Կա մի քաղաքական համատեքստ՝ ստեղծել տպավորություն, որ այս ԱԺ-ը պրոֆեսիոնալ չէ, անլուրջ է (տեսանյութ)

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով  Ազգային ժողովում տեղի ունեցած հայտնի ծեծկռտուքին և դրան հետևած հայտարարություններին և իրենց դիտարկմանը, թե «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը համագործակցում է նախկին իշխանությունների հետ՝ նշեց. «Կա մի քաղաքական համատեքստ, այդ համատեքստը ծնունդ է առել այս գումարման Ազգային ժողովի ձևավորման առաջին օրվանից սկսած և այդ համատեքստը հետևյալն է՝ ստեղծել տպավորություն, որ այս Ազգային ժողովը պրոֆեսիոնալ չէ, անլուրջ է, որ այստեղ ամբողջ օրը ինչ-որ անիմաստ խոսակցություններով են զբաղված, որ այս Ազգային ժողովի պատգամավորները չեն տարբերվում նախկին Ազգային ժողովների պատգամավորներից, և որ նրանք բռնությանը կողմ են: Շատ տրամաբանական է, թե ում է ձեռնտու այս համատեքստը, այս մտայնություն ստեղծել են նախկին իշխանությունները, որոնք չեն անցել Ազգային ժողով: Նրանք ուզում էին ապալեգիտիմացնել այս գումարման Ազգային ժողովը տարբեր մեթոդներով՝ ներառյալ իրենց հետ կապված լրատվամիջոցներով: Հիմա եթե համադրենք մի քանի համատեքստ, կստացվի, որ վերջին շրջանում «Լուսավոր Հայաստանը» կամա, թե ակամա գտնվում է այս համատեքստում: Որովհետև այլ կերպ, քան ԱԺ-ի ապալեգիտիմացման փորձ, հնարավոր չէ անվանել «Լուսավոր Հայաստանի»  առանձին պատգամավորների, առաջին հերթին՝ խմբակցության ղեկավարի վերջին շրջանի պահվածքը: Այսինքն փաստ է, չէ՞, որ մի օր ԱԺ-ում են հայհոյում, մյուս օրը ԱԺ-ից դուրս են հայհոյում, մի օր ԱԺ-ից դուրս է ծեծկռտուք լինում, մյուս օրը ԱԺ-ում է ծեծկռտուք լինում»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը պատասխանելով հասարակության շրջանում մեծ աղմուկ հանած Լանսարոտեի կոնվենցիային առնչվող հարցին՝ նշեց. «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաներին պաշտպանելու կամ, կարճ ասած, մանկապղծության դեմ կոնվենցիայի դրույթներից մեկը՝ 50 հոդվածներից մեկը, վերաբերում է կրթությանը, և այն խրախուսում է երկրներին իրենց ազգային կրթական ծրագրերում ունենալ միջոցներ՝ երեխաներին իրենց սեռական անձեռնմխելիության նկատմամբ վտանգներից և ռիսկերից առաջին ազդանշանները ճանաչելու և ինքնապաշտպանվելու ունակություններ տալ»:

Մանրամասները՝ տեսանյութում