Արթուր Թովմասյանը հանդիպել է «Սասնա Ծռեր»-ի արցախյան կառույցի ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը քաղաքական հանդիպումների շարք է սկսել Արցախում գործող կուսակցությունների և 2020 թվականին կայացած ԱՀ նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների հետ, որի նպատակը, ԱԺ նախագահի խոսքով, հանդուրժողականության, համերաշխության մթնոլորտ ստեղծելն է:

Ա. Թովմասյանը նշել է, որ Խորհրդարանի դռները բաց են խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր ուժերի առաջ, և ինքը պատրաստակամ է քննարկելու «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության տեսակետները:

«Ներկա դրությամբ Արցախի բնականոն զարգացումը հնարավոր է նաև անկախ պետականության պայմաններում՝ տեսլականում ունենալով այն գաղափարը, որն այս պահին առաջ է քաշում «Սասնա Ծռեր» կուսակցությունը: Մենք գտնում եմ, որ ցանկացած իշխանություն իր դաշտում պետք է ունենա ընդդիմություն: Բոլոր քաղաքակիրթ և ժողովրդավար երկրներում, որտեղ չկա ընդդիմություն, որևէ լուրջ հաջողություն արձանագրել հնարավոր չէ: Կարծում եմ, որ «Սասնա Ծռեր» կուսակցության հետ կարելի է ստեղծել օրակարգ, որը չի վնասի ո՛չ կուսակցության և ո՛չ էլ իշխանությունների շահերը: Անկախ քաղաքական հայացքներից՝ մենք պետք է լինենք միասնական և միակամ, որն էլ կլինի մեր ազգի հաղթանակը»,- «Արցախպրեսի» տեղեկացմամբ, մասնավորապես ասել է Ա. Թովմասյանը:

Խոսելով արցախյան հիմնախնդրի մասին՝ ԱԺ նախագահն ասել է, որ եթե այդ հարցում բոլորն ունենան նույն կարծիքը, ապա բոլոր մարտահրավերներին կարելի է դիմակայել շատ հեշտ:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Արցախի գրասենյակի ղեկավար Գագիկ Եսայանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ա. Թովմասյանին նման ձևաչափով հանդիպումներ կազմակերպելու համար և ասել է, որ ինքը լիահույս է, որ նոր Խորհրդարանն իր ուրույն դերն ու նշանակությունն է ունենալու Արցախի զարգացման գործում:

Գ. Եսայանը, անդրադառնալով Ա. Թովմասյանի կողմից առաջարկված օրակարգային երեք հարցերին՝ արցախյան հիմնախնդիր, Հայոց ցեղասպանություն և առաջնագծի անվտանգություն, ասել է, որ արցախյան հիմնախնդրի լուծման ուղու վերաբերյալ իր տեսակետը չի համապատասխանում առաջարկվող տարբերակներին: Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման գործում պետք է պահանջատիրական մոտեցում ցուցաբերել, ոչ թե աղերս ներկայացնել, իսկ առաջնագիծը, միանաշանակ, պետք է լինի անվտանգ: