Բարենցի ծովում ԱՄՆ-ի հակառուսական սադրանքը ձախողվել է

Պարզվում է, որ մայիսի 9-ի նախօրեին Բարենցի ծովում իսկական «ծովային մենամարտ» է տեղի ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Պատճառն այն է, որ ամերիկացիները փորձել են ռազմածովային սադրանք ձեռնարկել: Հասկանալի է, թե ինչ պատճառով. Ռուսաստանում, ինչպես նաև աշխարհի մի շարք այլ երկրներում, ազգային տոնի օրվա նախօրեին ԱՄՆ-ը փորձում էր մոլորակին պարտադրել որոշակի «նոր խնդիր»: Փորձենք ճշտել. Բարենցի ծովում նավարկելու համար ԽՍՀՄ-Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամ Նորվեգիայի միջև գործում է առանձին պայմանագիր: Եվ Նորվեգիան՝ լինելով ՆԱՏՕ-ի անդամ, պարտավոր է կանխել Բարենցի ծովում Ռուսաստանի դեմ սադրանքները: Այնուամենայնիվ, մայիսի 4-ին ռազմածովային ոլորտում մասնագիտացված USNI News ամերկյան պարբերականը հայտնել է, որ ԱՄՆ ՌԾՈՒ վերջրային ուժերը «Սառը պատերազմից» հետո առաջին անգամ գործում են Բարենցի ծովում՝ դրանով իսկ համալրելով «Արկտիկական գործողությունների պորտֆելը», վերջին երկու տարվա ընթացքում մեկ ավիակիր և միջուկային սուզանավերի օգտագործելուց հետո: USNI News-ը հայտնել է, որ Բարենցի ծովում գործողությունը իրականացվում է վերջին մեկ ամսվա ընթացում նավերի վրա անցկացվող հակասուզանավային մարտական պատրաստության շրջանակներում։ Այսինքն, ամերիկյան նավերի գործողությունը Բարենցի ծովում նպատակ ուներ հակազդել Հյուսիսային նավատորմի ռուսական սուզանավերի գործողություններին՝ Կոլսկի թերակղզու իրենց մշտական ​​հենակետերի անմիջական մոտակայքում: Դա նույնն է, ինչ ռուսական հակասուզանավային նավերը զորավարժություններ անցկացնեն Ատլանտիկայում՝ ԱՄՆ Նորֆոլկ ծովային ռազմակայանի հարևանությամբ կամ Քինգս Բեյ բազայի դիմաց:

Բարենցի ծովում գործողությանը մասնակցում էին ամերիկյան երեք էսկադրային ականակիրներ. «Դոնալդ Քուք» (DDG-75), «Պորտեր» (DDG-78) և «Ռուզվելտ» (DDG-80), ինչպես նաև բրիտանական Թագավորական նավատորմի «Քենթ» ֆրեգատը (F78): Նավախմբին ուղեկցում էր T-AOE-6 ամերիկյան արագընթաց մատակարարման մարտական ​​նավը: ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարել են, որ ակնկալում են ժամանակի ընթացքում Արկտիկայում պարբերական գործողություններից անցնել Արկտիկայի ջրերում նավերի մշտական ​​ներկայությանը: Դրա հետ կապված՝ նախատեսվում է ռազմական նավերի կեռների սառցային ամրապնդումը: Անցած երկու տարիների ընթացքում Արկտիկայում ԱՄՆ ՌԾՈՒ 6-րդ նավատորմի կանոնավոր գործողություններից բացի, տարածաշրջանում «գործում է» նաև վերջերս վերակազմավորված ԱՄՆ ՌԾՈՒ 2-րդ նավատորմը` Իսլանդիայի ռազմակայանից մակերեսային գործողությունների (SAG) վերահսկողությամբ: ԱՄՆ ՌԾՈՒ մամլո հաղորդագրության մեջ նշվում է այս նավախմբի ներկայության նպատակը. «Հաստատել նավարկության ազատությունը և ցուցադրել դաշնակիցների միջև սահուն ինտեգրումը»: «Նավարկության ազատությունը» ակնարկում է Հյուսիսային ծովային երթուղու (ՀԾԵ) կարգավիճակի մասին՝ դեպի Եվրոպա բեռների փոխադրման համար այս երթուղու օգտագործման վերաբերյալ ռուս-չինական համագործակցության խորացման հենքին: «Սահուն ինտեգրման» ցուցիչ է նավախմբում բրիտանական ֆրեգատի ներկայությունը: Ինչպես հայտնի է, ամերիկացիները որոշել են վիճարկել Ռուսաստանի ՀԾԵ կարգավիճակը…

