Լիբիայում խոստանում են ոչնչացնել ամենայն թուրքականը և բոլոր թուրքերին

Թուրքիան դիմել է մեծ և, միևնույն ժամանակ, կասկածելի ռիսկի. ըստ երևույթին, թուրքերը ջանասիրաբար ցանկանում են ձեռք բերել ևս մեկ ռազմական խնդիր՝ բացի այն խնդրից, որ Անկարան ստացել է Սիրիայում: Ձմռանը մենք գրել ենք, որ թուրքերը Լիբիայում բազմաքայլ «խաղ» են սկսել, չնայած, իրականում, Անկարային պետք է ոչ թե լիբիական նավթը, այլ հատուկ իրավունքներ Միջերկրական ծովի շելֆում (ծանծաղուտներ): Հարցը ծովային շելֆում գազի արդյունահանումն է, և այստեղ Թուրքիան լուրջ մրցակիցներ ունի, ընդ որում՝ ոչ միայն Հունաստանը, Կիպրոսը և Իսրայելը, այլև Իտալիան, իսկ Իտալիան Լիբիայի նախկին մետրոպոլիսն (գաղութատեր) է: Սակայն, դժբախտ Լիբիան պառակտված է. այն այլևս միասնական երկիր չէ: Տրիպոլիում նստած է թուրքամետ խամաճիկ՝ ոմն Ֆաիզ Սարաջ և նրա «Ազգային համաձայնության կառավարությունը» (ԱՀԿ), Բենգազիում՝ ֆելդմարշալ Խալիֆա Բելքասիմ Հաֆթար և նրա ենթակայության տակ գտնվող Լիբիայի ազգային բանակը (ԼԱԲ): Մենք արդեն գրել էինք, որ Լիբիայում Սարաջի և ֆելդմարշալ Հաֆթարի միջև հակամարտության պատճառով Թուրքիան ստացել է նոր թշնամի՝ Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ):

Լիբիայում մարտերը ընթացել և ընթանում են փոփոխական հաջողություններով: Մեկ իրավիճակը ավելի լավ է Թուրքիայի կողմնակիցների համար, մեկ էլ՝ ֆելդմարշալ Հաֆթարի: Համաձայն եվրոպական մամուլի՝ ոչ միայն ԱՄԷ-ն են դեմ Թուրքիայի ուժեղացմանը Լիբիայում, այլև Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան և Եգիպտոսը, որտեղ ֆելդմարշալ Հաֆթարը գտել է իրեն անհրաժեշտ աջակցությունը: Սա ուղղակի չի շեշտվում, բայց երբ տեղեկություն է ստացվել, որ ԱՄԷ-ն պատրաստվում է խափանել թուրքական ծրագրերը, անուղղակիորեն ակնարկվում է, որ Սիրիայի ղեկավարությունը նույնպես պատրաստ է միանալ ֆելդմարշալի կողմնակիցներին: Դե, եթե Սիրիա, ապա, ըստ երևույթին, «մերձակայքում», կարելի է ակնկալել նաև Իրանի ռազմավարական հետքերը: Այնուամենայնիվ, որևէ ապացույց չկա այն մասին, որ Իրանը ցանկանում է օգնել Հաֆթարին: Փոխարենը կան անուղղակի ապացույցներ, որ ֆելդմարշալին սկսել է գաղտնի օգնություն ցուցաբերել նաև Չինաստանը: Իր հերթին, հաշվի առնելով վերջին զեկույցները, կարելի է ենթադրել, որ Սարաջի և Թուրքիայի կողմից գաղտնի «խաղի մեջ են» ԱՄՆ և Իսրայելը:

Եվ ահա Լիբիայի հետ կապված ամենաթարմ ինտրիգը: Տրիպոլին գրավելու անհաջող փորձերից հետո Հաֆթարը որոշել է դադար տալ: Նա հայտարարել է միակողմանի հրադադարի մասին՝ իր որոշումը մոտիվացնելով նրանով, որ Ռամադանը Սուրբ ամիսն էր (մահմեդականների համար), և առաջարկել էր իր հակառակորդներին իր պես վարվել: Ըստ երևույթին, իսլամական ավանդույթի նկատմամբ իր հարգանքը ցուցաբերելուց բացի, Հաֆթարը հետապնդում էր ԼԱԲ-ի իր հարձակողական ստորաբաժանումներն ու կազմավորումները վերակազմավորելու նպատակը, ինչպես նաև ցանկանում էր հանգիստ տալ իր զինվորներին և սպաներին: Սակայն թուրքերը այլ կերպ էին մտածում: Նրանք ահաբեկիչներին Սիրիայից տեղափոխել են Լիբիա: Գրում էին, որ Անկարան 18-20 հազարից ոչ պակաս մարդ Սիրիայից արտահանել է Հյուսիսային Աֆրիկա՝ Սարաջին օգնելու համար: Եվ հանկարծ, երբ մայիսի 20-ին ԼԱԲ հրամանատարությունը հայտարարել է Լիբիայի մայրաքաղաքի երկայնքով ռազմաճակատից իր զորքերի միակողմանի հետքաշման մասին, 2-3 կմ՝ որպես բարի կամքի նշան, նախքան Ռամադանի Սուրբ ամսվա ավարտը (մայիսի 23) ​​և տոնակատարությունների սկիզբը՝ Էիդ ալ-Ֆիտր (Ուրեզա-բայրամ), թուրքական ավիացիան մայիսի 21-ին մի շարք օդային հարվածներ է հասցրել ֆելդմարշալ Հաֆթարի զորքերի դիրքերին: Արդյունքում, Հաֆթարի զորքերը կորցրել են Տրիպոլիից հարավ գտնվող «Ալ-Վաթիա» ավիաբազայի վերահսկողությունը՝ շտապ թողնելով այն ԱՀԿ-ի կազմավորումների ճնշման տակ (իսկ դա մեծամասամբ նաև Սիրիայից տեղափոխված ահաբեկիչներն են)՝ Սարաջի գլխավորությամբ: Այն, որ օգտագործվել էր թուրքական ավիացիան, ոչ թե առասպելական «Սարաջի կառավարության ՌՕՈՒ»-ն, վկայում է, որ Հաֆթարի զորքերը, այնուամենայնիվ, խոցել են տասնյակ թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և ցույց տվել դրանց մնացորդները: Եվ այդ ժամանակ, ըստ ամենայնի, թուրքերը որոշել են իրենց օդուժը օգտագործել կեղծ «ցուցանակի» տակ (իբր, «Սարաջի կառավարության ՌՕՈՒ է»): Դժվար է ասել, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, բայց հայտնի է, որ Հաֆթարի զորքերը այնքան հապճեպ էին նահանջում, որ կորցրել են ռուսական «Պանցիր» համալիրներից մեկը, որը ահաբեկիչները ցուցադրել են Սարաջին:

Այն, որ թուրքերը լկտի են, ամբողջ աշխարհը գիտի: Հաֆթարն առաջարկում է զինադադարի հաստատում՝ համաձայն մահմեդական դարավոր ավանդույթների: Իսկ Թուրքիան վարվել է նույնքան ստորաբար, ինչպես, ի դեպ, թուրք-իրանական բազմաթիվ պատերազմներից մեկի ժամանակ: Բայց հիմա ուշ միջնադարյան պատմության ժամանակը չէ. 2020-ի իրադարձությունները ոչ պակաս դրամատիկ են, թեկուզ և Լիբիայում կամ, օրինակ, Սիրիայում: Իհարկե, ֆելդմարշալի զորքերի հրամանատարությունը պարզել է, որ մայիսի 21-ի իրադարձություններն ամբողջովին Թուրքիայի ձեռքի գործն են, որը պաշտպանել է իր խամաճիկ Սարաջին: Եվ այդ ժամանակ Հաֆթարը փաստացի պատերազմ է հայտարարել թուրքերին: «Մոտակա ժամերի ընթացքում դուք ականատես կլինեք Լիբիայի պատմության մեջ ամենամեծ օդային արշավին»,- ասվում է մայիսի 21-ին ԼԱԲ ՌՕՈՒ հրամանատար Սակրա ալ-Ջարուշիի տարածած գրավոր հայտարարության մեջ: «Թուրքիայի բոլոր դիրքերն ու շահերը բոլոր (լիբիական) քաղաքներում հանդիսանում են մեր ինքնաթիռների օրինական թիրախներ, և մենք կոչ ենք անում քաղաքացիական բնակչությանը՝ հեռու մնալ դրանցից»: Ըստ տեղական աղբյուրների տվյալների՝ Սիրիայի ռուսական «Խմեյմիմ» ավիաբազայից ավելի վաղ առնվազն 8 «խորհրդային արտադրության» ինքնաթիռներ են ժամանել Լիբիայի արևելք, որը վերահսկվում է ԼԱԲ-ի կողմից: ԱՀԿ-ի ներկայացուցիչները արևմտյան գործակալությունների հետ փոխանակվում են տեղեկություններով այն մասին, որ իբր 6 ՄիԳ-29 կործանիչ և երկու Սու-24 ռմբակոծիչներ թռել են «Խմեյիմից»՝ երկու ռուսական բազմանպատակ Սու-35 կործանիչների ուղեկցությամբ: Այս տեղեկության պաշտոնական հաստատում չկա:

Այնուամենայնիվ, ըստ երևույթին, թուրքերը ինչ-որ բանից վախեցել են: Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Կալինը մայիսի 21-ին նախազգուշացրել է, որ Անկարան «ամենադժվար ձևով» կպատասխանի թուրքական ուժերի դեմ Լիբիայի ցանկացած հարձակմանը։ Ըստ նրա խոսքերի՝ հյուսիսաֆրիկյան երկրում գտնվող թուրք զինվորականները պատրաստ են ինքնապաշտպանության՝ օգտագործելով մարտական ​​ԱԹՍ և նավեր, որոնք տեղակայված են Տրիպոլիի մերձակայքում: ԼԱԲ-ի հասցեին նման նախազգուշացումներ է արել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Համի Աքսոյը: Աքսոյը նաև նշել է, որ Անկարայի դեմ ուղղված սպառնալիքներն սկսել են հնչել Հաֆթարի կողմից «օտար երկրներից մեկի միջոցով Լիբիայի արևելք ավիացիոն սարքավորումների տեղափոխումից հետո»: Խոսելով այդ մասին՝ Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը, ինչպես կարելի է հասկանալ, նկատի ուներ Ռուսաստանին: Մյուս կողմից, հայտնի է, որ մայիսի 18-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսային զրույցի ժամանակ քննարկել են Լիբիայում տիրող իրավիճակը և այս երկրում դեէսկալացման ուղիները: Եվ հայտնի է, որ խոսակցությունը տեղի է ունեցել Անկարայի նախաձեռնությամբ: Ստացվում է, որ Ռուսաստանը և Թուրքիան «համաձայնության չեն եկել» Լիբիայի վերաբերյալ, հակառակ դեպքում Սարաջն ու թուրքամետ ահաբեկիչները չէին հարձակվի Հաֆթարի զորքերի դիրքերի վրա, իսկ ռուսական արտադրության ՄիԳ և Սու ինքնաթիռները Սիրիայից Լիբիա չէին տեղափոխվի: Այսպիսով, սպասենք՝ ԼԱԲ ավիացիան արդեն հարվածեց…

Սերգեյ Շաքարյանց