Գավառի միջադեպի առնչությամբ տարածված տեղեկությունը, թե, իբր, մահացածներից մեկը ռազմական ոստիկանության քննիչ է, ճիշտ չէ․ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ երեկ Գավառ քաղաքում գրանցված միջադեպում ՊՆ համակարգի, ներառյալ՝ ՌՈ, որևէ զինծառայող, ծառայող կամ աշխատակից ներգրավված չի եղել։

«Գավառ քաղաքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ տարածված տեղեկությունը, թե, իբր, մահացածներից մեկը ռազմական ոստիկանության քննիչ է, չի համապատասխանում իրականությանը։
Վերոնշյալ միջադեպում ՊՆ համակարգի, ներառյալ՝ ՌՈ, որևէ զինծառայող, ծառայող կամ աշխատակից ներգրավված չի եղել»,- ասված է խոսնակի գրառման մեջ։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով 2 հոգի մահացել է, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանոց։ Ըստ մամուլում շրջանառվող բազմաթիվ վարկածներից մեկի՝ վիճաբանությունը ծագել է դեռահասների միջև:

Tert.am-ի տեղեկություններով` Գավառում հնչած կրակոցներից հետո հարձակումը կազմակերպել է սպանված «Նորատուսցի Արջ» մականունով հայտնի անձի եղբայրը։ Նա մի խումբ անձանց հետ ձողերով ու այլ իրերով զինված մուտք է գործել հիվանդանոց, ըստ նախնական տեղեկությունների, երկու վիրավորի պարանոցը կտրել է, վնասվածք է ստացել մեկ անձ ևս, որը ոչ մի կողմի ներկայացուցիչ չէ։ Կրակոցներից հետո հարձակման ենթարկված անձանցից մեկին վիրահատել են, մյուսի վիճակը ծանր է, նրան տեղափոխել են Երևան։