«Իսկ դու տեղյա՞կ ես, որ Մատենադարանում հինգերորդ Ավետարանը կա՝ գրաբար թարգմանությամբ»-5

Հարցրել է Ռաֆայել Իշխանյանը` Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնների առնչությամբ

Սկիզբը` այստեղ

Հայտնի մտավորական Ռաֆայել Իշխանյանն այս հարցը տվել է Մատենադարանում պահվող, գրաբարով գրված «Կանոնագիրք հայոց» ժողովածուից Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնները աշխարհաբար արևելահայերենի փոխադրած գրող, թարգմանիչ, հրապարակախոս Մաքսիմ Ոսկանյանին: Կարծում ենք, ոչ թե չիմացությամբ է Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնները «հինգերորդ Ավետարան» անվանել (իրականում այն 5-րդ Ավետարան կամ պարականոն Ավետարան չէ), այլ Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնները մեծապես կարևորելով:

Ներկայիս Աստվածաշունչն արդյոք ա՞յն է, ինչ պետք է լիներ, թե հրեաների կամ մասոնների միջամտությամբ Նոր Կտակարանից դուրս են թողնվել Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնները:

Վերոնշյալ հարցադրմամբ և այս թեմայով մեր հրապարակման մեջ, որին կարող եք ծանոթանալ այստեղ, ընդգծել էինք, որ Առաքելական կանոնները պարականոն ինչ-որ գրվածք չեն, սակայն, դրանով հանդերձ, չեն ներառվել Նոր Կտակարանում` չնայած իրենց կարևորությանը և այն հանգամանքին, որ Կանոնները վերաբերվում են ոչ միայն առաքյալներին և նրանց գործի շարունակող անցյալի և մերօրյա հոգևորականներին, այլև Եկեղեցուն` լայն իմաստով, այսինքն նաև` Եկեղեցու յուրաքանչյուր շարքային անդամի, յուրաքանչյուր քրիստոնյայի, ինչպես Ավետարանները չեն վերաբերվում միայն հոգևորականներին:

Միաժամանակ ունենալով որոշ հիմքեր, առաջ էինք քաշել այն վարկածը, որ Առաքելական կանոնները կարող էին Նոր Կտակարանում միտումնավոր ներառված չլինել Քրիստոսամերժ հրեաների կամ մասոնների միջամտությամբ, քանի որ դրանում Քրիստոսամերժ հրեաների դեմ գրված բաներ կան: Կարդացեք Առաքելական կանոնները, և դրանում կհամոզվեք ինքներդ: Եթե մեր հոգևորականների, մասնագետների կողմից կա Առաքելական կանոնները Նոր Կտակարանից դուրս թողնելու այլ բացատրություն, սիրով ու հետաքրքրությամբ կծանոթանանք դրան:

Հիշեցնենք, որ Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնները ներառված են Ամենայն Հայոց Կաթողիկոս (717 թվականից առ 728 թ.), աստվածաբան, իմաստասեր, Հայ Առաքելական Եկեղեցու կողմից սրբերի շարքին դասված Հովհաննես Գ Օձնեցու «Կանոնագիրք հայոց» ժողովածուում: Առաքելական կանոնների` գրաբարից աշխարհաբար Մաքսիմ Ոսկանյանի կատարած փոխադրությունը` «Առաքելական կանոններ» վերտառությամբ առանձին գրքույկով, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանում 1995թ. հրատարակվել է Երուսաղեմի միաբան, բանասիրության և փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր, Եկեղեցիների համաշխարհային խորհրդում Մայր Աթոռի ներկայացուցիչ (1975-1986), Երևանի պետհամալսարանի աստվածաբանության ֆակուլտետի հիմնադիր- դեկան (1995 թվականից), լուսահոգի Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի հովանավորությամբ:

Հովհաննես Գ Օձնեցի կաթողիկոսի կազմած «Կանոնագիրք հայոց» ժողովածուում Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնների 33-րդ գլխին հաջորդում է 34-րդ (ԼԴ) գլուխը, որը «ԱՌԱՔՅԱԼՆԵՐԸ Ո՞Ր ԱՇԽԱՐՀՆԵՐԸ ԳՆԱՑԻՆ» վերնագիրն ունի և հիմնականում պատմում է, թե առաքյալները որ երկրներն են գնացել քարոզելու, ավետարանելու և ուսուցանելու: ԼԴ գլխի նախավերջին պարբերությունից հասկանալի է դառնում, որ այն նույնպես Ղուկաս Ավետարանիչն է գրել, սակայն 3-րդ դեմքով և 33 գլուխները գրելուց տարիներ հետո:

Ինչպես խոստացել էինք, ներկայացնում ենք Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնները, Ավետարանչի բնորոշմամբ, «Սուրբ եկեղեցու այն կանոններն ու սահմանները, որ, Տիրոջ երկինք համբառնալուց հետո վերնատան մեջ ժողովվելով, հանձնարարեցին Քրիստոսի աշակերտները»:

Արթուր Հովհաննիսյան

 

ԳԼՈՒԽ  ԼԲ

ԿՈՒՅՍ ՄՆԱԼ ԿԱՄԵՑՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ եթե որևէ մեկը իր պաշտոնի կարգի համաձայն կամենում է ըստ եկեղեցու ուխտի կույս մնալ, տրվել բարի գործերի, թող համարձակ լինի տեղ-տեղ վանքեր կառուցելու, օրենքով և սրբության կարգով հավատացյալների հավաքվելու համար: Այդպիսիները կերակուրներից պարկեշտությամբ զգուշանան և հեռանան զինվորական զգեստներից՝ նմանվելով Աստծո հրեշտակների պաշտոնին և երկնքի զվարթուններին: Որովհետև Հեսուն՝ Մովսեսի պաշտոնյան և Եղիան՝ Աստծո նախանձավորը, և Երեմիա մարգարեն ու մեծ մարգարե Հովհաննես Մկրտիչը՝ սրանք ամենքը կուսությամբ և պարկեշտությամբ կատարեցին Աստծո կամքը իրենց երկրավոր կյանքերի մեջ: ՈՒ թեև բռնություններով էին ծածկված, սակայն վաստակեցին երկնքի արքայությունը:

ԳԼՈՒԽ  ԼԳ

ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ԿԱՄԵՑՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ որպես որ սկզբից Աստված էր ամուսնությամբ զուգել տղամարդուն և կնոջը` դարձնելով նրանց միմյանց օգնական և օրհնել էր նրանց, նույնպես և սահմանված ու հաստատված է առաքելական հրամանը՝ նույն սրբությամբ միավորել ամուսնությունը՝ օրենքով և քահանայության աջի օրհնությամբ զարդարուն: Եվ, ինչպես որ Արարիչն Աստված պատվիրեց Մովսեսին, թե՝ «Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին, Ե՛ս եմ ձեր Տեր Աստվածը, և դուք իմ պատվիրանների մեջ զգո՛ւյշ մնացեք և եգիպտացիների կրոնի հետևից մի՛ գնացեք, որտեղից որ դուրս եք եկել և քանանացիների ընթացքի նման գործեր չգործե՛ք»: Եվ ասում է. «Որևէ մարդ իր մարմնի ընտանության անդամներին չմերձենա և իր արյունակից մերձավորների մերկությունը չբանա, քո դստեր մերկությունը չբանաս, մորդ եղբայրների և հորդ եղբայրների մերկությունը չբանաս, քո հոր կնոջ մերկությունը չբանաս, քո հոր մորեղբոր մերկությունը չբանաս, քո մորեղբոր որդու մերկությունը չբանաս, չամուսնանաս՝ պղծվելով նրանց հետ»: Սույնի նման և Երկրորդ օրինաց գրքում օրենսդիր Մովսեսը անեծքներ կարգեց, որ ասում է. «Անիծյա՛լ լինի նա, ով քնում է իր հոր կնոջ հետ, որովհետև իր հոր մերկությունը հայտնի արեց, անիծյա՛լ լինի նա, ով քնում է իր մորեղբոր հետ և ամենայն ժողովուրդը «անիծյա՛լ լինի» խոսքին ասեն՝ ամե՛ն»: Նույնպես և սահմանված է առաքելական կանոնների մեջ, որ որևէ մարդ, իր ընտանության անդամներին՝ հարազատներին չմերձենա շնությամբ կամ ամուսնությամբ: Եվ մինչև իր հարազատների չորրորդ զարմը՝ իշխանություն չունենա ամուսնանալ նրանցից որևէ մեկի հետ:

