Արթուր Թովմասյանը «Ինքնություն և միասնություն» կուսակցության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր ընդունել է «Ինքնություն և միասնություն» կուսակցության ներկայացուցիչներին:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահը կարևորել է «Ինքնություն և միասնություն» կուսակցության դերակատարությունը Արցախում:

Ա. Թովմասյանն ընդգծել է, որ անկախ անհատների տեսակետներից և կուսակցական պատկանելությունից՝ արցախյան հիմնախնդրի շուրջ բոլորը պետք է լինեն միակամ:

«Մեզ համար շատ կարևոր է ժամանակակից և տեխնիկապես հագեցած առաջնագիծ ունենալը: Մենք պատասխանատվություն ենք կրում յուրաքանչյուր դժբախտ իրողության հետևանքների համար: Պետք է կարողանանք ստեղծել խաղաղ պայմաններ, որպեսզի հայ զինվորը պաշտպանված և ապահով լինի առաջնագծում»,-մասնավորապես ասել է Ա. Թովմասյանը:

Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին՝ ԱՀ ԱԺ նախագահն առաջարկել է, որ այսուհետ ամեն տարի՝ ապրիլի 24-ին, իշխանամետ և ընդդիմադիր ուժերը միասին այցելեն հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցեն անմեղ զոհերի հիշատակին:

Ա. Թովմասյանը ցանկալի է համարում, որ «Ինքնություն և միասնություն» կուսակցության անդամներից ընդգրկվեն Արցախ-Ֆրանսիա բարեկամական խմբում:

ԱԺ նախագահը համագործակցության առաջարկ է արել կուսակցության անդամներին և նշել, որ պարբերական բնույթ են կրելու նմանատիպ հանդիպումները:

«Ինքնություն և միասնություն» կուսակցության ղեկավար Էրիկ Մկրդումյանն իր հերթին շնորհավորել է Արթուր Թովմասյանին՝ ԱՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Է. Մկրդումյանը հավաստիացրել է, որ ներկայացված երեք հարցերի վերաբերյալ կուսակցության անդամների տեսակետները համընկնում են:

«Մենք պատարստակամ ենք մասնակցել բոլոր ծրագրերին՝ անկախ այն հանգամանքից, թե որ քաղաքական ուժը կամ գործիչն է առաջարկում, միայն թե այն ի նպաստ լինի Արցախի զարգացմանը: Ցանկություն ունենք համագործակցելու նաև Խորհրդարանի խմբակցությունների հետ և օրենսդրական դաշտի ձևավորման գործում նաև մեր ներդրումն ունենալու»,-ավելացրել է կուսակցության ղեկավարը: