Նոր կորոնավիրուսով հիվանդ ու խիստ ծանր վիճակում գտնվող բազմաթիվ անձանց շուտով բուժօգնության էլ չեն վերցնելու, մահերը կտրուկ ավելանալու են

Եվ սա` փաշինյանական իշխանության հանցավոր քաղաքականության հետևանքով

Երեկ մեր «Հայաստանում ահավոր վիճակ է, ով ապրեց` ապրեց, ով մեռավ` մեռավ» վերտառությամբ հրապարակումը սկսել էինք մի հռետորական հարցադրմամբ, որի պատասխանն այդպես էլ չստացանք: Իսկ հարցադրումը` հետևյալն էր` Հայաստանից բացի, աշխարհում արդյոք կա՞ որևէ այլ երկիր, որտեղ երբ նոր կորոնավիրուսով (SARS-CoV-2-ով) վարակվածության և COVID-19-ով հիվանդության դեպքերի աճ է գրանցվում, քաղաքացիների ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության եղած սահմանափակումները խստացնելու կամ գոնե նույնությամբ պահպանելու փոխարեն, դրանք մեղմացնում և վերացնում են:

Խոսքը յուրաքանչյուր նախորդ շաբաթվա համեմատ COVID-19-ով հիվանդության նոր դեպքերի աճի մասին է: Հավելենք նաև, որ եթե նույնիսկ այդպիսի 1-2 երկիր կա, ապա սահմանափակումների մեղմացումը, վերացումն անպայման պետք է ուղեկցված լինի դրանց հետևանք հանդիսացող վարակման ու հիվանդության նոր դեպքերի աճով:

Մեր հիշյալ և այլ վերլուծականներում փաստել ենք նաև, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նրա գլխավորած կառավարության, ՀՀ արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գործողությունների, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանի հայտարարություևների և հանցավոր անգործության հետևանքով է Հայաստանում առաջացել ներկայիս ծանր ու խիստ վտանգավոր իրավիճակը:

Վերը նշվածի դրսևորումներից մեկն էլ այն է, որ մայիսի 4-ից (տես` https://covid19.gov.am/hy/sub/news280)  և 18-ից (տես` https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/3085209688206794) հիշյալ սահմանափակումները մեղմելու և վերացնելու հետևանքով մենք արդեն իսկ ունենք COVID-19-ով հիվանդության նոր դեպքերի աճ. մայիսի 16-ի ժամը 11-ի դրությամբ հայտարարված նշված հիվանդության նոր դեպքերը, ըստ Կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակում և Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված պաշտոնական տեղեկությունների, մեր երկրում առաջին անգամ գերազանցեցին 200-ի շեմը, հայտարարվեց 239 նոր դեպքի մասին, մայիսի 17-ին` 189, մայիսի 18-ին` նույնիսկ 351, մայիսի 19-ին` 218, մայիսի 20-ին` 230, մայիսի 21-ին` 335:

Մայիսի 4-ից և 18-ից հայտնի սահմանափակումներն անթույլատրելիորեն մեղմելու և վերացնելու, միաժամանակ կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը ոչ թե ուժեղացնելու, այլ գրեթե չիրականացնելու հետևանքով հիվանդության նոր դեպքերի աճի վերաբերյալ մեր կանխատեսումը հենց այսօր իր հերթական ապացույցը ստացացավ: Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն,  մայիսի 22-ի ժամը 11-ի դրությամբ «Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 322 նոր դեպք, ապաքինվել է ևս 293 մարդ: Արձանագրվել է մահվան 4 դեպք»: Սա նշանակում է, որ մենք արդեն անցնում կամ անցել ենք COVID-19-ով հիվանդության նոր դեպքերի 300-ի շեմը գերազանցող ցուցանիշների: Կարճ ժամանակից կանցնենք 400-ի, 500-ի շեմը գերազանցող ցուցանիշների արձանագրման և դրանցից էլ ավելի մեծ հիվանդության նոր դեպքեր ունենալու: Հիշեք սա:

Վերոնշյալն ինչ հետևանք է ունենալո՞ւ… ՀՀ իշխանությունների հանցավոր քաղաքականության, գործողությունների և անգործության հետևանքով շատ մոտ ապագայում շարունակվելու է ոչ միայն հիվանդության նոր դեպքերի աճը, այլ նաև հիվանդության ծանր ու խիստ ծանր ընթացքով դեպքերի քանակն է աճելու, ընդ որում, այնքան, որ COVID-19-ով ծանր ու խիստ ծանր հիվանդների համար վերակենդանացման բաժանմունքներում այլևս տեղ չի լինելու, թոքերի արհեստական օդափոխության սարքերը պարզապես չեն բավարարելու նրանց, ինչի հետևանքով կտրուկ ավելանալու է մահվան դեպքերի քանակը:

Այս թեմայով մեր նախորդ վերլուծականի հրապարակումից հետո զոմբիների, տգետների, իշխանապաշտ ֆեյքերի, «Ֆեյքերի ֆաբրիկայի» աշխատակիցների, բանսարկուների, զրպարտիչների, Ֆեյսբուքում հաբռգածների գրեթե ողջ բանակն իրար էր անցել` տողերիս հեղինակին և LIVEnews.am կայքին անհիմն կերպով, զրպարտչորեն մեղադրելով կեղծ տեղեկություններ տարածելու, խուճապ առաջացնելու և այլնի մեջ (նրանցից մի քանիսը դեռ չի պատկերացնում, որ ստիպված է լինելու դատարանում պատասխան տալ իր վիրավորական գրառումների, հայհոյանքի, զրպարտության համար): Վերոնշյալ փաստի վրա ևս մեկ անգամ հրավիրելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուշադրությունը, արձանագրենք, որ հիշյալ անձինք անտեսում են նույնիսկ իրենց սիրելի իշխանության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մինչ այդ արած հայտարարությունները, հայտնած տեղեկությունները: Ի լրումն դրանց, Արսեն Թորոսյանն այսօր` մայիսի 22-ին, Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի հարցին, ասել է, որ, հնարավոր է, կորոնավիրուսով հիվանդների բուժման խորը սորտավորման անցում լինի։

«Խորը սորտավորում պատերազմի ժամանակ է նաև արվում, երբ այն պացիենտներին են հիմնականում վերցնում բուժման, որոնք որ շանս ունեն փրկվելու, և հակառակը,- ասել է Թորոսյանը:- Չի բացառվում, որ նույնիսկ այս տեմպի պահպանման ժամանակ մենք մոտ օրերը դրան գնանք, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ դրան չգնանք, նոր մահճակալներ ենք ներառում և այլն»։

Սա նշանակում է, որ COVID-19-ով հիվանդ ու խիստ ծանր վիճակում գտնվող բազմաթիվ անձինք բուժման չվերցվելով, բուժօգնություն չստանալով, պարզապես մահանալու են, այսինքն` մահվան դեպքերի կտրուկ աճն անխուսափելի է, քանի որ  իշխանությունների վարած հանցավոր քաղաքականության հետևանքով հիվանդության նոր դեպքերի աճի ներկայիս տեմպերը, ինչպես նշեցինք, չեն պահպանվելու, շուտով արձանագրվելու են հիվանդության նոր դեպքերի օրական 400-ի շեմը գերազանցող ցուցանիշներ: «Չի բացառվում» զգուշավոր արտահայտությամբ Թորոսյանը պարզապես փորձում է հասարակությանը նախապատրաստել դրան:

Ինչ վերաբերվում է նրան, թե «…մենք ամեն ինչ անում ենք, որ դրան չգնանք, նոր մահճակալներ ենք ներառում և այլն», ապա սուտ է, թե իշխանություններն ամեն ինչ անում են, որ դրան չգնան, սահմանափակումները մեղմելը, վերացնելը, ավելին` այդ պայմաններում պատշաճ վերահսկողություն չապահովելը վկայում է ճիշտ հակառակի մասին, նոր մահճակալներ ավելացնելը և մի քանի այլ գործողություններ բավարար չեն այդ աղետից խուսափելու համար:

Ինչպես նշել ենք, սահմանափակումները մեղմացնում և վերացնում են այն երկրներում, որտեղ նոր կորոնավիրուսով վարակվածության, հիվանդության նոր դեպքերի նվազում է արձանագրվում, թեև նույնիսկ այդ դեպքում սահմանափակումներից որոշների առումով կատարելով այդ քայլերը, մի շարք երկրներ սխալ են վարվում, ինչն առաջիկայում ունենալու է իր, մեղմ ասած, տխուր հետևանքները: ԱՄՆ-ում վերջին շրջանում արձանագրվում է COVID-19-ով հիվանդության ու մահվան դեպքերի մեծ նվազում, այդ մասին նույնիսկ Թրամփն է ուրախությամբ ու հպարտությամբ հայտարարել, բայց նույնիսկ այդ պարագայում, ինչպես տեղեկացրեց ծանոթներիցս մեկը, որի ավագ դուստրն այնտեղ է բնակվում, ԱՄՆ-ում մարդիկ շարունակում են կրել շնչադիմակներ, պահպանում են սոցիալական հեռավորությունը, իրար տուն գնում են ոչ թե հասարակական տրանսպորտով, այլ բոլորն իրենց ավտոմեքենաներով, ռեստորանները չեն աշխատում:

Հայաստանում, որտեղ վերջին շաբաթում հիվանդության նոր դեպքերի քանակը նախորդ ժամանակահատվածի ցանկացած շաբաթվա համեմատ էապես աճել է, ճիշտ հակառակ պատկերն է` հասարակական տրանսպորտի աշխատանքը թույլատրված է, մարդիկ օգտվում են դրանցից, թե ուղևորների, թե, ընդհանրապես, դրսում գտնվողների, խանութներից և այլ վայրերից գնումներ կատարողների մեծ մասը շնչադիմակներ չի կրում, չի պահպանում սոցիալական հեռավորությունը, բարերը, պանդոկները, սրճարանները և ռեստորանները գործում են` ծառայություններ մատուցելով  թե բաց, թե փակ տարածքներում, իհարկե, առանց «Տիտանիկ» ֆիլմի հայտնի երաժշտությունը միացնելու: Դե, իհարկե, ի՞նչ կարիք կա իրենց հաճույքը վայելողներին վախեցնելու, կարևորը փող աշխատելն է, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողների և իշխանությունների համար էլ` իրենց դեմ Հայաստանի բնակչության ըմբոստությանը տեղիք չտալը:

Արթուր Հովհաննիսյան