ԳԼՈՒԽ  ԼԴ

ԱՌԱՔՅԱԼՆԵՐԸ Ո՞Ր ԱՇԽԱՐՀՆԵՐԸ ԳՆԱՑԻՆ

Եվ արդ, այս ամենը, ինչ որ կարգեցին առաքյալները, իրենց անձերի համար չէր, այլ նրանց, որ գալու էին իրենց ետեւից: Քանի որ գիտեին, թե գայլերը պատրաստ են հագնել գառների մորթիներ եւ կոտորած սկսել Քրիստոսի հոտի մեջ: Եվ որովհետեւ իրենք իսկ էին օրենսդիրները՝ իրենք որեւէ կարգադրության եւ օրենքի պետք չունեին, քանի որ արդեն խրատված ու վարժված էին ճշմարիտ Վարդապետից եւ Մխիթարիչ Սուրբ Հոգին էր նրանց մեջ բնակվում: Եվ նրանց հետ, որ օրինակ էին ամենքի համար, Սուրբ Հոգին այնպիսի կարգադրություններ եւ օրենքներ կարգեց, որոնցով առավել եւս առաջնորդեր նրանց՝ իրենց իսկ Տիրանվեր կամքերի մեջ: Քանի որ, եթե Տիրոջ իշխանությունն ու զորությունն էին ընդունել, ինչ մարդ պիտի լիներ, որ նրանց համար օրենքներ սահմաներ: Նաեւ Պողոսը եւ Տիմոթեոսը, որոնք շրջում էին ասորացիների եւ կիլիկիացիների կողմերում, նույն այս օրենքներն էին պատվիրում առաքյալների երեցներին եւ այս օրենքներն էին, որ առաքյալների ձեռքով քարոզվում էին աշխարհականներին եւ առաքյալների ձեռքով ավանդվում ամեն մի եկեղեցու:

Տիրոջ այլ աշակերտներն էլ, այս օրենքների կարգերը դնելուց հետո, Ավետարանը քարոզելուց չէին դադարում եւ գործում էին մեծամեծ նշաններ ու զորություններ, որ Տերն էր նրանց ձեռքով կատարում: Եվ մեծ քանակությամբ ժողովուրդ էր հավաքվում, որ հավատում էր Քրիստոսին: Իսկ նրանց հետ շրջող երեք հազար հոգին եկան Պետրոսի մոտ եւ նրան ասացին. «Արքայի եղբայրներ, մենք ի՞նչ գործեր անենք»: Պետրոսը նրանց ասաց. «Ապաշխարեցե՛’ք եւ մկրտվեցե՛ք ամենքդ էլ, հանու՛ն Տեր Հիսուսի»: Եվ ուրիշ քաղաքներից ու գավառներից գալիս էին նրանց մոտ, լսում եւ ընդունում նրանց խոսքը: Նաեւ Նիկոդիմոսը եւ Գամաղիելը, որ ժողովրդի գլխավորներ էին, առաքյալների մոտ գալիս էին թաքուն եւ հավատում նրանց վարդապետությանը:

Նույնպես եւ Աննայի եւ Կայիափայի որդիներ Հուդան եւ Ղեւին, եւ Փեռին, եւ Ալեքսանդրիոս քահանայի կողմնակիցները, գալիս էին գիշերով, Քրիստոսի մասին խոստովանելով, թե՝ «Աստծո Որդին է», սակայն նրանք երկնչում էին իրենց խորհուրդները ժողովրդին հայտնելուց, որպեսզի հրեաներից եւ քահանայապետներից կշտամբություն չստանան: Եվ առաքյալները նրանց սիրով ընդունելով, առավել օգտակար խրատներ տալով, ասում էին. «Չլինի թե մարդկանց երկյուղից եւ կամ նրանց պատկառելուց Աստծո առջեւ ձեր հավիտենական կյանքերը կորցնեք եւ Քրիստոսի արյան վրեժը գուցե պահանջվի միայն ձեր հայրերից, որոնք այդ դատաստանը վերցրեցին իրենց անձերի եւ իրենց որդիների վրա: Որովհետեւ Աստծո առջեւ հակառակությունն ընդունելի չէ, ինչպես որ Կենարարն է ասում. «Ով խոստովանում է ինձ մարդկանց առաջ. ես էլ նրան կխոստովանեմ իմ Հոր առաջ, իսկ ով ուրանում է ինձ մարդկանց առաջ, ես էլ պիտի նրան ուրանամ իմ Հոր առաջ, որ երկնքում է»: Որովհետեւ երբ լինեք Նրա՝ (Կենարարի) երկրպագուն եւ դարձյալ գնաք հաղորդվելու Նրան սպանողների որդիների հետ, էլ ինչպե՞ս պիտի ակնկալեք թե դուք եւս հավատի ճշմարտության մեջ եք, երբ դեռ դուրս չեք եկել ու հեռացել նրանց հանցանքներից, ովքեր ստությամբ իրենց անձերը դատապարտեցին: Այլ ձեզ համար այն է արժան, որ ձեզ խոստովանեք իբրեւ այնպիսիները, որոնք հավատացին այն քարոզչություններով, որ մենք ենք քարոզում»:

Եվ երբ քահանաների որդիները այս ամենը առաքյալներից լսեցին, ամենքով միաբան  աղաղակեցին ժողովրդի առջեւ, ասելով. «Մենք խաչված Քրիստոսին ենք խոստովանում եւ հավատում ենք, թե Նա է ի սկզբանե Աստծո Որդին եւ գոհանում ենք այն բանի համար, որ արժանի եղանք նրան անվանել եւ մտնել նրանց թվի մեջ, ովքեր խոստովանում եւ կարդում են Նրա անունը եւ այժմ ուրանում եւ հեռանում ենք նրանցից, որոնք Նրան խաչեցին եւ ուրացան»: Նաեւ քահանաները ժողովրդից ծածուկ էին գալիս խոստովանելու Քրիստոսին: Եվ քանի որ սիրում էին ժողովրդի գլխավորներ լինել, այդ պատճառով հայտնի կերպով չէին խոստովանում, նրանք մոռացան գրվածքները, որ ասում են. «Սրտագետ է Տերը» եւ «Կամակորությունները նրա  առջեւ չե՛ն հաստատվի»:

Եվ երբ նրանց  հայրերը իրենց որդիների մասին այս լսեցին, մեծ ցասումով սպառնացին նրանց, քանի որ իրենք չէին հավատում Քրիստոսին: Իսկ որդիները առակելով հայտնի արեցին իրենց հայրերի խորհուրդները, նրանց հանդիմանելով ամբողջ ժողովրդի, դատավորների եւ հեթանոս ազգերի առաջ: Իսկ հավատացյալ հրեաներն ու քահանայապետերի որդիները եկան,  առաքյալներին հարեցին եւ երբեք նրանցից չէին հեռանում, որովհետեւ տեսնում էին, թե ինչ-որ խոսքով են ուսուցանում, նույնը եւ ամենքի առջեւ գործով են ցույց տալիս: Եվ առաքյալների միջոցով լինում էին կենաց Բանի ճշմարտության քարոզներ:

Եվ այն ժամանակ, երբ այս քարոզությունների համար հալածանքների վտանգներ հասան, առավել եւս էին ուրախանում, որ կցորդ են նրանց նեղություններին: Եվ խնդությամբ ընդունում էին այն տանջանքները, որ գալիս էին առաքյալների վրա, հայտնապես խոստովանում էին Քրիստոսին եւ Նրան էին քարոզում հրեաների, հեթանոսների եւ  սամարացիների առջեւ՝ իրենց կյանքի բոլոր օրերում: Եվ առաքյալների վախճանվելուց հետո՝ նրա՛նք եղան սուրբ եկեղեցու առաջնորդներն ու քարոզիչները, Ավետարանի հրամանատարները: Եվ առաքյալները նրանց ինչպես ավանդեցին, նրանք այդպես էլ ընդունեցին եւ ամեն ժամանակ քարոզում ու ուսուցանում էին ժողովրդին եւ բոլոր հեթանոսներին: Նրանք եւս իրենց վախճանի ժամանակ նույն բաներն ավանդեցին, ուսուցանելով իրենց աշակերտներին ամեն բան այնպես, ինչպես որ մեկ անգամ լսել էին առաքյալներից: Նաեւ այն ամենը, ինչ-որ Հակոբոսը գրեց Երուսաղեմից, Հովհաննեսը՝ Եփեսոսից, Մարկոսը՝ Ալեքսանդրիայից, Անդրեասը՝ Փռյուգիայից, Ղուկասը՝ Մակեդոնիայից, Թովմասը՝ Հնդկաստանից եւ Պողոս առաքյալի տասնչորս  թղթերը, որ ամեն եկեղեցի է կարդում՝ բոլոր տեղերում, նույնպես եւ միաբանված կարդում են նրանց առաքինության գործերը, որ Ղուկասը գրի առավ: Քանի որ այս են ծանոթացնում առաքյալները եւ մարգարեները, հին կտակարաններն ու նորերը, թե՝ իմացե՛ք, ամենքին մե՛կ Սուրբ Հոգի խոսեց, մե՛կ ճշմարտություն քարոզվեց, մե՛կ հավատ պատմվեց եւ մե՛կ Աստծո անուն Ավետարանվեց, որ փառավորվեց նաեւ ամենքի կողմից: Եվ տիեզերքի բոլոր վայրերում՝ նրանց վարդապետությունը ընդունեցին: Եվ այսուհետեւ ինչ-որ  Տիրոջ կողմից խոսվել էր առաքյալների միջոցով եւ այն, որ առաքյալները ավանդեցին իրենց աշակերտներին՝ հավատարիմ եւ ընդունելի եղավ բոլոր կողմերում՝ Տիրոջը ճանաչեցնելու համար, այնպես, ինչպես որ Կենարարն ասաց. «Ես ձեզ հետ եմ մինչեւ աշխարհի վախճանը»:

Եվ այն ժամանակ, երբ նրանք վիճաբանում էին հրեաների վարդապետների հետ, բացում եւ խոսքով մարտնչելով, նրանց առջեւ էին դնում մարգարեական գրվածքները եւ փակում էին նրանց բերանները իրենց վկայությամբ: Նույնպես եւ հեթանոս մոլորվածներին մեծամեծ նշաններով, Քրիստոսի զորությամբ գործված արվեստներով՝ թողնում էին զարմացումի մեջ եւ օծում նրանց ճշմարիտ հավատով:

Եվ ամենայն հեթանոսները, որ բնակված էին հեռավոր աշխարհներում, հանդարտվեցին, լռեցին, եւ հնազանդվեցին Քրիստոսի Ավետարանի քարոզությանը, եւ ով ընդունում էր մարտիրոսության խոստովանությունը, այսպես էր աղաղակում՝ ասելով. «Մեր հալածանքներն ու մեր նեղությունների տանջանքները թող Աստծո առջեւ մեր խոսնակները լինեն՝ փոխան մեր չարչարանքների, քանի որ նրա առջեւ հալածիչներ էինք ժամանակին, իսկ այժմ հալածվում ենք Տիրոջ անվան համար»: Նրանցից ոմանք այս ամենը մահվան սրով վկայեցին, նրանցից ոմանցից ինչք ու ունեցվածք խլեցին՝  թողնելով մերկ ու հալածական: Եվ նեղության վտանգներն ու չարչարանքները որքան ավելի էին գալիս, նրանք առավել էին աճում, զորանում, բազմանում եւ ցնծալով սրտերի ուրախությամբ, դառն մահն էին ընդունում՝ պես-պես տանջանքներով ու չարչարանքներով, իրենց  իսկ անձերի վկայության համար:

Իսկ քահանայության ձեռնադրությունը, որ առաքյալներն ստացան, բազմացրին եւ ողջ աշխարհով մեկ տարածեցին եւ որպես որ Տերն ինքն իսկ ասաց նրանց թե. «Ինձ տրվեց ամենայն իշխանություն երկնքում եւ երկրի վրա: ԵՎ ինչպես ինձ Հայրն առաքեց, նույնպես Ե՛ս եմ ձեզ առաքում: Գնացե՛ք, աշակերտ դարձրեք բոլո՛ր հեթանոսներին, մկրտեցե՛ք նրանց հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, ուսուցանեցե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ որ Ես պատվիրեցի:  Եվ ահա Ես ամե՛ն օր ձեզ հետ են մինչեւ աշխարհի վախճանը»: Եվ որպես որ նրանց Տերը պատվիրեց, ըստ նույն օրինակի, Ավետարանի քարոզչությունը շուտափույթ թռավ ամբողջ տիեզերքով մեկ: Եվ այն ժամանակ, երբ նրանք այցելում էին միմյանց եւ որեւէ բանի քննություն էր լինում, գալիս եւ հաղորդվում էին միմյանց հետ, թե՛  իրենց պաշտոններով, թե՛ աղոթքներով եւ թե՛ մխիթարության խոսքերով: Եվ նրանք կարգեցին քահանայապետներ, գլուխներ և առաջնորդներ՝ ամբողջ տիեզերքով մեկ քարոզելու, ավետարանելու և ուսուցանելու համար, որպես որ նրանց Տերը հրամայեց Սուրբ Հոգու առաջնորդությամբ:

ա. Առաքյալներից քահանայության ձեռնադրություն ստացավ Երուսաղեմի և պաղեստինցիների ամբողջական աշխարհի, սամարացիների և փղշտացիների և արաբացիների գավառների, Փյունիկեի և Կեսարիայի բնակիչների վրա ՀԱԿՈԲՈՍ Առաքյալը, որ եղավ եկեղեցու հրամանատարն ու առաջնորդը և Երուսաղեմում էր: Կառուցեց Սիոնը:

բ. Առաքյալներից քահանայության ձեռնադրություն ստացավ մեծ Ալեքսանդրիայի, Թեբայիսի, ողջ Եգիպտոսի և Փիլովինի ամբողջ աշխարհի վրա, մինչև Հնդկաստանի սահմանները՝ ՄԱՐԿՈՍ Ավետարանիչը, նա եղավ հրամանատար և առաջնորդ, կառուցեց եկեղեցիներ, նրանց մեջ կարգեց քահանաներ և պաշտոնյաներ:

գ. Առաքյալներից քահանայության ձեռնադրություն ստացավ Հնդկաստանի և նրա շրջակայքում գտնվող ամբողջ գավառների վրա, մինչև վերջին ծովը՝ ԹՈՎՄԱՍ Առաքյալը, նա եղավ գլուխ և առաջնորդ, կառուցեց եկեղեցիներ, կարգեց քահանաներ և պաշտոնյաներ:

դ. Առաքյալներից քահանայության ձեռնադրություն ստացավ Անտիոքի, ամբողջությամբ Սուրիայի և Կիլիկիայի և Գաղատիայից մինչև Պոնտոս՝ ՍԻՄՈՆ Վեմը, նա էր, որ Անտիոքի եկեղեցու հիմքը դրեց, եղավ գլուխ, առաջնորդ և քարոզող, հաստատեց եկեղեցիներ, կարգեց քահանաներ և պաշտոնյաներ, այնտեղ մնաց մինչև այն ժամանակ, երբ Հռոմ ելավ Սիմոն կախարդի պատճառով:

ե. Առաքյալներից քահանայության ձեռնադրություն ստացավ Մեծ Հռոմ քաղաքի և ամբողջությամբ Իտալիայի, Իսպանիայի և Բրիտանիայի ու Գաղիայի և նրանց շրջակայքներում գտնվող աշխարհների վրա նույն ՍԻՄՈՆ Վեմը (Սիմոն կախարդին կործանելուց հետո), նա եղավ այնտեղ գլուխ և առաջնորդ, կառուցեց եկեղեցիներ, հաստատեց դրանք և դրանց շուրջը գտնվողները նույնպես, կարգեց քահանաներ և պաշտոնյաներ:

զ. Առաքյալներից քահանայության ձեռնադրություն ստացավ Եփեսոսի և Թեսաղոնիկեի և ամբողջությամբ Ասիայի, կորնթացիների ամբողջ աշխարհի, Աքայիայի և նրա շուրջ գտնվող աշխարհների վրա՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ Ավետարանիչը, նա, ով ընկավ Տիրոջ լանջով, նա իր առաջնորդությամբ այդ վայրերում կառուցեց եկեղեցիներ, եղավ գլուխ և քարոզիչ, կարգեց այդ եկեղեցիներում քահանաներ և պաշտոնյաներ:

է. Առաքյալներից քահանայության ձեռնադրություն ստացավ Նիկիայի և Նիկոդեմիայի, բյութանացիների աշխարհի, գուտացիների և նրա շրջակայքում գտնվողների վրա՝ ԱՆԴՐԵ Առաքյալը, Սիմոն Վեմի եղբայրը: Նա եղավ առաջնորդ, հրամանատար, գլուխ և քարոզիչ: Կառուցեց եկեղեցիներ, կարգեց քահանաներ և պաշտոնյաներ:

ը. Առաքյալներից քահանայության ձեռնադրություն ստացավ Բյուզանդիայի, թրակիացիների ամբողջական աշխարհի և նրանց շուրջը գտնվող աշխարհների վրա մինչև Մեծ գետ, որը սահմանազատում է բարբարոսներից, ՂՈՒԿԱՍ Առաքյալը, այդ վայրերում կառուցեց եկեղեցիներ, կարգեց քահանաներ և պաշտոնյաներ:

թ. Առաքյալներից քահանայության ձեռնադրություն ստացավ ՈՒՌՀԱ (Եդեսիա) քաղաքի և ամբողջությամբ նրա շուրջը գտնվողներով, Մծբինի և Արաբիայի և Միջագետքին սահմանակից աշխարհների, և Հայքի վրա՝ ամբողջությամբ հյուսիսով և հարավով՝ ԹԱԴԵՈՍ Առաքյալը, որ մեկն էր տասներկու առաքյալներից, կառուցեց այդ վայրերում եկեղեցիներ, աշակերտ դարձրեց մարդկանց այդ բոլոր կողմերում, նրանց միջից կարգելով քահանաներ և պաշտոնյաներ:

ժ. Առաքյալներից քահանայության ձեռնադրություն ստացավ պարսիկների և պարթևների, ամբողջական Ասորեստանի և Խուժստանի, ամբողջությամբ Բաբելոնի շուրջը գտնվողների և Գեղերի վրա՝ մինչև դդացիների սահմանները, մինչև Գոգ և Մագոգ և այլ աշխարհներ էլ, որ նրանց շրջակայքում են՝ ԱԴԴԵ Կերպասագործը՝ աշակերտը ԹԱԴԵՈՍ Առաքյալի, նրա, որ բժշկեց ՈՒռհայի Աբգար թագավորին:

ժա. Իսկ Պողոս Առաքյալը աշակերտների հետ համահունչ շրջում և ընտանեաբար հոգում էր թե ծովում, թե ցամաքում և թե հեռավոր կղզիներում, հեթանոսների գտնված բոլոր կողմերում՝ հյուսիսում և արևելքում, հարավում և արևմուտքում՝ ամենուր լիացնելով Քրիստոսի Ավետարանով, եկեղեցու հիմքը հաստատելով, խրատում էր, կարգում քահանաներ և պաշտոնյաներ:

ժբ. Բայց նրանց ընկերները, ուրիշ առաքյալներ և առաքելակիցներ, հասան բարբարոսների տարաշխարհները և հեթանոսների հեռավոր աշխարհները, ըստ Մովսեսի այն մարգարեության, թե. «Հեթանոսների սահմանները մտցրեց Աստծո հրեշտակների թվի մեջ»: Եվ ըստ յոթանասուներկու լեզուների՝ Քրիստոսի կողմից պատգամավորներ, քարոզողներ և առաքյալներ առաքվեցին ողջ երկրի շուրջբոլորը, և տեղից տեղ շրջելով, քարոզում էին արքայության Ավետարանը այնպես, որպես աշտարակի ցրման ժամանակ էր, այն ժամանակ մարդիկ ցրվում էին, իսկ այժմ էլ Խաչի շնորհիվ, Սուրբ Հոգու ձեռքով՝ հավաքվում և միասնանում էին ճշմարիտ հավատի համար: Եվ սուրբ նշաններով, ճշմարիտ բժշկություններով մարդկանց բերում էին հավատի, դարձնում աշակերտներ, ուսուցանում էին, կառուցում եկեղեցիներ, կարգում քահանաներ և պաշտոնյաներ: Եվ ինչ նրանք էին անում, կատարում էին բարի անվամբ՝ հանուն Տեր Հիսուս Քրիստոսի: Եվ այսպես նրանց վարդապետության հետևից են ընթանում նաև նրանց աշակերտները՝ մինչև աշխարհի ավարտը:

Իսկ Ղուկաս Ավետարանիչը, որին շտապ գրառելու այս հանձնարարությունը եղավ, հոգաբարձությամբ գրեց նրանց առաքինություններն ու գործերը, պաշտամունքի կարգերն ու քահանայության օրենքները, և թե որ երկրի կողմերը գնաց նրանցից յուրաքանչյուրն առանձին: Շտապով և առանց հապաղելու այս ամենը գրի առավ Ղուկասը և տվեց Պրիսկայի և Ակյուղայի ձեռքը, որոնք իր աշակերտներն էին և մինչև իրենց մահվան օրը հարեցին նրան ճիշտ այնպես, որպես որ Պողոսին էին հարում Տիմոթեոսը, Տիտոսը և Արիստաքոսը, որ Լյուստրայում էր, Ոնեսիմոսը և Մնեոսը, որն առաքյալների առաջին աշակերտն էր, և Պողոսի այլ բազում աշակերտները, մինչև նրա՝ Հռոմ ելնելը, ուր նրա դեմ ելավ ոմն Տերտիղիոս, որն էլ նրան գլխատեց Ներոն կայսեր սուսերով: Նաև Պետրոսը նույն նահատակությունը կրեց Հռոմ քաղաքում: Նրանք այդպես նահատակվեցին՝ մե՜ծ պատվով, արժանի, ըստ իրենց գովաբանությունների:

Եվ քրիստոնյաները, տեսնելով բազմամբոխ մարդկանց մեծ նահատակությունը և նրանց խոստովանությունը, մեծապես գոհանում և օրհնում էին Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: Եվ կատարում են նահատակների հիշատակը մեծ պատիվներով՝ ցնծությամբ և ուրախությամբ և միաբանությամբ տոները տոնում են հռոմեացիների բոլոր քաղաքներում: Նախ՝ Սիմոն Վեմի, երկրորդ՝ սուրբ Պողոսի և այդպես՝ կարգ ըստ կարգի և մյուս առաքյալների, նրանցից յուրաքանչյուրի անուններով կառուցելով սքանչելագործ վկայարաններ և կատարելով մեծապայծառ տոներ, որպես որ վայել է նրանց սրբությանը, փառավորելով ամենքի Տիրոջն ու Հայր Արարչին և ամենքին ստեղծող Միածին Աստծո Որդուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին և ամենքին ուսուցողին և Մխիթարողին, ամենքին առաջնորդող Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամե՛ն: