Փաշինյանական իշխանությունը վարակի ներթափանցումը չկանխելուց հետո նպաստեց դրա հետագա տարածմանը

Դեպքերն ահագնորեն աճում են

Հայաստանում նոր կորոնավիրուսով հիվանդների քանակի ու մահվան դեպքերի աճի վերաբերյալ մեր կանխատեսումը, որն առկա փաստերի հիման վրա ու դրանց տրամաբանական հետևանքները նկատի ունենալով արել էինք մեր դեռ մայիսի 22-ի «Նոր կորոնավիրուսով հիվանդ ու խիստ ծանր վիճակում գտնվող բազմաթիվ անձանց շուտով բուժօգնության էլ չեն վերցնելու, մահերը կտրուկ ավելանալու են» վերտառությամբ վերլուծականում, ցավոք, սկսել է դառնալ իրականություն:

Նշելով, որ արդեն անցնում կամ անցել ենք COVID-19-ով հիվանդության հաստատված նոր դեպքերի 300-ի շեմը գերազանցող ցուցանիշների, հիշյալ հրապարակման մեջ կանխատեսել էինք, որ կարճ ժամանակից կանցնենք 400-ի, 500-ի շեմը գերազանցող ցուցանիշների արձանագրման և դրանցից էլ ավելի մեծ հիվանդության նոր դեպքեր ունենալու:

Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, մայիսի 28-ին ժամը 11-ի դրությամբ հաստատվել է COVID-19-ով հիվանդության 442 նոր դեպք, նոր կորոնավիրուսի հետևանքով մահվան 15 դեպք: Հիշենք, որ սա վերջին 3 օրում օրական 400-ի շեմը գերազանցող հաստատված նոր դեպքերի արդեն երկրորդ արձանագրումն է (նախորդը` մայիսի 25-ին հայտարարվածն է 452 դեպքի մասին):

Նոր կորոնավիրուսի համավարակի առնչությամբ ՀՀ իշխանությունների հանցավոր քաղաքականությունը, ներառյալ` տնտեսական գործունեության և քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի մինչ այդ եղած սահմանափակումները մայիսի 4-ից և մայիսի 18-ից գրեթե ամբողջությամբ վերացնելը, ինչպես նաև համապատասխան պահանջների կատարմանը պատշաճ չհետևելը, չէին կարող չհանգեցնել հիվանդության հաստատված նոր դեպքերի մեծ աճի (մեծ, քանի որ չպետք է անտեսել Հայաստանի բնակչության փոքր` 3 միլիոնը չգերազանցող թվաքանակը): Պարզապես պետք է նկատի ունենալ որ հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս վարակումից 4-ից մինչև հիմնականում 14 օրվա ընթացքում (առանձին դեպքերում` ավելի երկար), իսկ մինչ այդ եղած շրջանը COVID-19-ի ինկուբացիոն (գաղտնի) շրջանն է: Մայիսի 4-ին և 18-ին գումարելով վերոնշյալ 4-14 օր ժամանակահատվածը, կարելի է հասկանալ, թե ինչու ունենք հիվանդության դեպքերի ներկայիս քանակը:

Հիշեցնենք վերջին 11 օրվա (մայիսի 18-28-ը` ներառյալ) ընթացքում Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված պաշտոնական տեղեկատվությունը, մայիսի 18-ին` նոր կորոնավիրուսով հիվանդության 351 հաստատված նոր դեպք, մայիսի 19-ին` 218, մայիսի 20-ին` 230, մայիսի 21-ին` 335, մայիսի 22-ին` 322, մայիսի 23-ին` 374, մայիսի 24-ին` 359, մայիսի 25-ին` 452, մայիսի 26-ին` 289, մայիսի 27-ին` 372, մայիսի 28-ին` 442: Այսպիսով միայն վերջին 11 օրում COVID-19-ով հիվանդության հաստատված նոր դեպքերի քանակը կազմել է 3744, որը գրեթե կեսն է Հայաստանում մինչ մայիսի 28-ի ժամը 11-ը հաստատված նոր կորոնավիրուսով հիվանդության դեպքերի ընդհանուր քանակի (8216): Մի մոռացեք` դեպքերի վերոնշյալ քանակը փոքրաթիվ (2020թ. հունվարի 1-ի դրությամբ` 2 965 000, ապրիլի 1-ի դրությամբ ավելի քիչ`2 962 000) բնակչություն ունեցող Հայաստանի Հանրապետությունում է…

Նույն ժամանակաընթացքում (մայիսի 18-28-ը` ներառյալ) ՀՀ-ում COVID-19-ի հետևանքով մահվան դեպքերի քանակը, ըստ պաշտոնական տեղեկատվության, կազմել է 52. մայիսի 18-ին արձանագրվել է մահվան 1 դեպք, մայիսի 19-ին` 3, մայիսի 20-ին` 3, մայիսի 21-ին` 3, մայիսի 22-ին` 4, մայիսի 23-ին` 3, մայիսի 24-ին` 3, մայիսի 25-ին` 6, մայիսի 26-ին` 4, մայիսի 27-ին` 7, մայիսի 28-ին` 15 դեպք: Այսինքն` ընդամենը 11 օրում գրանցված մահվան դեպքերի վերոնշյալ քանակը (52) համաճարակի (հետո արդեն` համավարակի) սկզբից մինչ այժմ ՀՀ-ում գրանցված մահվան դեպքերի ընդհանուր քանակի (113) դարձյալ մոտ կեսն է:

Վերոնշյալ իրավիճակն ուղղակի հետևանքն է ՀՀ ներկայիս իշխանությունների հանցավոր քաղաքականության` որոշակի հայտարարությունների, գործողությունների, իսկ մի շարք անհրաժեշտ դեպքերում հանցավոր անգործության:

Ինչպես արդեն նշել ենք այս թեմայով մեր նախորդ հրապարակումներում (դրանց վերնագրերն ակտիվ հղումներով զետեղված են այս վերլուծականի վերջում), ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը «Կորոնավիրուսը ում շունն ա, որ մի հատ էլ մեր կյանքում ինչ-որ պրոբլեմներ առաջացնի», «Քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա» և նմանաբնույթ այլ հայտարարություններով նախևառաջ հոգեբանորեն բթացրին մեր հասարակության մեծամասնության վտանգի զգացողությունը, նրան դրդեցին, չնայած առկա սպառնալիքներին, դրսևորել անզգույշ ու ծանր հետևանքներով հղի վարք:

Այլ գործողություններով և անգործության դրսևորումներով պարետատունը, ՀՀ իշխանությունները նպաստեցին վարակի հետագա տարածմանը: Տնտեսական գործունեության և քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի մինչ այդ եղած սահմանափակումները մայիսի 4-ից և մայիսի 18-ից գրեթե ամբողջությամբ վերացնելը վարակի տարածման և հիվանդության հաստատված նոր դեպքերի մեծ աճի հզոր խթան եղավ, մանավա՛նդ, հասարակության մեծամասնության կողմից համապատասխան պահանջների կատարմանը պատշաճ չհետևելու պարագայում, ինչը լիովին կանխատեսելի էր, Նիկոլ Փաշինյանն ու պարետ, ՀՀ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանն ուղղակի պարտավոր էին կանխատեսլ դա, և, կարծում եմ, շատ լավ էլ կանխատեսել էին…

Ավելին` Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ կատարել են հայտարարություններ ու գործողություններ, որոնք հասարակության մեծ մասին դրդել են շնչադիմակներ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջները կատարելուց հրաժարվել: Նրանց անթույլատրելի վարքի վերջին և սկանդալային դրսևորումներից մեկն օրերս արձանագրվեց Արցախում, որտեղ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը, ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ կոպտորեն խախտել են սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջը` չնայած նշված հեռավորությունը պահպանելու առավել մեծ անհրաժեշտությանը, քանի որ կերուխումի սեղանի շուրջ, սնվելու հանգամանքը նկատի ունենալով, այսինքն` օբյեկտիվ պատճառով, առանց շնչադիմակների էին:

ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում օրերս տեսաուղերձի միջոցով անդրադառնալով բարձրաստիճանների` արդարացի քննադատությունների արժանացած վերոնշյալ վարքն արձանագրած լուսանկարին, ասել է. «Լուսանկարն արված է Արցախի Հանրապետությունում, որտեղ գործում է իրավական այլ ռեժիմ՝ սահմանված պարետի կողմից, ինչպես նաև կա իրավիճակի կտրուկ տարբերություն. պարետի որոշումները, թվերն Արցախում և Հայաստանում բավականին տարբեր են, և կարող եմ ասել, որ այն լուսանկարը, որն այսօր շրջանառվում է համացանցում, արված է բաց տարածքում, արված է Արցախի Հանրապետությունում գործող կանոնների, կարգի, օրենքին համապատասխան»:

«Դասիս ֆանտաստիշ»… Կարծում էի, թե Հայաստանում գերագույն գլխավոր մանիպուլյատորն ու դեմագոգը Նիկոլ Փաշինյանն է, բայց, պարզվում է, կա մեկը, որը հավակնում է նրանից այդ տիտղոսը խլել, համենայն դեպս, Փաշինյանից հետ չմնալ: Այո, ընդունենք, որ Ալեն Սիմոնյանն այս հարցում չի ստում և իրավական առումով ճիշտ է ասում` Փաշինյանը և այլք նոր կորոնավիրուսի առնչությամբ Արցախի Հանրապետությունում գործող կանոնների, կարգի, օրենքի խախտում թույլ չեն տվել: Բայց մի՞ թե նոր կորոնավիրուսը բանականություն ունի և մարդուն վարակելուց առաջ կողմնորոշվում է և վարակում միայն խախտում թույլ տվածներին…

ՀՀ բարձրաստիճանները ԱՀ-ում գործող կանոնների, կարգի, օրենքի խախտում թույլ չեն տվել, բայց թույլ են տվել համավարակի պայմաններում անվտանգության պահանջների կոպիտ խախտում: Այո, ընդունենք, որ Արցախի Հանրապետությունում այնտեղի պարետի կողմից սահմանված իրավական այլ ռեժիմ է գործում, որովհետև, ինպես Ալեն Սիմոնյանն ինքն է ասում, կա իրավիճակի կտրուկ տարբերություն. թվերն Արցախում և Հայաստանում բավականին տարբեր են: Բայց չէ՞ որ ՀՀ-ից այնտեղ գնացած Փաշինյանը և կերուխումի հայաստանյան այլ մասնակիցներ ոչ թե Մարսից կամ Արցախից էին, այլ ՀՀ-ից, Արցախ էին գնացել Հայաստանից, ուր COVID-19-ով հիվանդության հաստատված դեպքերի քանակը, հակառակը, շատ բարձր է` նկատի ունենալով ՀՀ բնակչության թվաքանակը:

Վերը շարադրվածը նշանակում է, որ սոցիալական հեռավորություն չպահպանելով, մանավա՛նդ, լինելով առանց շնչադիմակի, Փաշինյանը կամ նրա հայաստանյան պատվիրակության անդամներից թեկուզ մեկնումեկը, վարակված լինելու պարագայում, հեշտությամբ կարող էր վարակել մյուսներին, նրանց թվում նաև` սեղանի շուրջ գտնվող Արցախի Հանրապետության ղեկավարությանը և հոգևոր առաջնորդին` մեր բոլորի սիրելի Պարգև սրբազանին: Ի՞նչ է, վիրուսն այդ ժամանակ, հաշվի առնելով, որ ոչ թե ՀՀ-ում, այլ Արցախում է գտնվում, ուր այլ կանոններ, կարգ, օրենք է գործում, արգելակելո՞ւ էր իր ընթացքը, խնայելո՞ւ էր սեղանի շուրջ գտնվողներին… Պատկերացնո՞ւմ եք, չէ՞, թե մառազմն ուր է հասել և ովքեր են մեզ ղեկավարում, պատկերացնո՞ւմ եք, չէ՞, թե ինչ է լինելու մեր վիճակը, եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի:

Դե հիմա թող Փաշինյանն ասի, թե Հայաստանում մարդիկ ինչպե՞ս են հավատալու իրեն և պահպանելու սոցիալական հեռավորություն, ինչը, իրոք, խիստ անհրաժեշտ է, ինչպես և շնչադիմակների օգտագործումը: Պահանջներ, որոնց կատարմանը եթե հասարակությունն ամբողջությամբ հետևի, միգուցե դեո հնարավոր լինի խուսափել աղետից:

Արթուր Հովհաննիսյան