Նորքի տուն-ինտերնատի՝ կորոնավիրուսով վարակված 15 տարեցներից 12-ը գտնվում են հիվանդանոցում․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մահվան նոր դեպքեր չկան

Երևանի Նորքի տուն-ինտերնատում այս պահին կորոնավիրուսով վարակված 15 տարեց կա, որոնցից 12-ը գտնվում են հիվանդանոցներում: Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների վիճակը կայուն է: Մահվան նոր դեպքեր չկան: Tert.am-ի տեղեկացմամբ, ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:

Նա նշել է, որ ևս 3 հաստատված դեպք կա, սակայն ախտանիշներ չունենալու պատճառով մեկուսացված են տուն-ինտերնատում, և նրանց հոսպիտալացնելու կարիք չի առաջացել:

Հարցին, թե վարակի տարածման աղբյուրը պարզվե՞լ է, Մարտիրոսյանը պատասխանել է, որ հստակ չեն կարող ասել, որովհետև փետրվարի 27-ից հաստատությունը մեկուսացման ռեժիմում է գտնվել և ապրիլի 21-ից սկսած՝ հաստատությունն ընդհանրապես փակ ռեժիմում է գտնվել, և նույնիսկ աշխատողները մուտք ու ելք չեն արել, հերթափոխով են աշխատել, բայց մնացել են հաստատությունում:

«Սակայն մեկ բացառություն ենք ունեցել, երբ անկողնային հիվանդների բաժնում գտնվող մի կնոջ վիճակ է վատթարացել, և մոտ 21-22 օր առաջ նրան տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց: Երբ կինը հիվանդանոցից վերադարձել է, հաստատությունում կնոջը թեստավորել են, պատասխանը բացասական է եղել: Այնուամենայնիվ, կնոջը մեկուսացրել են՝ անվտանգություն ապահովելով, բայց քանի որ կինը չէր կարող միայնակ կարիքները հոգալ, սնվել, նրա մասին սանիտարներից մեկն է հոգ տարել, առաջին ախտանիշներն այդ կնոջ մոտ են  ի հայտ եկել»,- պատմել է մամուլի խոսնակը:

Նրա կարծիքով՝ հավանական է, որ կնոջ մոտ վարակի  թաքնված կամ ինկուբացիոն շրջան է եղել, որի պատճառով թեստի արդյունքը բացասական է եղել: Սակայն Սոնա Մարտիրոսյանը նշել է, որ չեն կարող հարյուր տոկոսով սա համարել իրական պատճառ, քանի որ պետք է հաշվի առնել՝ տուն-ինտերնատը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին շատ մոտ է: