չափահաս քաղաքացիների: Եթե արտամուսնական սեոական հարաբերություններ իրականացնելու ցանկություն ունեցողներից առնվազն մեկը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ է, ապա թույլատրվում է այդ նպատակով առանձնանալ առավելագույնը 3 (երեք) չափահաս քաղաքացու:

2.Արտամուսնական սեռական հարաբերությունից առաջ անհրաժեշտ է պարտադիր ջերմաչափվել:

3.Արտամուսնական սեռական հարաբերությունը վճարման կամ այլ նյութական հատուցման պաւյմանով իրականացնելու դեպքում վճարումը կարող է իրականացվել բացառապես բանկային փոխանցմամբ կամ այլ անկանխիկ եղանակով: Դրամի կանխիկ փոխանցումն արգելվում է:

4.Արտամուսնական սեռական հարաբերությունն իրականացնելուց առաջ անհրաժեշտ է թեկուզ բանավոր ձևով կազմել և փոխադարձաբար համաձայնեցնել արտամուսնական սեռական հարաբերության ռազմավարական ծրագիրը, որն ընդգրկում է արտամուսանական սեռական տվյալ հարաբերության ընթացքում իրականացման ենթակա բոլոր գործողությունները` սկսած շոյիչ-գրգռիչ գործողություններից մինչև վերջ:

5.Նախքան արտամուսնական սեռական հարաբերությունը սկսելը` անհրաժեշտ է ախտահանել ռազմավարական ծրագրին համապատասխան` մարմնի` շփում ենթադրող բոլոր մասերը:

6.Արտամուսնական սեռական հարաբերության ընթացքում դիմակների կրումը պարտադիր է` բացառությամբ ռազմավարական ծրագրում ընդգրկված ծայրահեղ անհրաժեշտության դեպքերի:

7.Արտամուսնական սեռական հարաբերության հնարավոր իրականացման վայր հանդիսացող բոլոր տնտեսվարողները (սաունաներ, կարճաժամկետ վարձակալության պրոֆիլային հյուրանոցային համալիրներ և այլն) պարտավոր են սույն կանոնները տեղադրել յուրաքանչյուր առանձնացված սենյակում` տեսանելի վայրում»:

Վերոնշյալ «որոշումը» թեկուզ առաջին հայացքից իրական համարելու պատճառն այն է, որ մեր հանրության թերևս մեծ մասը գրեթե ամեն ինչ սպասելի է համարում նախկինում նաև անլուրջ, անհեթեթ, զավեշտական ու նույնիսկ վտանգավոր որոշումներ ընդունած ներկայիս իշխսնություններից: Եվ, հետևաբար, իմանալով փաշինյանական իշխանության հաճախ անլուրջ գործելակերպը, ինչպե՞ս կարող էին կռահել, որ վերոնշյալ որոշումը սարքված ու կեղծ է…

Ինչպե՞ս կարող էին միանգամից մտածել ու հասկանալ հիշյալ որոշման կեղծ լինելը, երբ որոշումը կարդալով, տեսնում են, որ դրանում առանձին անդրադարձ կա նաև ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, որոնց հանդեպ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության բարեհաճ ու հոգածո վերաբերմունքը ոչ գաղտնիք է, ոչ էլ նորություն: Հիշենք սեռական փոքրամասնությունների թեմայով Փաշինյանի բոլոր ելույթներն ու հայտարարությունները, նրա պատմածը Փարիզի հյուրանոցում իրեն սուրճ բերած ու Հայաստանից փախած միասեռական հայ երիտասարդի մասին, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը հասնելու Փաշինյանի ու փաշինյանական իշխանության ձգտումը:

Հիշենք նաև, որ 2018թ․ դեկտեմբերի 6-ին այն ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերում հայտնի հեռուստաբանավեճի ընթացքում («ՈՒՂԻՂ. Դեբատներ՝ 11 ուժերի առաջին համարների մասնակցությամբ») Սորոսի հիմնադրամից քանիցս ֆինանսավորում ստացած, 2009թ. հունիսին «Եկեք խոսենք սեքսի մասին» գրքույկը հրատարակած, 2011թ. Երևանում «Հեշտոցի մենախոսությունները» թատերական ներկայացումը բեմադրած «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր, համանախագահ, իր հիմադրած ու ղեկավարած կազմակերպության հետ միասին Հայաստանում լեսբիների, գեյերի, տրանսգենդերների «իրավունքների» պաշտպանությամբ ակտիվորեն զբաղվող Կանադայի և Հայաստանի քաղաքացի, Փաշինյանի հարազատ քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովում 2019թ. մարտի 8-ին, առանց ամոթի որևէ նշույլի, «Մենք նաև տրանս կանայք ենք, մենք նաև լեսբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ» հայտարարության հեղինակ, Երևանում ավելի վաղ «Դուք, կանայք, դուք եք տերը ձեր մարմնի վրա» ֆեմինիստական կարգախոսը կամ կոչը դարձյալ հրապարակայնորեն հնչեցրած Լարա Ահարոնյանին ներկայացրեց բառացիորեն հետևյալ բնորոշմամբ` «հայկական ավանդական ընտանիքի մայր»:

Եվ, ուրեմն, ինչո՞ւ զարմանալ, որ պարետը կարող է ընդունել նաև նման որոշում… Առավել ևս, որ արդեն իսկ ընդունել է անձնական օգտագործման ավտոմեքենաներում նույն ընտանիքի անդամների կողմից շնչադիմակների պարտադիր օգտագործման վերաբերյալ որոշում, մնում է միայն, որ որոշում ընդունի նաև սեփական բնակարաններում, ընտանիքներում նույն ընտանիքի անդամների հետ շփվելու, այդ թվում նաև ամուսնական սեռական հարաբերությունների ժամանակ շնչադիմակների պարտադիր օգտագործման վերաբերյալ:

Խորենացու «Ողբը» հիշելով, ողբամ զքեզ, Փաշինյան ու փաշինյանական իշխանություն, քանզի արդեն այն օրն ես ընկել, որ ղեկավարածդ երկրի հասարակության անդամների թեկուզ մի մասը հավատում է նման անհեթեթ որոշման իրական լինելուն: Ողբամ նաև զքեզ, Հայոց աշխարհ, քանի որ այսպիսին է այսօրվա իշխանությունդ: Իրականում պարետի N 26 որոշումը կայացվել է դեռ 2020թ. մարտի 31-ին և բոլորովին այլ բանի մասին է:

Արթուր Հովհաննիսյան