Արտակարգ դրության պայմաններում ՄԻՊ-ին ուղղված բողոքները հունիսին ավելի շատ են եղել, քան անցած ամբողջ տարին. Արման Թաթոյան

«Այսօր, ցավոք սրտի, մեծ ծավալների է հասնում ատելության խոսքը, վիրավորանքը, իրար նսեմացնելը, դա մտահոգիչ երևույթ է: Մենք պետք է դադարեցնենք իրար վիրավորելը և առավելևս պաշտոնյանների դեպքում դա բարձր պատասխանատվություն է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Արման Թաթոյանը նշեց, որ համացանցում առողջ քննարկումների չենք հանդիպում, տպավորություն է, որ մարդիկ խմբերի բաժանված մրցում են, ով ավելի շատ կհայհոյի, ինչը վտանգավոր է, քանի որ դեպքեր կան, երբ վեճը տեղափոխվում է իրական կյանք և մարդիկ իրար նկատմամբ հաշվեհարդար են տեսնում:

Անդրադառնալով արտակարգ դրությամբ պայմանավորված ոստիկանության իրականացրած գործողություններին՝ Արման Թաթոյանը նշեց, որ ոստիկանութան և ցանկացած իրավապահ մարմնի գործառույթն է, եթե օրենքով նախատեսված հիմքերը կան, նաև ֆիզիկական ուժ գործադրել: «Իրավախախտում կատարած անձը պետք է ենթարկվի պատասխանատվության, բայց պետության արձագանքը պետք է լինի համաչափ»,-ասաց Պաշտպանը, ընդգծելով, որ արտակարգ դրության պայմաններում ՄԻՊ-ին ուղղված բողոքները հունիս ամսվա ընթացքում ավելի շատ են եղել՝ քան անցած ամբողջ տարին:

«Առանձնացրել ենք բողոքներ, կան վերլուծություններ, կազմում ենք համապարփակ փաստաթույղթ, որը զեկույցի տեսքով կլինի և կուղարկենք մեր գործընկերնրին, այնտեղ ամփոփված են բոլոր խնդիրները: Արտակարգ դրությունը վեր է հանել խնդիրներ, որոնք մինչ այս գոյություն չեն ունեցել: Օրինակ՝ կարանտինային վայրերի հետ կապված, աշխատանքային իրավունքների պաշտպանությունը և այլն: Չէինք պատկերացնի մի իրավիճակ, որ մարդը չի կարողանա գնալ աշխատանքի, որովհետև գործատուն թույլ չի տալիս, որպեսզի վիրուսը չտարածվի: Ունենք աշխատավարձի հետ կապված, կամ պետական սահմանը հատելու և երկրից դուրս գալու հետ կապված խնդիրներ»:

Արման Թաթոյանը նշեց նաև, որ մեծաթիվ են դատական համակարգի հետ կապված բողոքները, որոնք վերաբերում են իրավիճակով պայմանավորված՝ գործերի ձգձգմանը, դատական նիստեր չնշանակելուն:

«Հնարավոր լուծումներ ունենալու համար դիմել եմ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն պրակտիկան, օրենսդրությունը, երբ գործը կարող է տարիներով ձգվել և մարդը տուժում է և հատուցում, իրավունքի վերականգնում չի ստանում»: