Երեխաներին զրկել իրենց անմեղությունից և ամոթից, խեղել նրանց հոգին, պղտորել միտքը. Լանզարոտի կոնվենցիայի թաքնված նպատակը

Մինչդեռ Նիկոլի իշխանությունը պատրաստվում է վավերացնել նշված կոնվենցիան

Ազգային ժողովը շուտով քննարկելու է Լանզարոտի կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից վավերացնելու հարցը, և, ինչպես արդեն նշել ենք այս թեմայով մեր նախորդ` «Մոտ ապագայում ականատեսն ենք լինելու մի մղձավանջի, որը նույնիսկ մեր ամենավատ երազում չէինք կարող պատկերացնել» վերլուծականում, կասկածից դուրս է, որ ԱԺ-ի իշխող և իշխանական «Իմ քայլը» խմբակցության ձայների մեծամասնությամբ Ազգային ժողովը նշված կոնվենցիան վավերացնելու է: Եթե, իհարկե, հիշյալ խմբակցության պատգամավորները ժամանակին համապատասխան հետևություններ չանեն, ինչի հույսը չափազանց չնչին է, ինչպես նրանց մեծամասնության ողջախոհ լինելու հույսը:

Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած, «թավշյա հեղափոխություն» կոչվածով իշխանության եկած կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ սկսված է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (հակիրճ` Լանզարոտի կոնվենցիա) վավերացման գործընթաց: Հիշյալ կոնվենցիան Եվրոպայի խորհրդի անդամ նախաձեռնող պետությունների կողմից ստորագրվել է Լանզարոտում, 2007թ. հոկտեմբերի 25-ին:

Արդեն զգուշացրել ենք, որ ՀՀ-ում հիշյալ կոնվենցիայի վավերացումից, ուժի մեջ մտնելուց որոշ ժամանակ հետո մեր ծնողները, որոնք այսօր դպրոցներում երեխաներ ունեն, և նրանք, որոնց երեխաները հետագայում պետք է դպրոց գնան, մոտ ապագայում ականատեսն են լինելու մի մղձավանջի, որը նույնիսկ իրենց ամենավատ երազում չէին կարող պատկերացնել: Այս զգուշացումը կամ կանխատեսումը ոմանց միգուցե չափազանցված թվա, բայց երանի այդպես լիներ…

Ինչպես տեղեկանում ենք ԱԺ-ի պաշտոնական կայքում զետեղված լրատվությունից, 2020թ. ապրիլի 27-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, գումարել է իր հերթական նիստը, որի ընթացքում պատգամավորները քննարկել ու դրական եզրակացություն են տվել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» հարցին:

«Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի տեղեկացմամբ` Կոնվենցիան ստորագրվել է 47, ուժի մեջ մտել 45 պետության համար,- նշված է ԱԺ-ի վերոնշյալ տեղեկատվության մեջ:- Կոնվենցիան կոչված է ապահովելու երեխաների պաշտպանվածությունը սեռական շահագործումից եւ սեռական բնույթի չարաշահումից` հաստատելով ընդհանուր չափորոշիչներ եւ սահմանումներ: Կոնվենցիան համալիր միջազգային ինստրումենտ է` միտված երեխայի սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունների կանխարգելմանը, զոհերի պաշտպանությանը, պատշաճ քննություն իրականացնելուն, իրազեկմանը եւ միջազգային համագործակցությանը:

Փաստաթղթի վավերացմամբ ՀՀ-ը կստանձնի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ օրենսդրական եւ այլ միջոցառումներ` երեխաների սեռական շահագործման ու սեռական բռնության բոլոր ձեւերը կանխարգելելու եւ դրանցից պաշտպանելու համար»:

Հիմա տեսնենք, թե խոսքը երեխաների սեռական շահագործման ու սեռական բռնության բոլոր ձևերը կանխարգելելու և դրանցից պաշտպանելու համար կոնվենցիայով, մասնավորապես` դրա 6-րդ հոդվածով անհրաժեշտ համարված այդ ի՞նչ իրազեկման մասին է նաև, որը Հայաստանի Հանրապետությունում, մեր հանրակրթական դպրոցներում, թերևս նաև հեռուստատեսությամբ  և այլ կերպ անխուսափելիորեն իրականացվելու է, քանի որ, ինչպես նշված է ԱԺ-ի վերոնշյալ պաշտոնական տեղեկատվության մեջ, «Փաստաթղթի վավերացմամբ ՀՀ-ը կստանձնի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ օրենսդրական եւ այլ միջոցառումներ…»:

Մեր վերոնշյալ վերլուծականում արդեն նշել ենք, որ ՀՀ-ում Լանզարոտի կոնվենցիայի վավերացումից հետո հանրակրթական դպրոցներում «Սեռական դաստիարակություն» կամ, այսպես կոչված, «Մշակութային մարդաբանություն» առարկայի դասավանդմամբ (առարկայի կամ միջոցի անվանումն այս դեպքում կարևոր չէ) մեր երեխաներին, նրանց թվում նաև` 6-12 տարեկաններին, այսինքն` մինչև 8-րդ դասարան հասնելը և այդ դասարանում «Կենսաբանություն. ՄԱՐԴ» առարկայի դասավանդումը, տեղեկացնելու, բացատրելու, սովորեցնելու են (հնարավոր է նաև` պատկերներով, տեսանյութերով), թե իրենցից ինչ են ներկայացնում սեռական օրգանները, ինչ բան են սեռական հարաբերությունը և սեռական բռնությունը, ինչ է կատարվում դրանից հետո, ինչու են անթույլատրելի սեռական շահագործումը և սեռական բռնությունը, դրանց հետ կապված ինչ վտանգներ կան, ինչպես պետք է պաշտպանեն իրենց՝ համաձայն իրենց կարողությունների, այսինքն` պաշտպանության ինչ միջոցներ կան: Ընդգծում ենք` նաև տարրական դասարանների աշակերտներին, տարրական կրթություն ստանալու ժամանակ…

Տարրական դասարանների, ինչպես նաև նրանցից ավելի բարձր տարիքի աշակերտները վերոնշյալ տեղեկությունները վաղաժամ, ոչ իրենց տարիքին համապատասխանող շրջանում ստանալով, կորցնելու են իրենց տարիքին բնորոշ անմեղությունը, ինչպես նաև սեռականի առնչությամբ ամոթի զգացումն առնվազն իրենց հասակակիցների և իրենց տարիքին մոտ գտնվող անձանց շրջանում: Մինչդեռ, ամոթն այն գլխավոր տարբերակիչ հատկանիշներից մեկն է, թերևս ամենագլխավորը, որով մարդը տարբերվում է անասունից, կենդանական աշխարհի բոլոր մյուս ներկայացուցիչներից: Ահա թե ինչին է ձգտում Սատանան` իր երկրային կամակատարների, վեցանոցների բանակի հետ միասին:

Հարց է առաջանում` Լանզարոտի կոնվենցիան ընդհանրապես մեզ անհրաժե՞շտ է, եթե մի պահ համարենք, թե կոնվենցիայի վտանգավոր, ոչ հեռավոր ապագայում մեր մանուկների և դեռահասների հոգեբանությունը խեղող, մեր հասարակության մեջ լուրջ խնդիրների հանգեցնող դրույթները գոյություն չունեն: Ո՛չ: Որովհետև առանց այդ կոնվենցիայի վավերացման, ընդունման էլ, Հայաստանի Հանրապետությունը երեխայի սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունների կանխարգելման, զոհերի պաշտպանության, պատշաճ քննություն իրականացնելու, համապատասխան տարիքի աշակերտների իրազեկման և միջազգային համագործակցության նպատակով արդեն իսկ ունի անհրաժեշտ օրենսդրությունը (ՀՀ Սահմանադրություն, ՀՀ քրեական օրենսգրքի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներ, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիա, որը ՀՀ-ում ուժի մեջ է դեռ 1993թ. հուլիսի 22-ից, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենք և այլն): Ավելին. եթե կարիքը լինի, Հայաստանի Հանրապետությունը, առանց Լանզարոտի կոնվենցիայի վավերացման, հիմա և առաջիկայում նույնպես, կարող է ձեռնարկել հավելյալ օրենսդրական և այլ միջոցառումներ վերը նշված ուղղություններով:

Ավելին. կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությունը ՀՀ-ում բացակայում է նաև այն առումով, որ Հայաստանում, ի համեմատ Լանզարոտի կոնվենցիան վավերացրած  Եվրոպայի խորհրդի անդամ շատուշատ պետությունների, երեխաների սեռական շահագործման և սեռական բնույթի բռնությունների դեպքերն ուղղակի չնչին են: Չնչին են, որովհետև Հայաստանը դեռ չի վավերացրել, կիրառել Լանզարոտի կոնվենցիան: Ովքեր կառարկեն վերոնշյալ հետևությանը, թող նախևառաջ պատասխանեն հետևյալ հարցին` Լանզարոտի կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ շատուշատ պետություններում սեռական շահագործման և սեռական բնույթի բռնությունների դեպքերն ինչո՞ւ են անհամեմատ ավելի շատ, քան նշված կոնվենցիան չվավերացրած ՀՀ-ում, եթե Լանզարոտի կոնվենցիան իսկապես ծառայում է սեռական շահագործման և սեռական բնույթի բռնությունների կանխման նպատակին, և ոչ թե` հակառակը:

Հայաստանում Լանզարոտի կոնվենցիայի վավերացման, կիրառման անհրաժեշտության բացակայության պարագայում, ինչը վերը երկու փաստարկով հիմնավորեցինք, ո՞րն է ՀՀ-ում Լանզարոտի կոնվենցիայի վավերացմանը գրեթե ամեն կերպ ձգտող, այդ հարցում շահագրգիռ անձանց և ուժերի իրական նպատակը, եթե ոչ հենց մեր մանուկների և դեռահասների հոգեբանությունը խեղելը, միտքը պղտորելը, նրանց իրենց տարիքին բնորոշ անմեղությունից զրկելը, խոշոր հաշվով և հեռանկարում` մեր հասարակության այլասերումը, քանի որ այսօրվա մանուկները և դեռահասները վաղվա չափահաս քաղաքացիներն են:

Արթուր Հովհաննիսյան