Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ-ԱՀԿ հարաբերությունների խզումը

Դադարեցնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ հարաբերությունները՝ ԱՄՆ-ը հարված է հասցնում այս ոլորտում համագործակցության միջազգային իրավական հիմքերին այն ժամանակ, երբ աշխարհը պետք է համախմբվի կորոնավիրուսի համավարակի պայքարի մեջ: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը դադարեցնում է հարաբերությունները ԱՀԿ-ի հետ, քանի որ կազմակերպությունը «հրաժարվել է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները»: Նրա խոսքով ՝ Միացյալ Նահանգները «այդ միջոցները կուղղի ամբողջ աշխարհին՝ անհապաղ առողջական կարիքների համար»:

«Այն ժամանակ, երբ աշխարհը պետք է համախմբի ջանքերը համաճարակի դեմ պայքարում, Վաշինգտոնը հարվածում է առողջապահության ոլորտում համագործակցության միջազգային իրավական հիմքերին»,- ասել է Զախարովան:

Նա հարց է ուղղել. «Ի՞նչ կարող է ԱՄՆ-ը փոխարենն առաջարկել աշխարհին»:

«Տխուր պատկերը, որը բացվել է ամերիկյան առողջապահական համակարգում համավարակի ժամանակ, Վաշինգտոնին հնարավորություն չի տալիս խոսել այս ոլորտում առաջնորդության մասին», – եզրափակել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: