Արայիկ Հարությունյանը դիմորդների ծնողներին կոչ արեց չայցելել քննական կենտրոններ (տեսանյութ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը դիմորդների ծնողներին կոչ արեց պահել կորոնավիրուսի հակամաճարակային կանոնները և չայցելել ընդունելության քննությունների քննական կենտրոններ: Այս մասին նախարարն ասաց Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանի հարցին:

«Ընդունելության քննությունները առցանց չեն լինելու, անցկացվելու են քննական կենտրոններում: Ավելացրել ենք քննական կենտրոնների քանակը, որպեսզի պարետատան ու Առողջապահության նախարարության պահանջների տրամաբանության մեջ մնանք: Հիմա գնվում են դիմակներ, ախտահանման միջոցներ: Կխնդրեմ, որպեսզի ծնողները զերծ մնան այցելել քննական կենտրոններ, որպեսզի կուտակումներ չունենանք: Որքան քիչ մարդ ուղեկցի մեր դիմորդներին, այնքան ավելի հավանական է, որ անվտանգ կիրականացնենք բոլոր միջոցառումները»,- ասաց Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը հավելեց, որ ընդունելության քննության ընթացակարգերին ու համալսարաններին կարելի է ծանոթանալ Dimord.am կայքի միջոցով:

Մանրամասները՝ տեսանյութում