Հայաստանում ահավոր վիճակ է, ով ապրեց` ապրեց, ով մեռավ` մեռավ

Հայաստանից բացի, աշխարհում արդյոք կա՞ որևէ այլ երկիր, որտեղ երբ նոր կորոնավիրուսով (SARS-CoV-2-ով) վարակվածության և COVID-19-ով հիվանդության դեպքերի աճ է գրանցվում, քաղաքացիների ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության եղած սահմանափակումները խստացնելու կամ գոնե նույնությամբ պահպանելու փոխարեն, դրանք մեղմացնում և վերացնում են: Սահմանափակումները մեղմացնում և վերացնում են այն երկրներում, որտեղ նոր կորոնավիրուսով վարակվածության, հիվանդության նոր դեպքերի նվազում է արձանագրվում, թեև նույնիսկ այդ դեպքում սահմանափակումներից որոշների առումով կատարելով այդ քայլերը, մի շարք երկրներ սխալ են վարվում, ինչն առաջիկայում ունենալու է իր, մեղմ ասած, տխուր հետևանքները:

Ապրում եմ Երևանի հիվանդանոցներից մեկի մոտ, վերջին շրջանում կտրուկ շատացել են շտապ օգնության մեքենաների ձայնային ազդանշանները (արդեն չեմ էլ հաշվում, թե ամեն օր քանի անգամ եմ լսում), որոնք խաչմերուկից շրջադարձ կատարելիս, վթարից խուսափելու նպատակով միացնում են նշված մեքենաների վարորդները, բայց դրանով իսկ գուժում տագնապ, մեծ տագնապ, որը, ցավոք, իմ հարևաններից և համաքաղաքացիներից (քանի որ այլ վայրերում էլ մարդիկ լսում են այդ ձայները, տեսնում շտապ օգնության մեքենաները) շատերի գիտակցությանը չի հասնում: Համոզվելու համար տեսեք, թե քանի մարդ է բարձրանում հասարակական տրանսպորտ առանց շնչադիմակի, առանց դրա, մտնում խանութ, կամ` շնչադիմակով լինի, թե, առավել ևս, առանց շնչադիմակի, դրսում սպասում, որ փոքրիկ խանութում գնում կատարող մեկը դուրս գա, նոր ինքը մտնի` և՛ այդ անձի, և՛ իր առողջությունն ու նույնիսկ կյանքը չվտանգելու համար:

Հիշեցնենք Կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակում և Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված ՀՀ-ում նոր կորոնավիրուսով հիվանդության նոր դեպքերի վերաբերյալ վերջին յոթ օրվա (մայիսի 21-ը` ներառյալ) պաշտոնական տվյալները. մայիսի 15-ին` 184 նոր դեպք, մայիսի 16-ին` 239 նոր դեպք, մայիսի 17-ին` 189 նոր դեպք, մայիսի 18-ին` 351 նոր դեպք, մայիսի 19-ին` 218 նոր դեպք, մայիսի 20-ին` 230 նոր դեպք, մայիսի 21-ին` 335 նոր դեպք:

Այսպիսով ակնհայտ է, որ վերջին յոթ օրերից 3-ի պարագայում ունենք նոր կորոնավիրուսով հիվանդության 200-ը, իսկ մայիսի 18-ին և 21-ին նույնիսկ 300-ը գերազանցող ցուցանիշներ, այսինքն` աճ նախորդ ժամանակահատվածի համեմատ: Մեկ օրվա ընթացքում 351 նոր դեպքն ավելի քան մեկուկես անգամ գերազանցում է նույնիսկ Ռուսաստանի` հիվանդության նոր դեպքերի ամենաբարձր ցուցանիշին, Ռուսաստանի, որը GOVID-19-ով հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր քանակով վերջին շրջանում արագորեն աճ արձանագրելով, այսօր աշխարհում 2-րդ տեղում է (մայիսի 21-ին ժամը 15:32-ի դրությամբ հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն` 317 554 դեպք) և այդ առումով զիջում է միայն ԱՄՆ-ին (1 551 853 դեպք):

