Պետությունը վաղվա կոլապսի համար քաղաքացիներին է մեղադրելու (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը։ Նրա հետ խոսեցինք նոր կորոնավիրուսի համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված պետական աջակցության ծրագրերի արդյունավետությունից։ Անդրադարձանք այս օրերին կոմունալ ծախսերը չվճարելու համար բազմաթիվ քաղաքացիների էլեկտրաէներգիայից և գազից զրկելու կառավարության որոշմանը, որը տնտեսագետի դիտարկմամբ՝ կարող է ավելի խորացնել մարդկանց սոցիալական վիճակը։ Մարդիկ չեն կարողանում իրենց կոմունալ վճարումները կատարել, խոսքը հարյուրհազարավոր ընտանիքների մասին է, որ հայտնվել են իրական կարիքի մեջ և օբյեկտիվորեն չեն կարողանում վճարել իրենց կոմունալ ծախսերը։ Այդ մարդկանց, ըստ Թադևոս Ավետիսյանի, կառավարությունը մոլորեցրեց՝ նախ հայտարարելով, թե կարող են կոմունալները չվճարել, դրանք հետաձգեցին, հետո անսպասելի հայտարարեցին, թե ֆորսմաժորային վիճակը վերացվել է, և ովքեր կթերանան վճարումներ կատարել, նրանց կզրկեն կենսական անհրաժեշտ գազից և էլեկտրաէներգիայից։

Տնտեսագետի ներկայացմամբ՝ ՀՅԴ-ն հակաճգնաժամային ծրագրեր է առաջարկել կառավարությանը երկարաժամկետ գործողության, սակայն կառավարությունն անտեսել է դրանք, և լծված է օրվա խնդիրներ լուծելու կամ որ ավելի վատ է՝ հետևանքները վերացնելու գործին։ Իսկ դա համարժեք չէ իրավիճակին, միջոցառումները պետք է լինեն սցենարային զարգացումներով և հեռահար։

Մանրամասները՝ տեսանյութում