Հայաստանում նույնպես երեխաների սեռական աղավաղման և այլասերման ծրագիր է իրականացվելու` նրանց պաշտպանության անվան տակ

Եթե կան մարդիկ, որոնք վերը նշվածում կասկած ունեն, առաջարկում ենք ծանոթանալ Լանզարոտի և Ստամբուլյան կոնվենցիաներն ավելի վաղ վավերացրած Մեծ Բրիտանիայի փորձին:

19 տարվա մեջ առաջին անգամ Միացյալ Թագավորության հարաբերությունների և սեռական կրթության (Relationship and sexual education) դասագրքերը 2019թ. փետրվարին փոփոխման են ենթարկվել` ներառելով ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսվեստիտ) դաստիարակությունը, միասեռ ամուսնությունների քարոզը, ավելին` նշված դասընթացն այս տարվանից պարտադիր է դարձվել բրիտանական բոլոր դպրոցներում` թե՛ մասնավոր, թե՛ պետական, և նույնիսկ` հոգևոր։ Երեխաները միշտ էլ, տարրական դպրոցից սկսած, անցել են վերոնշյալ առարկաները, բայց դրանք չեն եղել պարտադիր և այն աստիճան այլասերված, ինչպես այժմ: Սատանայի վեցանոցներն իրենց ծրագրերը, որպեսզի միանգամից մեծ դիմադրություն չառաջանա, աստիճանաբար, փուլ առ փուլ են իրականացնում, բայց հետևողականորեն:

Ծրագրերն իրենց պատկերազարդ ուղեցույցներով սկզբնապես ներդրվել են մոտ 240 դպրոցներում, ինչին որոշ ժամանակ անց հաջորդել են ծնողների բողոքի հուժկու ցույցերը, որոնք ծայր են առել սկզբում Բիրմինգհեմում, ապա Մանչեսթերում։ Եվ, այնուամենայնիվ, Բրիտանիայում 2020թ. սեպտեմբերից սեռական կրթության դասընթացները լինելու են նոր ուղեցույցներով և պարտադիր։ Ըստ Համայնքների պալատի, տարրական դպրոցում (primary school) երեխաներն անցնելու են միայն relationship education (հարաբերությունների ուսուցում), և 11 տարեկանից միայն`sexual education (սեռական կրթություն)։ «Բարեփոխումը» հովանավորվում և քարոզվում է BBC-ի և տեղական իշխանությունների կողմից:

Փոքրիկներին պաշտոնապես ուսուցանելու են ինչպես լինել օնլայն հարթակում պաշտպանված, ֆիզիկական և հոգևոր առողջության կապը, մարդկային հարաբերությունների բարդությունները և այլն… Կարելի է ենթադրել, թե ինչ են ներառելու այս թեմաները:

Բրիտանիայում դեռևս 2011թ. ԶԼՄ-ներն ահազանգում էին տարրական դպրոցներում, 6 տարեկան երեխաների շրջանում սեռական դաստիարակության 3 նոր պատկերազարդ բրոշյուրների ի հայտ գալու մասին, որոնք կարող էին ստիպել շիկնել անգամ մեծահասակներին: Ահա հենց այսպիսի ապագա է սպասվում Հայաստանին ս.թ. մայիսի 11-ին Լանզարոտի կոնվենցիայի վավերացումից, ինչպես նաև սահմանադրական հանրաքվեում «Այո»-ի հաղթանակի, Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը փոխելու և ՍԴ-ի իրենց ուզած որոշումը (իբրև թե չի հակասում ՀՀ Սահմանադրությանը) ստանալու դեպքում «Ազգային ժողով» կոչվածում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից հետո, որն այժմ վավերացման նախապատրաստման փուլում է:

Ինչպես արդեն նշել ենք այս թեմայով մեր նախորդ` «Դրվեց հիմքը` մեր երեխաներին անմեղությունից զրկելու, հոգեբանությունը խեղելու, վաղաժամ և անառողջ սեռական հետաքրքրություններ առաջացնելու» վերտառությամբ հրապարակման մեջ, Լանզարոտի կոնվենցիայի վավերացմամբ փաշինյանական իշխանությունը դպրոցներում մեր երեխաներին դեռ տարրական դասարաններից անմեղությունից զրկելու, տարրական և միջնակարգ ուսուցման ժամանակ նրանց հոգեբանությունը խեղելու, միտքը պղտորելու, վաղաժամ և անառողջ սեռական հետաքրքրություններ, գայթակղություններ առաջացնելու, ինչպես նաև երեխաների պղծման և այլասերման լիարժեք նախադրյալներ ստեղծելու հիմքը դրեց:

Քանի որ Լանզարոտում ընդունված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիան Եվրոպայի խորհրդի կոնվենցիա է, ապա այդ կոնվենցիայով նախատեսված տեղեկությունները` սեռական բնույթի բռնությունների և սեռական շահագործման վերաբերյալ, ինչպես նաև սեռական կրթությունը տարրական և միջնակարգ ուսուցման ժամանակ երեխաներին պետք է տրվեն սեռական կրթության եվրոպական ստանդարտներին համապատասխան, «խաղի կանոնները» թելադրողը հենց Եվրոպայի խորհուրդն է լինելու:

Ընդգծում ենք` խոսքը ոչ միայն սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների մասին տեղեկությունների վերաբերյալ է (թեև Լանզարոտի կոնվենցիայով հիշյալ տարիքի երեխաներին դրանք տալու պարտավորությունը նույնպես լիովին բավարար էր կոնվենցիայի վավերացումից հրաժարվելու համար), այլև սեռական կրթության, քանի որ վերոնշյալ տեղեկությունները, ինչպես կոնվենցիայի 6-րդ հոդվածում է նշված, անհրաժեշտության դեպքում պետք է տրվեն «սեռական բնույթի հարցերի վերաբերյալ տեղեկությունների առավել լայն համատեքստում»:

Թող որևէ մեկը չկասկածի, որ վաղը մեր մանկահասակ (մինչև 10 տարեկան, տարրական դասարանների) կամ, թեկուզ, դեռահաս (10 տարեկանից հետո, մինչև չափահաս դառնալը) երեխաներին սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների մասին տեղեկությունները տրվելու են սեռական բնույթի հարցերի վերաբերյալ տեղեկությունների առավել լայն համատեքստում` դա անհրաժեշտ համարելով այն պատճառաբանությամբ, թե առանց դրա, առանց սեռական կրթության, սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների մասին տեղեկությունները նրանց այնքան էլ հասկանալի չեն: Սրան հետամուտ են լինելու ԼԳԲՏ-ների և նրանց «իրավունքների» պաշտպանների հետ ջերմ հարաբերություններ ունեցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում, հետամուտ են լինելու նաև Հայաստանում Սորոսի և Արևմուտքի այլ «գրանտներով» գործող, իրենց շարքերում ԼԳԲՏ-ներ և նրանց  «իրավունքների» պաշտպաններ ունեցող տասնյակ «հասարակական կազմակերպություն» կոչվածներ:

Թեև իրականում հենց կոնվենցիայի 6-րդ, 2-րդ և մի քանի այլ հոդվածների շարադրանքն է խնդրահարույց (բացի նրանից, որ կոնվենցիայի որոշ դրույթների կիրառումը, մեղմ ասած, հարցեր, մտահոգություններ է առաջացնում), ոմանք հրապարակայնորեն այն կարծիքն են արտահայտել, թե կոնվենցիայի տեքստն ինքնին խնդրահարույց չէ, սակայն կոնվենցիայի որոշ դրույթների կիրառումը, իրոք, հարցեր է առաջացնում:

Վերոնշյալի առումով նրանք պատճառաբանում են, թե կոնվենցիայի 6-րդ հոդվածում գրվածը, որ երեխաները տարրական և միջնակարգ կրթության ընթացքում պետք է ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների մասին տեղեկություններ, բնավ չի նշանակում, թե տարրական դասարաններում աշակերտներին վերը նշված տեղեկությունները հասկանալի դարձնելու համար նրանց պետք է բացատրել, թե ինչ բան են սեռական օրգանները, սեռական հարաբերությունները, դրանց հետևանքները, ինչ բան են սեռական բռնությունը, դրանց տեսակները, սեռական շահագործումը, սեռական կողմնորոշումը (կոնվենցիայի 2-րդ հոդված) և այլն:

Ըստ նրանց, շատ հնարավոր է, որ տարրական դասարաններում երեխաներին բացատրեն միայն, որ պետք է զգուշանալ, երբ օտար մարդը ձեռքով կպնում է իրենց գոտկատեղից մինչև ծնկները հատվածին, կրծքին, առաջարկում կամ փորձում է ներքնաշորը հանել, այդ ամենը չպետք է թույլ տալ, նման դեպքերում պետք է բղավել, առաջին իսկ հնարավորության դեպքում այդ մասին հայտնել ծնողին, ուսուցչին, ոստիկանին, զանգահարել թեժ գծի հեռախոսահամարով:

Շատ լավ: Վերը նշված պատճառաբանությունը ներկայացնողները, սակայն, մոռանում են, որ արդեն այլասերված Եվրոպայում շատ տարածված են նաև հարազատների և նույնիսկ հենց նույն ընտանիքի անդամների` ծնողների, եղբայրների, քույրերի կողմից այդ ընտանիքի մանկահասակ երեխայի նկատմամբ մանկապղծության դեպքերը, հետևաբար Լանզարոտի կոնվենցիան պաշտոնապես և արտաքնապես (եթե մի պահ մոռանանք իր հետապնդած բուն և նենգ նպատակների մասին) կոչված է երեխաներին պաշտպանելու ոչ միայն օտարների, այլև ցանկացած անձի, ներառյալ` ծնողների և ընտանիքի մյուս անդամների կողմից սեռական շահագործման և սեռական բնույթի բռնությունների դեպքերից, ինչը նշանակում է, որ երեխաներին հիշյալ բացատրությունը, զգուշացումը տրվելու է ոչ միայն օտար մարդկանց, այլև ցանկացած անձի առնչությամբ:

Հիմա պատկերացրեցի՞ք այն ծնողի վիճակը, որի մանկահասակ (մինչև 10 տարեկան) երեխան, երբ ինքն ամեն անգամ կպնի նրա մարմնի նշված մասերին (օրինակ` լողացնելիս, գրկելիս, հետույքը ճմկթելիս, ձեռքի ափով տուտուզիկին թմփացնելիս, ներքնաշորը, անդրավարտիքը, կիսաշրջազգեստը հանելիս…), ուսուցչի այսպիսի զգուշացումներից «լուսավորված», զանգահարելու է թեժ գծի հեռախոսահամարով, դիմելու է ոստիկանին կամ նույն ուսուցչին…

Ավելին. եթե ընդունենք, թե տարրական դասարանների աշակերտներին միայն իրենց մարմնի համապատասխան մասերին կպնելուց զգուշանալու, դա թույլ չտալու տեղեկություններն են տրվելու, ապա ո՞վ կարող է ասել, երաշխավորել, թե միջնակարգ ուսուցման ժամանակ նույնպես այդ նույն տեղեկություններն են տրվելու 10-17 տարեկան դեռահասներին, որոնց արդեն ոչ թե հարաբերությունների ուսուցում, այլ սեռական կրթություն է տրվելու, ինչպես, օրինակ, Մեծ Բրիտանիայում: Ո՞վ կարող է ասել, թե նրանց սեռական հարաբերությունների, սեռական բռնության տեսակների, սեռական կողմնորոշման մասին տեղեկություններ տալը նորմալ ու թույլատրելի է, և որ դա չի խեղելու նրանց հոգեբանությունը, չի պղտորելու նրանց միտքը, վաղաժամ և անառողջ սեռական հետաքրքրություններ ու վտանգավոր գայթակղություններ չի առաջացնելու: Ի վերջո, ինչո՞ւ է անտեսվում, որ ոչ միայն տարրական դասարաններում սովորողներին, այլև դեռահասներին նույնպես չի կարելի տալ այդ վտանգավոր և անթույլատրելի տեղեկությունները, որոնք Լանզարոտի կոնվենցիայի վավերացումից հետո տրվելու են եթե ոչ այս, ապա հաջորդ ուսումնական տարվանից: Իհարկե, եթե չընդվզենք և վերը նշվածը թույլ տանք Արևմուտքի ակնկալություններն արդարացնող ներկայիս իշխանություններին:

Արթուր Հովհաննիսյան