Նրբությունը պայմանավորված է նրանով, որ Նորվեգիան ինքը ձեռնպահ մնաց անգլո-սաքսոնականների սադրանքին մասնակցելուն: Նորվեգացի փորձագետ Յեդսյո Բերտելսենը մայիսի 4-ին «Barents Observer»-ի հրապարակման իր մեկնաբանության մեջ, ըստ էության, համարել է, որ ԱՄՆ և Բրիտանիայի ռազմածովային ուժերի «զորավարժությունները» «սպառնում են Ռուսաստանի պաշտպանական բաստիոնին և միջուկային զսպմանը և, հետևաբար՝ ռազմավարական կայունությանը»: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները պետք է մանրակրկտորեն դիտարկեն տարածաշրջանում հակահրթիռային պաշտպանության ուժերի ազդեցությունը ռազմավարական կայունության վրա: «Նորվեգիան ձեռնպահ է մնացել այդ զորավարժություններից՝ միգուցե գիտակցելով, թե որքան վտանգավոր է Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների համար սպառնալ Ռուսաստանի միջուկային զսպմանը»,- ասել է Բերտելսենը: Մեկ օր անց նորվեգական TV2 հեռուստաալիքը հաղորդել է այն մասին, որ Նորվեգիայի Պաշտպանության նախարար Ֆրանկ Բաքքե-Յենսենը մայիսի 5-ին հաստատել է, որ Օսլոն չի մասնակցում այդ զորավարժություններին, քանի որ դա համարում է «ոչ նպատակահարմար» և «ոչ առաջնային»: Նորությունների ուղեկցող մեկնաբանության մեջ TV2-ին հարցազրույց է տվել Նորվեգիայի պաշտպանության ինստիտուտի գիտաշխատող, գնդապետ Տորմոդ Հեյերը, ով պնդում էր, որ «Բարենցի ծովում մեր հարևանությամբ պայքար է ընթանում Ռուսաստանի և ԱՄՆ միջև»: Բայց նորվեգացիների կողմից նման արձագանքը սկսվել է միայն այն բանից հետո, երբ Նորվեգիայում Ռուսաստանի դեսպանատունը մայիսի 4-ին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի նավերի այցը չի նպաստում Արկտիկայում անվտանգության պահպանմանը:

Այսպիսով, ամերիկացիների կողմից հայտարարված այս սադրանքի նպատակը`ցույց տալ «մեր դաշնակիցների հետ գործնական համատեղելիությունը» և «նվազագույն ծանուցմամբ տեղակայել բազմազգ ռազմածովային ուժեր»՝ «ՆԱՏՕ-ի իրական ուժը» ռուսներին  ցուցադրելու համար, բավականին ակնհայտ ձախողվել է: Նորվեգիան լուռ հրաժարվել է միանալ այս սադրանքին, իսկ ՆԱՏՕ-ի մնացած անդամները, ըստ երևույթին, հետևում և սպասում էին կոնկրետ Նորվեգիայի՝ Բարենցի ծովի համասեփականատերոջ արձագանքին: Իհարկե՝ նաև Ռուսաստանի: Նրանք տեսան արձագանքը, սակայն նույնպես չմիացան անգլո-սաքսոնականներին: Այժմ նկարագրենք Ռուսաստանի գործողությունները. ըստ երևույթին, հենց դա է լրջորեն վախեցրել ՆԱՏՕ-ին, այդ թվում՝ նաև ամերիկացիներին, քանի որ մայիսի 8-ին ԱՄՆ և Բրիտանիայի նավերը շտապ փախել են Բարենցի ծովից: Բանն այն է, որ մայիսի 7-ին ՆԱՏՕ-ի հարվածային նավախմբի մուտքի ֆոնին Ռուսաստանի Հյուսիսային նավատորմը փակել է Բարենցի ծովի տարածքը մարտավարական վարժանքների համար: ՌՕՈՒ ԻԼ-38 հականավային ինքնաթիռի և Հյուսիսային նավատորմի ՀՕՊ ուժերի համագործակցությամբ Ռուսաստանի նավախումբը անցել է պայմանական թշնամու սուզանավի որոնման և ոչնչացման գործողության կատարմանը: Ռուսական զորավարժությունները դեռ շարունակվում են: Զորավարժություններին մասնակցում են` «Յունգա», «Բրեստ» և «Սնեժնոգորսկ» հակասուզանավային փոքր նավերը, «Վլադիմիր Գումանենկո», «Կոտելնիչ», «Սոլովեցկիյ Յունգա» տրալերները: Բացի այդ, ուսումնական հրետանային կրակ անցկացնելու համար Բարենցի ծով է մտել Սիրիայից վերադարձած «Մարշալ Ուստինով» հրթիռային հածանավը։ Ամերիկացիները նախատեսում էին հնարավորինս երկար մնալ Բարենցի ծովում, բայց …

«Մարշալ Ուստինով» հրթիռային հածանավի հնարավորություններին ՆԱՏՕ-ի նավաստիները հետևել են Միջերկրական ծովում: Հետևաբար և փախել են «անախորժություններից»: Այսպիսով, բացի Օսլոյում ՌԴ դեսպանության հայտարարությունից, Ռուսաստանը նաև «վախեցրել» է ամերիկացիներին և բրիտանացիներին: Ահա թե ինչու ԱՄՆ դաշնակիցները ռիսկի չդիմեցին, իսկ նորվեգացիները Բարենցի ծովում ՆԱՏՕ-ի սադրանքն անվանեցին «աննպատակահարմար» և «Ռուսաստանին սպառնացող»:

Սերգեյ Շաքարյանց