Ֆրանսիայի բժիշկները պարզել են, որ դեռևս դեկտեմբերին կորոնավիրուսով վարակված մարդու են բուժել

Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկում մասնագետներն արդեն թոքաբորբից  ապաքինված հիվանդների հին թորձանմուշները կրկնակի թեստավորման են ենթարկել և արձանագրել, որ դեռ դեկտեմբերի 27-ին կորոնավիրուս ունեցող մարդու են բուժել․ դրանից միայն մեկ ամիս հետո է ֆրանսիական կառավարությունը հայտարարել երկրում կորոնավիրուսի առաջին դեպքերի մասին, գրում է The Guardian պարբերականը։

Փարիզի հյուսիսային արվարձաններում գտնվող Avicenne և Jean Verdier հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, բժիշկ Իվ Քոհենի խոսքով՝ գիտնականները դեկտեմբերին և հունվարին բուժում ստացած 24 հիվանդի նմուշները վերաթեստավորել են, նրանցից մեկի փորձանմուշում կորոնավիրուսի առկայությունը հաստատվել է։

Աղբյուրը մանրամասնում է, որ նմուշները նախապես հավաքվել են PCR թեստերի միջոցով գրիպի հայտնաբերման համար, սակայն այստեղ օգտագործվում է նույն գենետիկ սկրինինգային գործընթացը, ուստի այն կարող է օգտագործվել նաև կորոնավիրուսի հայտնաբերման համար: Սխալներից խուսափելու համար յուրաքանչյուր նմուշը փորձարկվել է մի քանի անգամ։

Ֆրանսիայում մարտի 1-ից հետո կորոնավիրուսից ավելի քան 25 000 մարդ է մահացել։ Առաջին դեպքերը երկրում հաստատվել են հունվարի 24-ին։

Բժշկի խոսքով՝ առաջին վարակակրի հայտնաբերումից հետո հնարավոր կլինի հասկանալ, թե ինչպես է վիրուսը տարածվել, սակայն դեռևս շատ վաղ է հասկանալու համար, թե նա՞ եղել արդյոք Ֆրանսիայում կորոնավիրուսի «զրոյական հիվանդը»։

Կայքի փոխանցմամբ՝ տղամարդը հիվանդ է եղել մոտ 15 օր և հասցրել է վարակել երկու երեխաներին, սակայն սուպերմարկետոմ աշխատող կինը չի վարակվել։