Դրվեց հիմքը` մեր երեխաներին անմեղությունից զրկելու, հոգեբանությունը խեղելու, վաղաժամ և անառողջ սեռական հետաքրքրություններ առաջացնելու

«Ազգային ժողով» կոչվածում ս.թ. մայիսի 11-ին Լանզարոտի կոնվենցիայի վավերացմամբ փաշինյանական իշխանությունը դրեց հիմքը` դպրոցներում մեր երեխաներին դեռ տարրական դասարաններից անմեղությունից զրկելու, տարրական և միջնակարգ ուսուցման ժամանակ նրանց հոգեբանությունը խեղելու, միտքը պղտորելու, վաղաժամ և անառողջ սեռական հետաքրքրություններ, գայթակղություններ առաջացնելու, ինչպես նաև երեխաների պղծման և այլասերման լիարժեք նախադրյալներ ստեղծելու:

Լանզարոտում ստորագրված  և արտաքուստ անմեղ ու բարի նպատակի մասին հայտնող անվանումով («Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին») վերոնշյալ կոնվենցիան Եվրոպայի խորհրդի կոնվենցիա է: Եվ քանի որ այն Եվրոպայի խորհրդի կոնվենցիա է, ապա այդ կոնվենցիայով նախատեսված տեղեկությունները` սեռական բնույթի բռնությունների և սեռական շահագործման վերաբերյալ, ընդհանրապես սեռական կրթությունը, քանի որ վերոնշյալ տեղեկություններն անհրաժեշտության դեպքում պետք է փոխանցվեն սեռական բնույթի հարցերի վերաբերյալ տեղեկությունների առավել լայն համատեքստում (Լանզարոտի կոնվենցիայի 6-րդ հոդված), տարրական և միջնակարգ ուսուցման ժամանակ երեխաներին պետք է տրվեն ոչ թե ինչ-որ աֆրիկյան, պարսկական, հայկական, չինական, աֆղանական գոյություն չունեցող կամ, թեկուզ, ստեղծվելիք, այլ սեռական կրթության հենց եվրոպակա՛ն նախորոշված ստանդարտներով (հակառակ պարագայում ի՞նչ ստանդարտներ են կիրառվելու, Լանզարոտի կոնվենցիայի 6-րդ հոդվածի կատարված լինել-չլինելն արձանագրելու համար ի՞նչ ստանդարտի հետ են համեմատվելու Հայաստանում կրթության ներդրվելիք ստանդարտները):

Վերը նշվածը մեր ծնողները պետք է սեպեն իրենց գիտակցության մեջ, և որքան էլ «Ազգային ժողով» կոչվածում և, ընդհանրապես, իշխանության վերին օղակներում գտնվող ոմանք անձամբ, ինչպես նաև իրենց մանկլավիկներով` «լրագրող» կոչված կեղծարար ու ծախու գրչակների, ինչպես նաև ֆեյքերի բանակով, փորձեն համոզել, թե ոչ մի սարսափելի բան չի եղել, վաղը մենք մեր երեխաներին նորմալ և անհրաժեշտ սեռական կրթություն ենք տալու, որը ոչ մի վտանգ չի պարունակի, չպետք է հավատան այդ կեղծիքին:

Կրկնում ենք` Լանզարոտում ստորագրված կոնվենցիան ոչ թե Հայաստանի, այլ Եվրոպայի խորհրդի կոնվենցիան է, հետևաբար «խաղի կանոնները» թելադրողն էլ Եվրոպայի խորհուրդն է, որը վաղն իր համապատասխան կոմիտեով, ինչպես նաև Հայաստանում Սորոսի և Արևմուտքի այլ «գրանտներով» գործող, ԼԳԲՏ-ների (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսվեստիտ) «իրավունքների» պաշտպան և իրենց շարքերում ԼԳԲՏ-ներ ունեցող տասնյակ «հասարակական կազմակերպություն» կոչվածներով, աչքերը չռած, հետևելու է, թե Հայաստանն արդյոք կատարո՞ւմ է կոնվենցիայով իր ստանձնած պարտավորությունները, սեռական դաստիարակությունն արդյոք ի՞ր ստանդարտներով է տրվում:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի տեղեկացմամբ, «Առողջապահական համաշխարհային կազմակերպության Եվրոպական ռեգիոնալ կառույցի և Գերմանական առողջապահական ոլորտում Լուսավորության դաշնային կենտրոնի կողմից 2010թ. ընդունվել է «ՍԵՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ» փաստաթուղթը՝ կրթության և առողջապահության ոլորտում քաղաքականություն մշակողների, ղեկավարների և մասնագետների համար, ինչպես նաև քննարկելու այդ ստանդարտների իրականացման հնարավորությունները Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում:

Սեռական կրթության եվրոպական ստանդարտների մեջ ներառված են նաև սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ» (տես հղումը՝ https://www.bzga-whocc.de/en/publications/standards-in-sexuality-education, ինչպես նաև ռուսերեն լեզվով ստանդարտների հղումը` https://www.bzga-whocc.de/fileadmin/user_upload/Dokumente/WHO_BZgA_Standards_russisch.pdf ):

Վերոնշյալ փաստաթղթում շարադրված Եվրոպայում սեռական կրթության ստանդարտներով նախատեսված է երեխաների, ըստ տարիքի, վեց խումբ ՝ 0-4, 4-6, 6-9, 9-12, 12-15, 15-ից բարձր տարեկանների:

Ստորև ներկայացնում են իր ֆեյսբուքյան էջում Արա Զոհրաբյանի հրապարակած տեղեկությունները «ՍԵՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ» փաստաթղթից.

«0-4 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ՝

Ա. տրամադրել տեղեկություն հետևյալի մասին (տես ստանդարտների 42 էջ)՝

  • հղիության, ծնելիության և նորածինների
  • մարդու վերարտադրողականության հիմքերի (որտեղից են հայտնվում երեխաները)
  • ընտանիքի ստեղծման տարբեր միջոցների (օրինակ որդեգրում)
  • սեփական մարմնին դիպչելիս ուրախության և հաճույքի զգացում
  • ինքնաբավարարում վաղ տարիքում
  • սեփական մարմնի և սեռական օրգանների ուսումնասիրություն
  • ֆիզիկական մոտիկությունից ստացվող հաճույքը հանդիսանում է յուրաքանչյուր անձի նորմալ կյանքի բաղկացուցիչ մասը
  • սեքսուալության մասին հարցեր տալու իրավունքի
  • գենդերային ինքնությունը ուսումնասիրելու իրավունքի
  • մերկությունը և մարմինը ուսումնասիրելու, հետաքրքրասեր լինելու իրավունքի

Բ. սովորեցնել երեխաներին՝

  • գիտակցել սեռական ինքնությունը
  • խոսել հաճելի/տհաճ մարմնային զգացողությունների մասին
  • արտահայտել սեփական կարիքները, ցանկությունները և սահմանները, օրինակ բժիշկ խաղալիս

4-6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ՝

Ա. տրամադրել տեղեկություն հետևյալի մասին (տես ստանդարտների 44 էջ)՝

  • ծնելիության միֆերի (օրինակ որոշ երկրներում երեխաներին ասում են,որ նորածիններին արագիլն է բերում)
  • կյանքի՝ հղիության, ծնվելու, նորածինների և կյանքի ավարտի
  • մարդու վերարտադրողականության
  • սեփական մարմնին դիպչելիս ուրախության և հաճույքի զգացումի մասին՝ ինքնաբավարարում վաղ տարիքում
  • սեփական մարմնի և սեռական օրգանների ուսումնասիրության
  • սեքսուալության նշանակությունը և արտահայտումը (օրինակ սիրո արտահայտում)
  • միևնույն սեռին պատկանող անձանց միջև փոխհարաբերությունների
  • գենդերային, մշակութային և տարիքային տարբերությունների

Բ. սովորեցնել երեխաներին՝

  • ամրապնդել սեփական գենդերային ինքնությունը
  • օգտագործել վիրավորական բնույթ չպարունակող սեքսուալ տերմինաբանություն

6-9 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ՝

Ա. տրամադրել տեղեկություն հետևյալի մասին (տես ստանդարտների 46 էջ)՝

  • ժամանակի ընթացքում արտահայտվող մարմնի փոփոխությունների, դաշտանի, սերմնաժայթքման, զարգացման անհատական տարբերությունների
  • կանանց և տղամարդկանց (կենսաբանական) տարբերությունների (ներքին և արտաքին)
  • մայրության և հղիության ընտրության, անպտղության, որդեգրման
  • հակաբեղմնավորիչների հիմնական գաղափարի (թույլ է տալիս պլանավորել և որոշումներ կայացնել սեփական ընտանիքի մասին)
  • բեղմնավորման տարբեր միջոցների
  • ծնելության ցիկլի հիմունքների
  • վերարտադրողականության միֆերի
  • սեքսի ԶԼՄ-ներում (ներառյալ ինտերնետում)
  • սեփական մարմնին դիպչելիս ուրախության և հաճույքի զգացումի (ինքնաբավարարում, ինքնախթանում)
  • համապատասխան սեքսուալ տերմինաբանության
  • սեռական ակտի
  • գենդերային դերերի

Բ. սովորեցնել երեխաներին՝

  • ճիշտ վերաբերվել սեքսին ԶԼՄ-ներում
  • օգտագործել սեքսուալ լեքսիկոն՝ չենթադրելով վիրավորանք

9-12 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ՝

Ա. տրամադրել տեղեկություն հետևյալի մասին (տես ստանդարտների 48 էջ)՝

  • մարմնի հիգիենայի (դաշտան, սերմնաժայթքում)
  • սեռական հասունացման ժամանակ վաղ փոփոխությունների, (մտավոր, ֆիզիկական, սոցիալական և էմոցիանոալ փոփոխությունների, ինչպես նաև դրանց տատանումների)
  • ներքին և արտաքին սեքսուալ, վերարտադրողական օրգանների և դրանց գործառույթների
  • տարբեր տեսակի հակաբեղմնավորիչների և դրանց կիրառման՝ հակաբեղմնավորիչների վերաբերյալ միֆերի
  • հղիության ախտանիշների, ռիսկերի, և չպաշտպանված սեռական հարաբերությունների հետևանքների (անցանկալի հղիություն)
  • առաջին սեքսուալ փորձի
  • գենդերային կողմնորոշման
  • հաճույքի, ինքնաբավարարման, օրգազմի
  • գենդերային ինքնության և կենսաբանական սեռի միջև տարբերությունների
  • ընկերության և սիրո, նույն սեռին պատկանող անձանց միջև
  • անցանկալի, տհաճ, և չպաշտպանված սեքսուալ կապերի ախտանիշների, ռիսկերի և հետևանքների (սեռավարակներ, ՁԻԱՀ, անցանկալի հղիություն, հոգեբանական հետևանքներ)

Բ. սովորեցնել երեխաներին՝

  • հասկանալ կապը դաշտանի, սերմնաժայթքման և ծնելիության միջև
  • հետագայում արդյունավետ օգտվել պահպանակներից և հակաբեղմնավորիչ միջոցներից
  • ընդունել գիտակից որոշում ունենալ սեռական փորձ թե՝ ոչ

Մյուս տարիքային խմբերին վերաբերող տեղեկությունները չեմ մեջբերում, ինքներդ կարդացեք»:

Ընթերցողներին խորհուրդ ենք տալիս ծանոթանալ նաև Стандарты сексуального образования в Европе скоро начнут действовать в странах Восточной Европы и Центральной Азии վերտառությամբ հրապարակմանը` հետևյալ հղմամբ:

Հայաստանում սեռական կրթության եվրոպական ստանդարտներով Լանզարոտի կոնվենցիայի 6-րդ հոդվածի կիրարկումը, ինչպես նաև «սեռական կողմնորոշումը» բառակապակցությունը կամ հասկացությունը պարունակող 2-րդ հոդվածում նշված պարտավորության կատարումը, որի համար 6-րդ հոդվածի կիրարկման ժամանակ երեխաներին տեղեկություններ են տրվելու, որ նրանք սեռական բնույթի բռնության կամ սեռական շահագործման կարող են ենթարկվել նաև նույնասեռ անձանց կողմից, հետևաբար դա անհրաժեշտ է իմանալ ինքնապաշտպանության համար, բացի այդ, եթե իրենք այլ սեռական կողմնորոշում ունեն, իրենց իրավունքները նույնպես ենթակա են պաշտպանության, անխուսափելիորեն հանգեցնելու են նաև ծանր բարոյահոգեբանական և արժեհամակարգային կորուստների: Դրանք ուղղակի սպառնալիք մեր ազգային արժեհամակարգին, մեր ժողովրդի հոգեբարոյական նկարագրին և ընտանեկան ավանդույթներին:

Ի վերջո, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը կամ ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը թող հրապարակայնորեն հայտարարեն, որ ՀՀ-ում Լանզարոտի կոնվենցիայի 6-րդ հոդվածի կիրառումը չի իրականացվելու սեռական կրթության եվրոպական ստանդարտներով կամ դրանց թեկուզ մասնակի փոխադրմամբ կազմված հայկական ստանդարտներով: Տեսնենք կհայտարարե՞ն…

Արթուր Հովհաննիսյան