ԿԳՍՄՆ-ը հավաքարար և պահակ է նշանակել Խոսրովի արգելոցում, որոնց տեսուչները երբևէ չեն տեսել (տեսանյութ)

«Էկո մեդիա» լրագրողական ցանցի լրագրողներիս ճանապարհը դեպի Հավուց թառի վանական համալիր գործնական էր, թեև արժե այնտեղ ուխտագնացություն կազմակերպել, քանի որ համալիրը բացի Հայաստանի գողտրիկ անկյուններից և դարավոր ավանդույթներ ունեցող պատմամշակութային հուշարձաններից մեկը լինելուց՝ նաև հավատքի կարևորագույն կենտրոններից է։ Նախօրեին ֆեյսբուքյան օգտատերերից Մարիամ Մկրտչյանը ահազանգել էր այդ վանական համալիրի տարածքում կուտակված աղբի մասին՝ նշելով, որ քրիստոնեական ավանդույթներ դավանող ժողովրդին, պետությանը հարիր չէ աղբով դիմավորել ուխտավորներին։ Եվ ահա մեր ճանապարհը դժվարին ելեևէջներով մեզ հասցրեց դեպի վանական համալիր՝ Խոսրովի անտառի տեսուչների և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի ուղեկցությամբ։ Այդ օրն արդեն աղբը մաքրել էին, և Հավուց թառի տարածքը անխոցելի էր։
Հավուց թառի վանքը միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոններից է: Վաղ միջնադարից հիշատակվող այս վանքը գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղից արևելք` Ազատ գետի բարձրադիր ձախ ափին, լեռնաճյուղի գագաթին, Գողթ գյուղի դիմաց: Հավուց թառ՝ հայտնի է նաև որպես Ամենափրկիչ, Արունեց եկեղեցի, Դարունեց եկեղեցի, Դարունից վանք, Կարմիր վանք, Կզըլվանք, Հայոց թառ, Հայվոց թառ Հայու թառ, Հավոց թառ, Հավու թառ, Հավուց թառի Ամենափրկիչ, Հավուց թառի վանք։ Վաղ միջնադարից հիշատակվող այս վանքում 1013-ին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին կառուցել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Հավուց Թառը վերելք է ապրել XII-XIV դդ., ավերվել 1679-ի երկրաշարժից։ Համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբից։ Արևմտյան հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք ունի։ Բազմագունության սկզբունքով շարված պատերը հարուստ են արձանագրություններով։ Քանդված են եկեղեցու գմբեթն ու ծածկը։
Ցավոք այս պատմամշակութային կոթողն այսօր անմխիթար վիճակում է, անտառի պահապաններն արձանագրում են, որ ցանկացած պահի հուշարձանի քարերը կարող են պոկվել, կարող են նաև շինությունների մասնակի փլուզումներ լինել։ Մինչդեռ երբեմնի ունեցող մշակույթի նախարարությունը, որի գործառույթներն այսօր իրականացնում է ԿԳՄՍ նախարարությունը, համապատասխան միջոցներ չի կարողանում տրամադրել հուշարձանի ամրապնդման, վերականգնման համար։ Բայց դրանով հանդերձ՝ նաև զլացել է նախազգուշական միջոցներ ձեռնարկել՝ ուխտավորներին, զբոսաշրջիկներին զերծ պահելու փլուզման վտանգներից։
Մանրամասները՝ տեսանյութում