Ինչո՞ւ քրեական գործեր չեն հարուցվել Միքայել Մինասյանի տեսանյութերի հիման վրա (տեսանյութ)

Վատիկանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում սույն թվականի մայիս 2-ից հանդես է գալիս «Ստի վերջը» տեսաշարով, որում անդրադարձ է կատարում և բացահայտում մի շարք ուշագրավ փաստեր ներկայիս իշխանության և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավորների կատարած գործունեության վերաբերյալ։ Այսօր արդեն հրապարակվել է շուրջ 6 տեսանյութ, բայց իշխանությունը՝ ի դեմս «թափանցիկ» գործող Նիկոլ Փաշինյանի, դեռևս լուռ է, լուռ են նաև իրավապահ մարմիններն և ոչ մի անդրադարձ, հերքում չեն կատարում վերոնշյալ տեսանյութերի և դրանցում առկա ուշագրավ փաստերի վերաբերյալ։ Սկսենք սկզբից։

Մայիսի 2-ին իր առաջին տեսանյութով՝ «Ես, Վանեցյանը և Փաշինյանը․ մերժված առաջարկ» խորագրով, Միքայել Մինասյանը բացահայտեց այն իրողությունը, որի մասին դեռ սույն թվականի փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Տեսանյութում Մ․ Մինասյանը պատմում է, որ 2019 թ․փետրվարին այն ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի նախաձեռնությամբ, որպես Նիկոլ Փաշինյանի սուրհանդակ՝ Վանեցյանը հանդիպել է իր հետ Հռոմի հյուրանոցներից մեկի սրճարանում, և Փաշինյանը Վանեցյանի միջոցով առաջարկել է իրեն սիմվոլիկ գումար վճարել պետությանը՝ ինչ-որ X հիմնադրամի, դուրս գալ քաղաքական դաշտից ու որոշ ժամանակ Հայաստան չվերադառնալ, բացի դրանից, իր հետ առնչվող անհատներին հրահանգել, որ դադարեն Փաշինյանի դեմ պայքարել։ Միքայել Միանսյանը մերժել է այդ առաջարկը, ինչի արդյունքում էլ ունենք այն, ինչ ունենք այսօր՝ շինծու քրեական գործեր, մեղադրանքներ, հետախուզումներ թե իր, թե իր մտերիմների հանդեպ։

Այս առաջին տեսանյութի առնչությամբ նկատենք, որ չնայած վարչապետի կողմից որևէ հերքում չհնչեց, բայց, այնուամենայնիվ, մայիսի 7-ին Արթուր Վանեցյանը հրավիրվեց ՀՔԾ՝ Միքայել Մինասյանի վերոնշյալ հայտարարության համար, և ինչպես հետագա տեսանյութում Միքայել Մինասյանն է ասում՝ Մինասյանի վրա «կարվեց» սուտ մատնության վերաբերյալ քրեական գործ։

Մի քանի օր անց հրապարակվեց «Ստի վերջը» տեսաշարի հաջորդ՝ «Այն մասին, թե «Սերժի վախտ խի չէիր խոսում», և ոչ միայն» տեսանյութը, որում Մինասյանը անդրադառնում է ոչ միայն իր և իր մերձավորների հանդեպ հետապնդումներին, այլև այն հանգամանքին, թե ինչու հանդիպման մասին այն ժամանակ չի բարձրաձայնել․ «Ես ուզում եմ, որ այստեղ հստակ ֆիքսենք մի կարևոր բան․ Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտը հիմա պատրաստ է լսել իրականությունը, այն ժամանակ մարդիկ պատրաստ չէին կամ չէին հավատում, որ այդ աստիճանի ստախոսը կարող է զբաղեցնել այդքան բարձր պաշտոն։ Դժվար է ընդունել, ես գիտեմ, փաստը, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը շարքային ստախոս է»։

Հերթական տեսանյութից հետո կրկին «0» արձագանք վարչապետի կողմից։

Ապրիլի 29-ին լրատվամիջոցները հրապարակեցին տեղեկատվություն, որի համաձայն ապրիլի 25-ին՝ արտակարգ դրության պայմաններում, ՌԴ ԱԴԾ աշխատակիցները, մաքսային ծառայության հետ միասին, Կրասնոդարի օդանավակայանում կալանավորել են մաքսանենգ ծխախոտի 40 տոննա ընդհանուր քաշով խմբաքանակ: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 2700 տուփ տարբեր ապրանքանիշների ծխախոտ՝ հայկական ակցիզով:

Միքայել Մինասյանը իր հաջորդ՝ «Ստի վերջը 3․ Պոպուլիզմ ու թալան․ պետական օլիգարխն ու մի ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտ» տեսանյութով անդրադառնում է մաքսանենգ ծխախոտի բեռով Ռուսաստանում կալանավորված օդանավի թեմային: Նրա համոզմամբ՝ այդ պատճառով հիմա Ազգային անվտանգության ծառայությունում ներկայում կադրային զտումներ են: «Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ իր իշխանությանը մնացել է շատ քիչ, փորձում է այնպիսի կարողություն դիզել, որն իրեն թույլ կտա պահպանել կյանքի բարձր որակը իշխանությունը կորցնելուց հետո, և դրա համար Հայաստանը ներքաշել է մի այնպիսի միջազգային մաֆիոզական համակարգի մեջ, որն ուղղակի խփում է Հայաստանի հեղինակությանը և աղմուկը դեռ շատ երկար կլսենք», – ասել է նա: Միքայել Մինասյանի հավաստմամբ՝ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արեցին, որ այդ պատմությունը «ծածկադմփոց անեն»: Նրա պնդմամբ՝ օպերատիվ տվյալներ կան, որ Նիկոլ Փաշինյանն ուղիղ կապ ունի այս պատմության հետ, իսկ դրան առնչություն ունեն նաև Սիփան Փաշինյանը, Հրաչյա Հակոբյանը, Աննա Հակոբյանն ու ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը: «ԱԱԾ-ում այսօր ջարդ է, ավելի քան 20 բարձրաստիճան սպա, որոնք չգիտեն, որ իրենք բացի ռեպրեսիաներից՝ նաև պետք է սպասարկեն Նիկոլ Փաշինյանի ընտանեկան բիզնեսները, դիմումները գրում են և հիմա նաև ուրիշ գործերով ենթարկվում են քրեական հետապնդումների»,- պնդում է Միքայել Մինասյանը: Նույն տեսանյութում Մինասյանը փաստում է նաև, որ Նիկոլ Փաշինյանը պոպուլիստ չէ, ներկայացնում է իր տեսակետի վերլուծությունը և պնդում, որ նա պետական օլիգարխ է:

Մի քանի օր անց հրապարակվում է Ստի վերջը 4՝ «Ռեժիմի վերջին հույսն ու Հայաստանը նոր՝ ադամանդային սկանդալի նախաշեմին» հերթական տեսաուղերձը, որում հերթական բացահայտումն է կատարվում Նիկոլ Փաշինյանի և իր ընտանիքի հերթական ապօրինի բիզնեսի՝ ադամանդագործության մասին։ Նրա պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը իր «օլիգարխիկ» ընտանիքի անդամների հետ մշակել է մի սխեմա, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն մաքսանենգ ճանապարհով ներմուծվում է ադամանդ Հնդկաստանից, տարվում են հայտնի 2-3 գործարաններ, որտեղ դրանք դառնում են «հայկական», և հայկական քվոտաների ներքո այդ ադամանդներն արտահանվում են տարբեր երկրներ։ Վերջինս ապացույցներ է ներկայացնում իր խոսքի ճշմարտացիության վերաբերյալ։

Այդ 4 տեսաուղերձներից հետո անցել է տևական ժամանակ, և ՀՀ վարչապետը այս ընթացքում ունեցել է բազում «լայվեր», բայց ոչ մի անգամ ոչ մի խոսքով չի փորձել իրեն ընտրած ժողովրդին բացատրել, պարզաբանել, թե ինչի մասին է խոսում Միքայել Մինասյանը, չի հերքել այն փաստը, որ ինքը և իր ընտանիքը ոչ մի առնչություն չունեն այդ ամենի հետ։ Ինչևէ ․․․

Այս ամենին հաջորդում են ևս երկու տեսաուղերձ՝ «Ստի վերջը 5․ Մաքսանենգ ծխախոտով երկրորդ ինքնաթիռը կալանավորվեց․ սրանք իսկականից գիժ են» և «Ստի վերջը 6․ շարունակվող անհերքելի թալանը և ստի կայսրության մեխանիկան» խորագրերով։ Միքայել Մինասյանն իր տեսանյութում նկատում է, որ Փաշինյանը նույնիսկ փորձ չարեց հերքել այդ ամենը, գոնե ֆիկտիվ, ձևական քրեական գործ հարուցելու․ «որովհետև պարզվում է, որ ծխախոտային բիզնեսը տևում է արդեն 2 տարի, մոտավորապես 2 տարի Հայաստանը մաս է կազմում միջազգային մաֆիոզ համակարգի, որտեղից գոյանում են խայտառակ մեծ գումարներ, որոնք գնում են ուղիղ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան բյուջե»։ Մինասյանը հերթական բացահայտումն է անում՝ պնդելով, որ մայիսի 9-ին, երբ հայ ժողովուրդը տոնում է Եռատոն, հերթական ինքնաթիռն է մեկնում Երևանից Վորոնեժ՝ 18 տոննա 831 կգ մաքսանենգ ծխախոտով, և բնականաբար, առգրավվում իրավապահ մարմինների կողմից։ Վերջինիս պնդմամբ՝ այդ ամենից հետո հայկական բոլոր ռեգիստրներից հանում են այդ թռիչքի մասին բոլոր փաստերը։

«Ստի վերջը 6» տեսանյութում Մ․ Մինասյանը մաքսանենգ ծխախոտով հերթական ինքնաթիռի բացահայտման մասին է խոսում՝ այս անգամ համեմված դիվանագիտական սկանդալով․ «Նայեք, սխեման հետևյալն է․ սիգարետը պետք է ծախվի Ռուսաստանում՝ թղթերով գնալով Աբխազիա, քանի որ Աբխազիան գոյություն չունի (չճանաչված պետություն), իսկ ինչու Աբխազիա, որովհետև Աբխազիան գտնվում է Սոչիի օդանավակայանից ընդամենը մեկ ժամվա հեռավորության վրա, գրում են փաստաթղթերում օդանավակայանը Ադլեր, որը Սոչիի օդանավակայանն է, և ապրանքը պետք է գնա Աբխազիա, Աբխազիան ձևակերպում են որպես Վրաստան։ Հիմա հարց, ժողովուրդ ջան՝ սրանք լրիվ գիժ են»։ Այս տեսանյութում անդրադառնում է նաև ԱՄՆ-ում բնակվող նախկին գործարար Մանվեր Տեր-Առաքելյանի՝ օրերս կատարած գրառմանը, առ այն, որ իբր Միքայել Մինասյանը «խլել» է իր սրճարանը, որին ակտիվ հղում և անդրադարձ է կատարել իշխանամետ ֆեյսբուքյան տիրույթը, բայց ի դեպ, ինչպես Մինասյանն է ընդգծում, ՀՔԾ հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունք տալու հրավիրված Տեր-Առաքելյանի որդին պնդել է, որ մեղավորը իր հայրն է։ Չնայած այդ ամենին քրեական գործ հարուցվել է, ինչի մասին մանրամասն խոսում է Մինասյանն իր տեսաուղերձում։

Միքայել Մինասյանը իր տեսաուղերձներով մի շարք բացահայտումներ է կատարում, հաղորդումներ ներկայացնում հանցագործության մասին, միևնույն ժամանակ փաստում, որ որևէ փաստարկ չի հերքվել, և պնդում, որ եթե լսի որևէ գաղափար, որը հերքի իր բերած փաստարկները, ինքը պատրաստ է ներողություն խնդրել իր սխալ տեղեկատվության համար, բայց, ավաղ, ոչ մի արձագանք չկա, փոխարենը վարչապետը իր «լայվով» «մունաթ» է գալիս իրեն ընտրած ժողովրդի վրա՝ «ով ուզում ա դրան հավատա, թող հավատա»։

Նկատենք, որ չնայած քրեական գործ հարուցվեց առաջին տեսաուղերձի վերաբերյալ, բայց ոչ մի քրեական գործ նրա հաջորդիվ արված հայտարարությունների, բացահայտումների ու մեղադրանքների վերաբերյալ։ Այստեղից հարց է առաջանում՝ ինչո՞ւ։ Ինչո՞ւ իրավապահ մարմինները չեն փորձում ճշտել նախկին դեսպանի խոսքերի իսկությունը, ինչու հետաքննություն չեն կատարում՝ համապատասխան փաստեր հավաքելով վերջինիս խոսքերի ճշմարտացիությունը ապացուցելու կամ հերքելու համար։ Չէ՞ որ շուրջ 6 տեսանյութ հանցագործության մասին հաղորդումներ են, բայց ոչ մի անդրադարձ ՀՀ իրավապահ համակարգի կողմից։ Փոխարենը հետախուզում է հայտարարվում Միքայել Մինասյանի նկատմամբ։ Այստեղ արդարացիորեն կարելի է փաստել մի պարզ հանգամանք․ չի հերքվում հստակ հայտարարությունները, փոխարենը՝ հետախուզում հայտարարելով, կալանավորելով՝ փորձ է արվում փակել մի մարդու բերան, որը տիրապետում է իշխանության ներքին խոհանոցի մասին ուշագրավ տեղեկատվության։

Փաստերն ինքնին խոսուն են։ Հետևությունները՝ անհրաժեշտ։

Ժաննա Ծառուկյան