Եթե որևէ մեկը կասկածում է վերը նշվածին, առաջարկում ենք մի փոքր թվաբանությամբ զբաղվել. ՌԴ բնակչությունը 2020թ. հունվարի 1-ի դրությամբ գերազանցել է 146 միլիոնը, կազմել է 146 748 590 մարդ, Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում GOVID-19-ով հիվանդության հաստատված դեպքերի ամենամեծ քանակը մինչ օրս չի գերազանցել 11 000-ը, սակայն հաշվարկի համար հիմք ընդունենք հենց այդ կլորացված թիվը: Հայաստանի բնակչությունը 2020թ. հունվարի 1-ի դրությամբ, պաշտոնական տեղեկատվության համաձայն, կազմել է 2 959 000 մարդ, մեկ օրվա ընթացքում GOVID-19-ով հիվանդության հաստատված նոր դեպքերի ամենամեծ քանակը մինչ օրս կազմել է երեք հարյուր հիսունմեկ: 146 748 590 մարդու վրա 11 000 դեպքը բաժանելով, ստանում ենք 13 340.781, ինչը նշանակում է, որ, կլորացրած հաշվարկով, ՌԴ յուրաքանչյուր 13 340 բնակչին մեկ օրվա ընթացքում բաժին է ընկել GOVID-19-ով հիվանդության 1 նոր դեպք: Իսկ հիմա Հայաստանի բնակչության թիվը` 2 959 000 մարդ, բաժանենք մեկ օրվա ընթացքում գրանցված հիվանդության նոր դեպքերի ամենամեծ քանակի` 351-ի հետ: Ստանում ենք 8430.1994, այսինքն, կլորացրած հաշվարկով, ՀՀ բնակչության յուրաքանչյուր 8430 մարդուն է բաժին ընկել հիվանդության 1 նոր դեպք, ինչը մեկ օրվա ընթացքում գրանցված հիվանդության հաստատված  նոր դեպքերի քանակի առումով, ինչպես արդեն նշեցինք, ավելի քան 1,5 անգամ գերազանցում է նույնիսկ ՌԴ ցուցանիշը:

Ճիշտ նույն օրը` մայիսի 18-ին, երբ Հայաստանում հրապարակվեց նոր կորոնավիրուսով հիվանդության մինչ այժմ ամենաբարձր ցուցանիշը` 351 դեպք, թույլատրվեց հասարակական տրանսպորտի աշխատանքը, այն ամբողջովին վերականգնվեց: Ավելին. այդ օրվանից վերաբացվեցին առևտրի իրականացման վայրերը, որոնց գործունեությունը մինչ այդ արգելված էր, մանկապարտեզները,

հանրային սննդի օբյեկտներին իրավունք տրվեց ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում (տես` https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/3085209688206794):

Վերոնշյալը կարելի է համարել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նրա գլխավորած կառավարության, ՀՀ արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից յուրօրինակ դիվերսիա ՀՀ բնակչության նկատմամբ: Հասարակական տրանսպորտի աշխատանքի վերականգնման ու մնացած արգելքների վերացման հետևանքները մեր երկրի բնակչությունը դեռ նոր է զգալու, տեսնելու, եթե նկատի ունենանք, որ COVID-19-ով հիվանդության ինկուբացիոն (գաղտնի) շրջանը հիմնականում 4-14 օր է: Օրերս երկար շրջեցի Երևանում, շատ բան դիտարկեցի, չհաշված շնչադիմակներ կրող փոքրամասնությանը, կարծես թե ոչինչ էլ չէր պատահել, նույն կյանքն էր, ինչ մինչև արտակարգ դրություն հայտարարելը:

Որպեսզի հասկանալի լինի, թե վերջին մեկ շաբաթվա ընթացքում ինչու են կտրուկ աճել COVID-19-ով հիվանդության նոր դեպքերը, ինչու վերջին յոթ օրերից 5-ի դեպքում հրապարակված ցուցանիշները գերազանցում եմ 200-ը և 300-ը, պետք է ուշադրություն դարձնել հետևյալ փաստին. Կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակում հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, մայիսի 4-ից նոր փոփոխություններ են տեղի ունեցել արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում։ Մասնավորապես՝ տեղաշարժի իրավունքի մասով՝ մայիսի 4-ից հանվել են ազատ տեղաշարժման սահմանափակումները, այսինքն` նշված օրվանից տեղաշարժման թերթիկի կարիք այլևս չկա, մինչ այդ արդեն իսկ հանվել էին միջմարզային սահմանափակումները: Այս մոտեցումը պահպանվել է:

Տնտեսական սահմանափակումների մասով՝ արդեն գործող տեսակներին ի լրումն, մայիսի 4-ից  թույլատրվել են՝ ամբողջ մշակող արդյունաբերությունը, այդ թվում՝ տեքստիլը, կահույքը, կոշիկը, պոլիգրաֆիան և այլն, շինարարության ավարտական փուլի աշխատանքները, մեծածախ և մանրածախ առևտուրը, սակայն՝ միայն մասնագիտացված ու ոչ մասնագիտացված խանութներում ու կրպակներում, հանրային սննդի կազմակերպման մասով՝ ռեստորանների, բարերի, սրճարանների, պանդոկների գործունեությունը բացառապես բացօթյա տարածքում, տեղեկատվության և կապի ոլորտն ամբողջությամբ, բուսաբանական և կենդանաբանական այգիների ու բնության հատուկ պահպանվող տարածքների, արգելոցների գործունեությունը:

Մայիսի 4-ից թույլատրվել են նաև սպորտային ակումբների ու օբյեկտների գործունեությունը՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների անցկացման և մարզումների իրականացման համար, անհատական ծառայություններից՝ լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցների, գեղեցկության սրահների, մարմնի խնամքի ծառայությունները:

Մայիսի 4-ին գումարեք COVID-19-ով հիվանդության գաղտնի շրջանը` հիմնականում մինչև 14 օր, առանձին դեպքերում դրանից երկար, և կհասկանաք, թե վերջին շրջանում ինչու են կտրուկ աճել նոր կորոնավիրուսով հիվանդության նոր դեպքերը:

Միաժամանակ նշված է, որ «Զուգահեռաբար բոլոր թույլատրված ոլորտների համար գործում են գործունեության կազմակերպման պարտադիր կանոններ, որոնք չպահպանելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը: Միաժամանակ, ուժեղացվելու է վերահսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ»։  Սա սուտ է, պաշտոնեական կեղծիք, քանի որ վերոնշյալ պարտադիր կանոնները զանգվածաբար խախտվում են, կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը չի ուժեղացվել, օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը, ինչպես մինչև մայիսի 4-ը, այնպես էլ այդ օրվանից սոսկ ձևական բնույթ է կրում և նպատակ ունի ընդամենը հերթապահ ցուցանիշներ ապահովելու, այն բնավ համարժեք չէ զանգվածաբար կատարվող խախտումների քանակին:

Գիտե՞ք ինչու Նիկոլն իր իշխանությամբ չի համարձակվում, ինչպես հարկն է, վերահսկողություն իրականացնել կանոնների պահպանման նկատմամբ, տուգանել խախտումներ թույլ տված անձանց թեկուզ կեսի կեսին, տուգանք կամ պատասխանատվության այլ միջոց կիրառել կանոնները խախտած հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների նկատմամբ, որովհետև դրանից հետո հպարտ քաղաքացիներն իրեն, մեղմ ասած, գահընկեց կանեն: Ներկայիս ղեկավարների հանցավոր անգործության նշված պատճառից բացի, կարող է լինել նաև նպատակ, որը, սակայն, մեկ այլ հրապարակման թեմա է:

Պաշտոնական վերջին տեղեկությունների համաձայն, «Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 335 նոր դեպք, ապաքինվել է ևս 162 մարդ:

Արձանագրվել է մահվան 3 դեպք»:

Ակնհայտ է, որ նոր դեպքերն ավելի քան 2 անգամ գերազանցում են ապաքինվածների թվին: Նախորդ ժամանակաշրջանում նույնպես GOVID-19-ով հիվանդության նոր դեպքերը գերազանցել են ապաքինվածների թվին: Մինչև այժմ Հայաստանում GOVID-19-ով հիվանդների շրջանում մահացության տոկոսը փոքր է եղել, առ այսօր ժամը 11-ը մահվան 70 դեպք է գրանցվել շնորհիվ վերակենդանացման բաժանմունքներում համապատասխան տեղերի, թոքերի արհեստական օդափոխության սարքերի առկայության, նշված բաժանմունքներում համապատասխան դեղորայքային և այլ բուժօգնություն տրամադրելու, ինչպես նաև մեր բժիշկների հերոսական աշխատանքի շնորհիվ: ՀՀ իշխանությունների հանցավոր քաղաքականության, գործողությունների և անգործության հետևանքով շատ մոտ ապագայում հիվանդության նոր դեպքերի, այդ թվում նաև` հիվանդության ծանր ու խիստ ծանր ընթացքով, քանակն այնքան է աճելու և այնքան մեծ է լինելու, որ վերջիններիս համար վերակենդանացման բաժանմունքներում այլևս տեղ չի լինելու, վերոնշյալ սարքերն էլ պարզապես չեն բավարարելու: Եվ հենց այդ ժամանակ մենք կունենանք մահվան դեպքերի մեծ քանակ: Նրանցից յուրաքանչյուրի համար Փաշինյանը, իր գլխավորած իշխանությամբ հանդերձ, պատասխան է տալու: Դա սոսլ ժամանակի հարց է:

Արթուր Հովհաննիսյան