Տեղի է ունեցել ԱՀ և ՀՀ ԱԺ նախագահների հանդիպումը

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 1-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

Ողջունելով ԱՀ ԱԺ նորընտիր նախագահին՝ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ Արթուր Թովմասյանի գործունեությունն արդեն նոր կարգավիճակում առավել քան արդյունավետ է լինելու, և այդ առումով՝ երկու հայկական հանրապետությունների խորհրդարանների աշխատանքը մեծապես շահելու է:

Արցախի Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ և’ օրինաստեղծ դաշտում, և’ քաղաքական քննարկումների հարթակում երկու պետություններն ունեն կայացած ավանդույթներ, որոնք անհրաժեշտ է էլ ավելի հարստացնել: Այս համատեքստում նա անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների կարևորությանը, մշտական հանձնաժողովների փոխգործակցությանը:

ԱՀ ԱԺ նախագահը նշել է, որ Արցախում տեղի ունեցած համապետական ընտրությունների միջոցով հեղափոխություն է տեղի ունեցել խորհրդարանում՝ վստահեցնելով, որ նորընտիր Ազգային ժողովը շահագրգիռ է Հայաստանի օրենսդիր մարմնի հետ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու:

«Արցախը կլինի անվտանգ, եթե մենք ունենանք կայուն Հայաստան և հզոր Սփյուռք»,- փաստել է Արթուր Թովմասյանը: Նրա համոզմամբ՝ եթե օրակարգային երեք հարցերում՝ Արցախի հիմնախնդիր, Հայոց ցեղասպանության ճանաչում և անվտանգություն, լինի համայն հայության աջակցությունը, ապա անպայմանորեն հաջողություն կգրանցվի:

Արարատ Միրզոյանն իր հերթին բարձր է գնահատել միջխորհրդարանական համագործակցության ներկա մակարդակը և համաձայնություն հայտնել, որ բոլոր խնդիրները կարող են և պիտի հաղթահարվեն համատեղ ուժերով։ «Հայաստանը և Արցախը նույն հայրենիքի մասերն են, և մենք պետք է միասնական օրակարգով առաջ գնանք», -փաստել է ՀՀ ԱԺ նախագահը:

Կողմերն անդրադարձել են ԱՀ ԱԺ աշխատակազմի հմտությունների հետագա կատարելագործման խնդրին և այս համատեքստում ընդգծել երկու խորհրդարանների աշխատակազմերի ղեկավարների մակարդակում սերտ շփումների հաստատման, աշխատակազմերի միջև փորձի փոխանակման կարևորությունը: