Ապրիլյան քննիչ հանձնաժողովը աշխատանքները կավարտի հունիսին. ինչո՞ւ է երկրորդ անգամ քննվել Արշակ Կարապետյանը

Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը այսօր հրավիրած նիստում լսել ու հարցեր է ուղղել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանին: Նա 2019 թվականի հոկտեմբերին մեկ անգամ արդեն պատասխանել էր հանձնաժողովի անդամների հարցերին, սա նրա երկրորդ ցուցմունքն է:

ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը այսօր զբաղեցնող Արշակ Կարապետյանը նիստից հետո լրագրողների հարցերին հակիրճ պատասխանեց. «Ճշտելու հարցեր ունեին, հարցեր տվեցին, պատասխանեցի»,- ասաց Արշակ Կարապետյանը

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ ամսվա վերջում հանձնաժողովի նիստին կմասնակցի նաև նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Այս պահին շարունակում է մնալ մեկ կարևոր անձնավորության խնդիրը, որը մինչև ամսի 4-ը ժամանակ ունի Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու. դա գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն է»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը՝ տեղեկացնելով, որ Կարապետյանին երկրորդ անգամ հրավիրելը կապված է նաև Խաչատուրովի չգալու հետ:

Անդրանիկ Քոչարյանը չի բացառել, որ հանձնաժողովի աշխատանքներին գուցե ԱՀ նախագահ Բակո Սահակյանի՝ ևս մեկ անգամ մասնակցելու անհրաժեշտությունը լինի:

Նրա խոսքով՝ ինքն Արցախի նախագահին մի քանի հարցեր ունի: