Վենեսուելան ԱՄՆ-ի և Իրանի համար երկրորդ Սիրիա՞ է

Սիոնիստների և Միացյալ Նահանգների ու Իրանի միջև բախումը հանկարծ տեղափոխվել է Վենեսուելա՝ իրանական նավթի մատակարարման տիրույթ: Կտրուկ սրացումը սկսվել է այն բանից հետո, երբ Վենեսուելայի համար իրանական վառելիք (բենզին) տեղափոխող հինգ լցանավերը դուրս են եկել իրանական նավահանգիստներից և ուղևորվել դեպի Կարիբյան ծով: Հանկարծ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես եկավ հերթական հակաիրանական հայտարարություններով և «արգելեց» Իրանին նավթ և նավթամթերք մատակարարել Վենեսուելա: Այնուհետև նույն անհեթեթությունը (նավթի մատակարարման «արգելքի» մասին) կրկնել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմպեոն՝ հավելելով, որ ամերիկյան ռազմանավերը արգելափակելու են իրանական լցանավերը և թույլ չեն տա հասնել Վենեսուելա: Ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականը, որը շատ հաճախ արտացոլում է Սպիտակ տան դիրքորոշումը, հաղորդել է, որ Թրամփի վարչակազմն ուսումնասիրում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը՝ իրանական նավթի արտահանումը Վենեսուելա արգելափակելու համար: Այն բանից հետո, երբ իրանական 5 լցանավերը ուղևորվել են Վենեսուելա, դիտարկվում է լցանավերի ​​անձնակազմի դեմ պատժամիջոցների կիրառման կամ այդ առևտրային նավերի բռնագրավման հարցը՝ երրորդ երկրների նավահանգիստներում լիցքավորման դեպքում: Տարբեր լրատվամիջոցներ հայտնում են, որ Միացյալ Նահանգները 4 մարտական նավ և Boeing P-8 Poseidon կործանիչներ են ուղարկել Կարիբյան ծով:

Բնականաբար, ԱՄՆ այս կեղտոտ գործողությունները պատասխան արձագանք են առաջացրել: Նախ, Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշին՝ նախազգուշացնելով Կարիբյան ծովում իրանական նավթային լցանավերի դեմ ԱՄՆ-ի հնարավոր սպառնալիքի մասին՝ շեշտելով, որ Ամերիկան ​​պատասխանատու կլինի հետևանքների համար: Զարիֆը Միացյալ Նահանգների սադրիչ սպառնալիքներն անվանել է ծովահենություն և համաշխարհային խաղաղության և անվտանգության մեծ սպառնալիք՝ շեշտելով, որ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի աշխարհի ահաբեկումը և հարգի միջազգային իրավունքի գերակայությունը՝ մանավանդ բաց ծովում նավարկության ազատությունը: Ցանկացած ապօրինի քայլի հետևանքների համար ԱՄՆ կառավարությանը պատասխանատու անվանելով՝ Զարիֆն ընդգծել է այդ սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու Իրանի իրավունքը: Բացի դրանից, փոխարտգործնախարար Աբաս Արագչին կանչել է Շվեյցարիայի դեսպանին՝ հորդորելով նրան հաղորդել ԱՄՆ-ի կողմից իրանական լցանավերի դեմ բոլոր հնարավոր սպառնալիքների մասին նախազգուշացումը՝ ասելով, որ իրանական նավթային լցանավերի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք վճռական պատասխան կստանա Իրանի կողմից: Շվեյցարական բանագնացը նաև հայտարարել է, որ այդ հարցը անմիջապես կփոխանցի ԱՄՆ պաշտոնական անձանց։

Այնուհետև, ինչպես հաղորդել է «Fars News» գործակալությունը, Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին մայիսի 18-ին Թեհրանում լրագրողներին հայտարարել է. «Իրանը լցանավերը ուղարկել է Վենեսուելայի կառավարության խնդրանքով: Ոչ մի պետություն պարտավոր չէ իրականացնել պատժամիջոցներ, ելնելով ԱՄՆ ցանկություններից: Միջազգային հանրությունը պարտավոր է պատասխանել ԱՄՆ-ի անօրինական նախազգուշացումներին՝ միջազգային ջրերում իրանական նավթային լցանավերի դեմ առաջիկա գործողությունների վերաբերյալ: ԱՄՆ-ը ծովահենության ռեկորդներ ունի: Առայժմ դեռ վաղ է արձագանքի մասին խոսելը, բայց մենք դիտարկում ենք բոլոր տարբերակները և հուսով ենք, որ ամերիկացիները սխալներ թույլ չեն տա: Իրանը և Վենեսուելան երկու ինքնիշխան պետություններ են: Այլ երկրների հետ առևտրի իրականացումից և գործնական ակտիվությունից բացի, Իրանը առևտրային փոխանակումներ ունի նաև Վենեսուելայի հետ: Իրանը ապրանքներ է վաճառում Վենեսուելային և ապրանքներ է գնում: Այս առևտուրը որևէ մեկի գործը չէ: Մենք առանց հապաղելու վաճառելու ենք մեր նավթը համաշխարհային շուկաներում»: Ի դեպ, նույն օրը Թեհրանը հասկացրել է, որ շատ լավ գիտի, թե ով է հերթական անգամ «թելադրել» ԱՄՆ կոպիտ հակաիրանական հայտարարությունները: Իրանի խորհրդարանը մայիսի 18-ին կայացած նիստում հաստատել է մի օրինագիծ, որով կառավարությունից պահանջում է ճանապարհ հարթել Պաղեստինում վիրտուալ դեսպանություն ստեղծելու համար. «Արտաքին գործերի նախարարությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ Պաղեստինում Իրանի վիրտուալ դեսպանատուն կամ հյուպատոսություն ձևավորելու և արդյունքները ներկայացնի հաստատման համար», – ասված է «Խաղաղության և անվտանգության դեմ Իսրայելի թշնամական գործողությունների հակադարձում» օրինագծում: Ինչպես տեսնում ենք, Թեհրանում միամիտներ չկան…

Հստակ հայտնի չէ, բայց դատելով Վենեսուելայի համարձակ հայտարարություններից՝ իրավիճակը աշխույժ և շարունակաբար քննարկվում էր Վենեսուելայի, Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի զինվորականների և դիվանագետների միջև հեռախոսային և այլ խորհրդատվությունների միջոցով: Այս եզրակացությանն ենք հանգում, երբ ուսումնասիրում ենք Վենեսուելայի, Ռուսաստանի և Չինաստանի հայտարարությունները (իրանական դիրքորոշումը նշված է վերևում) Վաշինգտոնի նոր սադրանքի վերաբերյալ: Այս խորհրդատվությունների արդյունքն այն էր, որ մայիսի 19-ին ՄԱԿ-ում Վենեսուելայի մշտական ​​ներկայացուցիչ Սամուել Մոնքադան հաղորդել է, որ Կարակասը նախազգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշին՝ Միացյալ Նահանգների կողմից վառելիք տեղափոխող իրանական նավերի ռազմական սպառնալիքի մասին։ Իսկ մայիսի 20-ին Իրանի և Վենեսուելայի պաշտպանության նախարարները ելույթ ունեցան մեկը մյուսի հետևից: ԻԻՀ բրիգադի գեներալ Ամիր Խաթամին հայտարարել է. «Միացյալ Նահանգները կստանան ամուր և ջախջախիչ պատասխան, եթե շարունակեն հետապնդել երկրի նավերն ու նավթային լցանավերը միջազգային ջրերում: Մենք անպայման կտրուկ և վճռական կարձագանքենք, եթե հետապնդումները շարունակվեն կամ սրվեն»,- հաղորդել է «Tasnim News» գործակալությունը: Վենեսուելայի պաշտպանության նախարար գեներալ Վլադիմիր Պադրինո Լոպեսը հայտարարել է, որ հենց իրանական նավթային լցանավերը մտնեն իր երկրի բացառիկ տնտեսական գոտի, ուղեկցվելու են հարավամերիկյան հանրապետության ռազմանավերով և ինքնաթիռներով:

Իսկ արդեն մայիսի 23-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ ունեցած հեռախոսազրույցում, ինչպես հաղորդել է «Mehr News» գործակալությունը, նախազգուշացրել է. «Եթե մեր լցանավերը Կարիբյան ծովում կամ աշխարհի որևէ այլ կետում բախվեն ԱՄՆ կողմից առաջացված խնդիրների, ԱՄՆ-ը նույնպես խնդիրներ կունենա»: Արդյունքում, իրանական հինգ լցանավերից առաջինը մայիսի 24-ին ապահով կերպով հասել է Վենեսուելայի ափեր, իսկ ամերիկացիները չեն համարձակվել մոտենալ դրան: Մենք արդեն հայտնել էինք, որ մայիսի սկզբին վենեսուելացիները ջախջախել են ամերիկացի վարձկաններին, որոնք փորձել էին Կոլումբիայից ներխուժել Վենեսուելա: Ըստ երևույթին, գեներալներ Խաթամիի և Պադրինո Լոպեսի համաձայնեցված հայտարարությունները, ինչպես նաև հունվարի 8-ին Իրանի հրթիռային հարվածների հիշատակը Միացյալ Նահանգներին ստիպել են «սեղմել արգելակման կոճակը»: Ի դեպ, այսքանից հետո արևմտյան մի շարք լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, որ իբր Վենեսուելան կարող է «երկրորդ Սիրիան» դառնալ ԱՄՆ-ի համար…

Այնուամենայնիվ, մայիսի 28-ի դրությամբ, իրանական 5 լցանավերից չորսը հասել են Վենեսուելա:

Սերգեյ Շաքարյանց