Արցախյան հիմնախնդիրը հանրապետությունում գործող բոլոր քաղաքական ուժերի համար պետք է լինի օրակարգային. Արթուր Թովմասյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը քաղաքական խորհրդատվությունների շրջանակում այսօր հանդիպել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Արցախի կառույցի ղեկավար կազմի հետ:

«Արցախպրեսի» թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանն Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության գործունեությունը և նշել, որ հայապահպանության, Ցեղասպանության հարցը մշտապես օրակարգում պահելու, և, առհասարակ, առաջնահերթ խնդիրներում գործուն քայլեր է իրականացնում:

Նա նշել է, որ արցախյան հիմնախնդիրը այն կարևորագույն հարցն է, որը ոչ միայն Դաշնակցության, այլև Արցախում գործող բոլոր քաղաքական ուժերի համար պետք է լինի օրակարգային և մեկ համընդհանուր ծրագիր:

Իր հերթին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը շնորհավորել է Արթուր Թովմասյանին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և նշել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր համագործակցությունը պետք է շարունակվի բարձր մակարդակով:

Դ. Իշխանյանը կարևորել է քաղաքական ուժերի հետ հանդիպումները և նշել, որ այն ևս մեկ հնարավորություն է անդրադառնալու երկրի ներքին համերաշխությանը, ինչպես նաև առկա հիմնախնդիրներին: Այս առումով Դ. Իշխանյանն ընդգծել է քաղաքական դաշտի կայացվածությունը:

«Մեզ համար շատ կարևոր է արտաքին հարաբերությունների ոլորտը և, կարծում եմ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Խորհրդարանում արտաքին հարաբերությունների հանձնաժողովը գլխավորելու է ՀՅԴ պատգամավոր Վահրամ Բալայանը, խորհրդարանական դիվանագիտության զարգացման առումով աշխատանքներին նոր թափ կհաղորդենք: Անցած 13 տարիների ընթացքում Դաշնակցություն-իշխանություն հարաբերությունների դաշտում մեր ջանքերը 2011-2012 թթ հատկապես ուղղված է Արցախյան հիմնահարցին, որն էլ կարողացել ենք դարձնել գերակա ուղղություն»,- մասնավորապես նշել է Դ. Իշխանյանը: