«Սողացող հակամարտություն». ադրբեջանական հռետորաբանություն, Արցախի Հանրապետության ընտրություններ, անվտանգություն

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն իր տեսակով և դրսևորման ձևերով տիպաբանական առումով դասվում է «սողացող համակարտությունների» շարքին:

Հատկանշական է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քննության միջոցով կարելի է հստակեցնել կամ դասականացնել «սողացող հակամարտությունների» բնութագրիչները հակամարտաբանության ոլորտում:

«Սողացող հակամարտության» համընդունելի սահմանման համար դեռևս տերմինաբանական բավարար տեսական հիմքեր չկան, այնուամենայնիվ, մեր կողմից առանձնացվել են այն բնութագրող որոշակի հատկանիշներ.

  • Այդպիսին կոչվելու առաջին նախապայմանը խաղաղության համաձայնագրի բացակայությունն է, ինչը դրսևորվում է հետպատերազմյան իրադրության ոչ հստակ արտահայտմամբ:
  • Բնորոշ է խաղաղության տրամաբանությունից հեռացումը, կողմերի միջև անտագոնիզմի խորացումը:
  • Հատուկ է ռազմական ոլորտում սպառազինության մրցավազքում հետ չմնալու մշտական ձգտումը, ինչը տանում է բյուջեի բևեռացման, պաշտպանության նպատակներով ֆինանսների արդարացված անհամաչափ բաշխման և արտաբյուջետային աղբյուրների ձևավորման: (Ռենտային պետություններում, ինչպիսին Ադրբեջանն է, դա արվում է հումքային ռեսուրսների շարունակական շահագործման հաշվին, երբ ստացված եկամուտները, ձևավորված հիմնադրամների խողովակներով, տոկոսային բաշխմամբ հատկացվում են ռազմական ծախսերը հոգալու համար):
  • Տիպական է հակառակորդ պետությունների հնարավորությունների փոխգնահատումը, ինչը «ստուգվում է» լարվածության պարբերական, ոչ մասշտաբային բռնկումներով:
  • Ռազմաքաղաքական կանխատեսումներում և փորձագիտական եզրակացություններում առկա է լայնածավալ պատերազմի բռնկման ռազմական սպառնալիքի մշտական գերակայության գործոնը:
  • Բնորոշ է խիստ արտահայտված թիրախային գաղափարախոսական պայքարը պատերազմում:
  • Բնութագրվում են հակառակորդի հյուծման պատերազմով, որի նպատակը հակամարտության երկարաժամկետ լուծման բացառումն է:

Ադրբեջանա-ղարաբաղյան «սողացող հակամարտության» դեպքում հստակեցված ընդհանուր բնութագրիչները համալրվում են լրացուցիչ խնդիրներով: Թեժ հակամարտությունից՝ «սողացող հակամարտության» վերածման փուլում խնդրահարույց է դառնում բուն կարգավորման գործընթացը, որն աստիճանաբար վերածվելով միջոցառումների համակարգի՝ ձևափոխվում է հակամարտությունների կառավարման, ըստ այդմ՝ լարվածության հերթական մակարդակները պետք է գնահատել որպես սողացող հակամարտության կառավարման ճգնաժամ (management crisis): Այս դեպքում մենք ունենք երկու օրինակ՝ (1992-1994թթ. ադրբեջանա-ղարաբաղյան լայնածավալ պատերազմից հետո), երբ «սողացող հակամարտությունը» դադարում է «սողալուց» և վերածվում ակնհայտ բախման՝ հատելով փոխադարձ սպառնալիքի գոտիները՝ 2014 թվականի օգոստոսյան դիրքային պատերազմը և 2016 թ-ի  ապրիլյան պատերազմը:  Փաստորեն, ստեղծվում է մի իրավիճակ, երբ հակամարտությունը գտնվելով փափուկ ուժի՝ դիվանագիտության կարգավորման և կառավարման տիրույթում՝ դուրս է գալիս վերահսկողությունից  և  շղթայական անկանխատեսելի զարգացումների արդյունքում ձեռք է բերում ինքնակառավարման ուղղվածություն:

Գտնվելով «սողացող հակամարտության» պայմաններում Արցախի Հանրապետությունը ձևավորել է հետևյալ հակազդման, զսպման և կանխման գործիքները, որոնք կարելի է դասակարգել ըստ ուժեղ, թույլ կողմերի և վտանգների:

Ուժեղ կողմերն  են՝

  • Արցախի Հանրապետության անվտանգության փաստացի երաշխավորներն են Պաշտպանության բանակը և Հայաստանի Հանրապետությունը:
  • ԱՀ Պաշտպանության բանակը մշտապես պատրաստ է պաշտպանողական, իսկ անհրաժեշտության դեպքում նաև հարձակողական գործողությունների:
  • ԱՀ Պաշտպանության բանակը մշտապես հետևում է ռազմական ոլորտի կատարելագործմանը:
  • Հերթական լարվածությունը, անգամ դիրքային սրացումները, հնարավորություն են տալիս դիրքային ճշգրտումներ կատարելու:
  • ԱՀ Պաշտպանության բանակն ունի միակողմանի հաստատված տեխնիկական տեսահսկման հնարավորություններ, ինչը տեխնիկապես գրեթե զրոյացնում է դիվերսիաների հնարավորությունը /2018 թ. հունվարին Արցախի Հանրապետությունը հանդես է եկել տեսահսկման տվյալները միջազգային դիտորդներին տրամադրելու պատրաստակամությամբ/:

Թույլ կողմեր

  • Հակամարտության որոշ փուլերում անկանխատեսելիության բարձր աստիճան
  • Կոշտ ուժի և փափուկ ուժի կիրառման անհամաչափություն, դիվանագիտական ոլորտում ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման համար խոչընդոտներ՝ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության արդյունքում: Վերջին ամենաթարմ օրինակները 2016 թ. Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածություններն են, որոնք քաղաքական խոսույթում արդեն հազվադեպ են շոշափվում:
  • Սպառազինությունների մրցավազքի զսպմանն ու կարգավորմանն ուղղված միջազգային կառույցների քաղաքականության բացակայություն:

Վտանգներ

  • Հակամարտության սրացման հերթական մակարդակում մարդկային անդառնալի կորուստներ
  • Ադրբեջանի կողմից արմենաֆոբիայի /հայատյացության/, անհանդուրժողականության միջավայրի ձևավորում, արտաքին թշնամու գաղափարի ամրապնդում, դեմոնիզացիա, իսկ դրանց զուգահեռ խաղաղության, խաղաղաշինական կոչերի և մեխանիզմների կիրառման անարդյունավետություն
  • Ժամանակ առ ժամանակ կողմերի դիրքորոշումների բևեռացման արդյունքում «բանակցային տարածքի» բացակայության վտանգ
  • Ադրբեջանի կողմից բանակցությունները՝ որպես միակողմանի զիջումների հասնելու գործիքի ընկալում

Վերլուծության արդյունքում կարող ենք փաստել, որ ադրբեջանա-ղարաբաղյան «սողացող հակամարտության» կարգավորման հնարավորություն պետք է դիտարկել նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումը, որը կարող է հանգեցնել փոխվստահության մեխանիզմների հաստատմանը և դիրքային պատերազմում լարվածության նվազեցմանը: Հակամարտության կարգավորման ամբողջ ընթացքն ուղեկցվել է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմամբ: Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից հակամարտող կողմերին ուղղված խաղաղաշինական կոչերին և համաշխարհային պանդեմիայով պայմանավորված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հակամարտող պետություններին ուղղված անհապաղ գլոբալ հրադադարի կոչին՝ 2020 թ-ի ապրիլի 2-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ «ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը բարձր է», իսկ հրամկազմը պետք է պատրաստ լինի «ճակատի բոլոր ուղղություններով մարտական գործողություններին»:

Ադրբեջանի գործնականում փորձված այս հայտարարությունները պայմանավորված են համաճարակի հետևանքով նավթի գների աննախադեպ անկմամբ, ինչը սոցիալական դժգոհությունների տեղիք է տալիս: Նման պայմաններում անխուսափելի չէ հակամարտության հերթական սրացումը, որը կարող է Ադրբեջանում սոցիալական լարվածության թոթափման միջոց լինել:

Սողացող հակամարտության» պայմաններում Արցախի Հանրապետության անելիքները

2020 թվականի գարնանն Արցախի Հանրապետությունում տեղի ունեցան նախագահական և խորհրդարանական ընտրություններ: ԱՀ նախագահի ընտրություններին հայտ ներկայացրած Արցախի նախագահի դիմադիր և ընդդիմադիր դաշտը ներկայացնող 14 թեկնածուների նախընտրական ծրագրերում հակամարտության պայմաններում գտնվող պետության գերխնդիրն անվտանգության ապահովումն էր և հակամարտության դիմակայումը: ԱՀ նորընտիր նախագահ (պետական գործիչ, նախկին վարչապետ) Արայիկ Հարությունյանի նախընտրական ծրագրում 2020-2025 թվականներին հակամարտության կարգավորման հարցում և հատկապես «սողացող հակամարտության» պայմաններում պետական կառավարման հարցում որպես ծրագրային դրույթի 1-ին կետ նախանշվել են պաշտպանությունը և անվտանգությունը՝ հետևյալ ուղղություններով՝ Պաշտպանության բանակի հզորացման շարունակականություն՝ սպառազինությունների համալրման, ինժեներական ենթակառուցվածքների զարգացման միջոցով, քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական բարելավում: Այս դեպքում անվտանգության ապահովումը ենթադրում է հակամարտության զսպում: Հատկանշական է, որ այս ամենին զուգահեռ ԱՀ և ՀՀ շարունակելու են արտաքին քաղաքականության ուղղությամբ վարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորմանն ուղղված քաղաքականություն, որը պետք է բխի Արցախի Հանրապետության հասարակության անօտարելի իրավունքներից և անվտանգության շահերից, ինչը ենթադրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված հակամարտության կարգավորման սկզբունքների վերջնականացումը Ստեփանակերտում է: Առանց ապահովելու բանակցային լիարժեք եռակողմ ձևաչափը դիվանագիտական առաջընթացի և հաջողության որևէ ակնկալիք չենք կարող ունենալ:

«Սողացող հակամարտության» պայմաններում գտնվող պետության՝ ԱՀ առաջնահերթությունը հակամարտության սրման կանխումն է՝ անվտանգության ամրապնդման գործիքակազմով, իսկ հակառակորդի լայնածավալ հարձակման դեպքում հակագրոհի գործիքակազմով: Հարկ է նշել, որ Արցախի Հանրապետության անվտանգությունն առաջնահերթություն է նաև Հարավային Կովկասում կայունության ապահովման տեսանկյունից:

Նելլի Բաղդասարյան

ԱրՊՀ պատմության և քաղաքագիտության ամբիոնի  դասախոս,  պատմական  գիտությունների  թեկնածու, դոցենտ, Մեսրոպ  Մաշտոց  համալսարանի Կովկասագիտության կենտրոնի Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գիտաճյուղի ղեկավար

Արմինե  Գրիգորյան

Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Արցախի Հանրապետության Նախագահի օգնական

Աղբյուրը՝ «Արցախպրես»