2000 տարեկան հայ թատրոնը (մաս IV)
Սկիզբը՝ այստեղ
Պաշտոնական փաստաթղթերի շարքը, որը սահմանում է թատրոնի նկատմամբ հայ եկեղեցու վերաբերմունքը, բացահայտում է հինգերորդ դարի տեղական եկեղեցիներից մեկի որոշումը, ինչի մասին տեղեկացնում է Մովսես Կաղանկատվացին:
Եկեղեցին ոչ միայն արգելում էր ձայնակ-գուսանների ելույթը, այլև առաջարկում էր կապել վերջիններիս և ներկայացնել արքայական դատին, դաժան պատժի համար:
Մանդակունու խոսքով՝ մարդիկ եկեղեցի գնալիս մտածում են ոչ թե այն մասին, որ Աստծո դուռ գնան վախով և աղոթքով, այլ պարզվում է, նրանք զբաղված են այլ բանով՝ լվացվում են, օծվում խնկով, զուգվում, զարդարվում են, կարծես հրավիրված են հասարակաց տուն կամ թատրոն:
Մտնելով եկեղեցի շքեղ հագուստով, ամբարտավան հպարտությամբ կանայք անցնում են Աստծո դեմով՝ ինչպես մարմնավաճառներ, իսկ շնացող տղամարդիկ /բոզահոմանեաց/ խեղված ցանկությամբ՝ ինչպես այծեր կամ կատաղած նժույգներ, և այդ ամենը Աստծո աչքի առջև, եթե ոչ ֆիզիկապես, ապա մտքով, հայացքով, ակնարկով, ձայնով:
Բայց եկեղեցում այնքան էլ շատ չեն նմանատիպ այցելուները:
Եկեղեցի քիչ հաճախելու մեղքը թատրոնինն է, այսպես էր մտածում Մանդակունին:
Նա գտնում էր, որ անհրաժեշտ է ճառ ասել «Անօրեն սատանայական թատրոնի մասին»:
Ճառում ասվում է, որ նա ցավում է թատրոնի ամենժամյա անօրինությունների, ուրախությունների, տոների համար, երբ եկեղեցիները լալիս են և սգում: Թատրոնն ամեն օր հեռացնում է մարդկանց Աստծո ողորմությունից:
Պարզ է դառնում, որ թատրոնները գործել են ամեն օր, ամեն ժամ:
Հայաստանում թատրոնի անհրաժեշտությունը խոր արմատներ է գցում:
Այն կոչվել է «խաղարան», ոչ թատրոն, բայց համատեքստից պարզ երևում է, որ խոսքը թատրոնի մասին է, գործածվել է նաև «թատերատես» տերմինը:
Թատրոն հունական բառը հին ժամանակներից մուտք է գործել հայոց լեզվի մեջ բավական հիմնավոր:
Ըստ Գարեգին Զարբանալյանի՝ հայ հին հեղինակների կողմից թատրոնի մասին տեղեկությունների պակաս չունենք:
Իհարկե, կա նաև այլ փաստ՝ Մանդակունին գրում է, որ զվարճանքի վայրերը տարբեր են, օրինակ՝ /բոզանոց/ հասարակաց տները:
Սակայն նրանց ատելությունը և անհանդուրժողականությունը հատկապես թատրոնների նկատմամբ է եղել:
Դերասան-գուսանները ելույթ են ունեցել ոչ թե պատահական տարածքներում, այլ հատուկ թատերական բեմերում և թատերատեսներն ավելի էին, քան եկեղեցամոլները:
Խաղացանկն իր թեմատիկայով ստիպում էր հանդիսատեսին մտածել, իր նմանին տեսնել բեմից;
Հինգերորդ դարի կեսի հայ պատմիչ Եղիշեն իր «Վարդանանց և հայոց պատերազմի մասին» աշխատության մեջ նկարագրում է ոչ միայն վիշտը հայ նախարարների կանանց, «որոնց ամուսինները գերի էին պարսիկներին, այլև գեղանկարչության և քանդակագործության մասին»:
Խեղճ քրիստոնյա կանայք չունեին ուրիշ հիշողություն:
Նրանք իրենց ամուսիններին հիշում էին միայն դիմանկարներով, լալիս էին, անցնելով ամրոցի դատարկ սրահներով և ձայնում էին նրանց անունները:
Ի հիշատակ նրանց, սրահներում տեղադրված էին արձաններ, որոնցից յուրաքանչյուրի վրա փորագրված էր բացակայի անունը:
Երբ նախարարների կանայք ստիպված էին լինում լքել իրենց ամրոցները, որպեսզի գերի չընկնեն պարսիկներին, նրանք հեռանում էին սարերը, թաքնվում քարանձավներում, ինչն ավելի նախընտրելի էր իրենց թանկարժեք նկարներով զարդարված պատերով ամրոցներից:
Սա վկայում է այն մասին, որ արվեստը բազմաժանր էր հին Հայաստանում:
Այստեղ և քանդակագործություն կար, և դիմանկարային գեղանկարչություն:
Մարտերում զոհվել և գերի են ընկել մոտ հինգ հարյուր հայ ֆեոդալ, և բոլորի կանանց մոտ եղել են իրենց ամուսինների դիմանկարները:
Եղիշեն ամբողջությամբ ժխտում է Վրթանես Քերթողի այն խոսքերը, որ գրել է իր «Հաղորդագրություն» աշխատությունում, թե վեցերորդ դարի վերջին, յոթերորդ դարի սկզբին հայերը չգիտեին նկարել, նրանք եկել են Հունաստանից:
Այնուհանդերձ կա հետաքրքիր մի փաստարկ:
Վրթանեսը Մովսես կաթողիկոսի օգնականն էր և 607 թվականին ինքն է ղեկավարել հայկական եկեղեցու կազմակերպությունը:
Վրթանեսը Հայաստանում պաշտպանում էր սրբապատկերների գոյությունը և պաշտամունքը: Սա ևս մի ապացույց է, որ նա հաստատում է Եղիշեի հաղորդագրությունն այն մասին, որ հինգերորդ դարում Հայաստանում զարգացած էր արվեստը:
Շարունակելի
Սիրանույշ Եղիազարյան

