Սննդի միջոցով վարակի փոխանցման եղանակ պարզապես չկա. Արսեն Թորոսյան

Սննդի միջոցով վարակի փոխանցման հնարավորությունը մոտ է զրոյի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե սննդի արտադրամասերում կորոնավիրուսով վարակման դեպքեր լինո՞ւմ են, կարո՞ղ է վարակը սննդի միջոցով փոխանցվել:

«Սննդի արտադրամասում վարակման դեպքեր եղել են և լինում են, միջոցառումներ ենք իրականացնում շփման շրջանակը պարզելու համար: Սննդի միջոցով վարակի փոխանցման հնարավորությունը մոտ է զրոյի, ես դեպքերի աճը որևէ կերպ դրանով չեմ պայմանավորում, վարակի փոխանցման նման եղանակ պարզապես չկա»:

Խոսելով հիվանդության տարածման տեմպի մասին՝ նախարարը հայտնեց, որ 15 օրը մեկ կրկնության տեմպ ունենք. դրա պահպանվելու դեպքում 15 օրից կունենանք ավելի քան 10 000 դեպք, ուստի խնդիր ունեն այդ թափը կոտրելու: Նախարարը կրկին անդրադարձավ հարցին՝ արդյո՞ք հարկավոր է թեստավորել բոլոր քաղաքացիներին:

«ՀՀ բոլոր քաղաքացիները չեն թեստավորվելու, քանի որ դրա իմաստը չկա, թեստավորվելու են ըստ ցուցումների»,- ասաց նա:

Խոսելով քաղաքացիների մեկուսացման համար սենյակներ տրամադրած հյուրանոցներին վճարելու մասին՝ նախարարը տեղեկացրեց, որ որոշ հյուրանոցներ անհատույց են տրամադրել իրենց տարածքները. այնտեղ միայն ծախսերի փոխհատուցում է եղել՝ կոմունալ և այլն: Թորոսյանը թիվ չնշեց՝ հայտնելով, որ վճարումները էկոնոմիկայի նախարարությունն է իրականացնում: