Ուսումնական հաստատություններում այս տարի ավարտական և փոխադրող քննություններ տեղի չեն ունենա, իսկ դիմորդները կհանձնեն ընդամենը մեկ քննություն․ Արայիկ Հարությունյան

Ուսումնական հաստատություններում այս տարի ավարտական և փոխադրող քննություններ տեղի չեն ունենա, իսկ դիմորդները կհանձնեն ընդամենը մեկ քննություն։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն իրականացվելու 4-րդ և 9-րդ դասարանների ավարտին: Աշակերտների՝ մինչև մարտի 13-ն ունեցած և էլեկտրոնային մատյան փոխանցած գնահատականների հիման վրա ամփոփվում են նրանց տարեկան գնահատականները, որոնք համարվունմ են քննական, և դրանց հիման վրա աշակերտները փոխադրվում են հաջորդ աստիճան: Փոխադրական քննություններ չեն իրականացվելու նաև ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում, ամփոփումը տեղի է ունենալու նույն կերպ: Չեն իրականացվելու նաև դպրոցական ավարտական քննությունները»,-ասաց նա՝ նշելով, որ դպրոցական ատեստատները կտրվեն մինչև մայիսի 25-ը:

Վերջինս հավելեց նաև, որ ավարտական քննություններ չեն իրականացվելու նաև բուհերում, քոլեջներում և ուսումնարաններում և ընդգծեց՝ որոշումները կայացվել են՝ ելնելով նաև այն հանգամանքից, որ որևէ կերպ չխոչընդոտվի զորակոչի ընթացքը:

Ինչ վերաբերում է բուհերի ընդունելության քննություններին՝ Հարությունյանն ասաց, որ ընտրել են հնարավոր օպտիմալ տարբերակը, որով կարողանան և՛ դիմորդների գիտելիքը չափել, և՛ համավարակային միջոցառումներին չխոչընդոտել:

«Միասնական քննությունների համար նախնական հայտերը դիմորդները լրացրել են մինչև մարտի 15-ը, սակայն, քանի որ ընթացակարգի փոփոխություն է տեղի ունենում, ապա անհրաժեշտ է հայտերի ճշգրտման ժամանակ տալ թե՛ արդեն հայտագրվածներին, թե՛ նախորդ տարիների շրջանավարտներին, որոնք նպատակադրվել էին դիմել այլ բուհեր, որոնց քննություններն անորոշ ժամանակով հետաձգվել են: Առաջարկվում է միավորել քննությունների հայտագրման գործընթացը բուհեր դիմելու դիմում-հայտերի լրացման գործընթացի հետ՝ ունենալով մեկ միասնական գործընթաց: Այսպիսով՝ մայիսի 25-ից հնարավորություն կտրվի հայտագրվել մինչև հունիսի 15-ը: Դիմորդները միաժամանակ կընտրեն թե՛ քննական առարկան, թե՛ բուհն ու մասնագիտությունը»,-ասաց նա՝ պարզաբանելով, թե ընդունելության համար անհրաժեշտ է մեկ քննություն հանձնել, մոտակա օրերին կհայտարարվի, թե որ մասնագիտությունից որն է լինելու քննության միակ առարկան:

«Դիմորդները քննությունները հանձնելու են հուլիսի առաջին տասնօրյակի ընթացքում»,-հավելեց նա:

Նախարարն անդրադարձավ նաև ավարտական «Վերջին զանգ»-ի միջոցառումներին՝ նշելով, որ որոշել են, որ երբ Առողջապահության նախարարությունը հայտարարի, թե համավարակն իրենց այլևս որևէ վտանգ չի ներկայացնում, կորոշվի որևէ օր, և այդ օրը կկատարվեն միջոցառումները: