Հայաստանում ոչ այնքան համաճարակային, որքան՝ կառավարման ինստիտուցիոնալ ճգնաժամ է

Կորոնավիրուսի պանդեմիան յուրահատուկ թեստ դարձավ, որը բացահայտեց տարբեր երկրներում կառավարման որակը, արդյունավետությունը։ Շաբաթների ընթացքում շատերի համար բացահայտվեց, որ Հայաստանում ոչ այնքան համաճարակային, որքան՝ կառավարման ինստիտուցիոնալ ճգնաժամ է։

Երբ բացակայում է միասնական արդյունավետ կառավարումը, դա բերում է իշխանության մարմինների քաոտիկ գործունեության, որի հետևանքով հնարավոր չի դառնում ոչ միայն ռացիոնալ օրակագի ձևակերպումն, այլ նաև ստեղծվում են ֆորս-մաժորային իրավիճակներ, ինչի ականատեսը դառնում ենք տարբեր ոլորտների նույնիսկ մակերեսային վերլուծության պարագայում։ Երբ հասարակությունը իշխանության տարբեր ներկայացուցիչներից լսում է իրարամերժ, սիտուատիվ հակասական գնահատականներ, նրա աչքերում շատ արագ արժեզրկվում է պետական կառավարումը ու նաև ժողովրդի մոտ ձևավորվում է հակասոցիալական վարքագիծ, ինչը ճգնաժամային իրավիճակներում կարող է բերել հումանիտար աղետի։ Չի կարելի հասարակությունից ակնկալել սոցիալական պատասխանատվություն, երբ դա ամեն օր հետևողականորեն ոչնչացվում է կառավարման զրոյական մակարդակի հետևանքով։

Ամենաբարձր մակարդակով ամեն օր լսում ենք, թե իբև իշխանության միջին և ստորին օղակներում սաբոտաժ է։ Դարձյալ գործ ունենք իրավիճակի ոչ ադեկվատ էպիկրիզի հետ։ Պետական ծառայությունը ցանկացած համակարգի ողնաշարն է ու չի կարող սաբոտաժի դիմել, եթե քաղաքական իշխանությունն ունի հստակ ռազմավարություն և օրակարգ։ Երբ դրանց բացակայության պարագայում իշխանության միջին և ստորին օղակները դատապարտվում են փաստացի անգործության, դա ոչ թե սաբոտաժ է, այլ՝ ինստիտուցիոնալ ճգնաժամ, որի պատասխանատուն իշխանության բուրգում գտնվող մարդիկ են՝ ծրագրային մոտեցումների իսպառ բացակայությամբ։

Չեմ ուզում վիճարկել քաղաքական և հայեցողական պաշտոն ունեցող մարդկանց պրոֆեսիոնալիզմը։ Եթե նույնիսկ նրանք իրենց տեղերում են, ապա պետական համակարգի սորտավորումը, պետական ծառայողներին «յուրայինների» և «օտարների» բաժանելը շատ մոտ ապագայում ամբողջովին բարոյալքելու է կառավարման մշակույթն՝ անդառնալի հարված հասցնելով պետության հեղինակությունը։

Կառավարումը գիտություն է, որը կարիք ունի պրոֆեսիոնալիզմի ու կրեատիվ մոտեցումների, որոնց մասին հանգամանլից խոսելու անհրաժեշտություն կա։ Սակայն այդ մասին՝ հաջորդիվ։

Հրաչյա Ռոստոմյանի ֆեյսբուքյան էջից

Հայաստանում ոչ այնքան համաճարակային, որքան՝ կառավարման ինստիտուցիոնալ ճգնաժամ էԿորոնավիրուսի պանդեմիան յուրահատուկ…

Опубликовано Hrachya Rostomyan Среда, 20 мая 2020 г.