ՌԴ-ում COVID -19-ի պատվաստանյութը փորձարկելու համար ընտրվել է կամավորների երկու խումբ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումների համար ընտրվել է կամավորների երկու խումբ:

«Առաջին խմբում ընտրվել են այն զինծառայողները (սպաները, հրամանատարները, պայմանագրային զինծառայողները), ովքեր ինքնակամ ցանկություն են հայտնել մասնակցել փորձարկումներին: Երկրորդ խմբում ընդգրկվել են կամավորներ քաղաքացիական անձանցից»,- հայտնում է գերատեսչությունը:

Բոլոր մասնակիցներին թույլատրվելու է մասնակցել փորձարկմանը  միայն բուժզննումից հետո,  պարզելու համար, թե արդյոք նրանց առողջությունը բավարարում է անհրաժեշտ պահանջներին:

Ներկայումս զինված ուժերից 50 կամավոր, այդ թվում՝ տասը բուժաշխատող, գտնվում են 14-օրյա մեկուսացման մեջ: Մասնակիցների քաղաքացիական խումբը կլինիկական փորձաքննության համար գտնվում է Բուրդենկոյի անվան գլխավոր ռազմական կլինիկական հիվանդանոցում:

Բոլոր կամավորները գտնվելու են հիվանդանոցի բժիշկների վերահսկողության տակ: Չափելու են նրանց արյան ճնշումը, զարկերակը, ջերմությունը, ուսումնասիրելու են մի շարք այլ հատուկ ցուցանիշներ:

Ավելի վաղ, ռազմական գերատեսչության 48-րդ կենտրոնական գիտահետազոտական ​​ինստիտուտի ղեկավար Սերգեյ Բորիսևիչը հայտարարել էր, որ Գամալեայի և Պաշտպանության նախարարության համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական ​​կենտրոնը հաջողությամբ անցկացրել են կորոնավիրուսային պատվաստանյութի նախաքննական փորձարկումները, իսկ կլինիկական փուլը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև հուլիսի վերջ:

Մարտի սկզբին ԱՀԿ-ն հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիկ վարակի բռնկման մասին: Համաձայն կազմակերպության վերջին տվյալների՝ ամբողջ աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է յոթ միլիոնը: Մահացել է ավելի քան 400 հազար հիվանդ: