Այսօրվանից ես թողնում եմ իմ զբաղեցրած պաշտոնը․ Դավիթ Բաբայան

Դավիթ Բաբայանը ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակի պաշտոնից:

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Արդեն 13 տարի է, ինչ ես գլխավորում եմ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը՝ կառույց, որը պատասխանատու է մեր երկրի տեղեկատվական քաղաքականության համար:
Տեղեկատվական ճակատը, հատկապես մեր երկրի համար, որը գտնվում է չկարգավորված հակամարտության պայմաններում, ունի ռազմավարական կարևորագույն նշանակություն:
Ինձ համար պատիվ է եղել այս բոլոր տարիների ընթացքում ղեկավարել այդ կառույցը, լինել տեղեկատվական ճակատի առաջամարտիկներից, ծառայել իմ ժողովրդին և Հայրենիքին:
Աշխատանքս փորձել եմ կատարել արհեստավարժորեն՝ որպես ուղենիշ միշտ ունենալով պետական և ազգային շահերը:
Հարգելի՛ բարեկամներ,
Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսօրվանից ես պաշտոնապես թողնում եմ իմ զբաղեցրած պաշտոնը: Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին և լրատվական դաշտի ներկայացուցիչներին՝ երկարատև արդյունավետ համագործակցության համար:
Ուզում եմ նաև հաջողություն մաղթել այս պաշտոնում ինձ փոխարինող Վահրամ Պողոսյանին, ցանկանալ նրան բեղմնավոր գործունեություն:

Հ.Գ. Հարգելի՛ գործընկերներ, Ես չեմ հեռանում քաղաքական և հասարակական դաշտից: Ես ընդունել եմ Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկը և այսուհետ հայրենիքին իմ ծառայությունները կմատուցեմ ԱՀ Նախագահի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդականի պաշտոնում:
Լինելով նաև Արցախի պահպանողական կուսակցության նախագահ՝ ես և իմ կուսակիցները շարունակելու ենք մեր ակտիվ գործունեությունը մեր երկրի քաղաքական ու հասարակական դաշտում:

Հ.Հ.Գ. 13 տարվա իմ աշխատանքի ամփոփման և հետագա գործունեության մասին ավելի մանրամասն կխոսեմ իմ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ»,-գրել է Դավիթ Բաբայանը: