«Հայաստանում մտահոգիչ է լրագրողների դեմ դատական գործերի քանակը և չափազանցությունները կեղծ լուրերի դեմ պայքարում. «Լրագրողներ առանց սահմանների»

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան զեկույցը, որում Հայաստանը մամուլի ազատության ցուցիչով 180 երկրի շարքում զբաղեցնում է 61-րդ հորիզոնականը:

«Բազմազանություն, բայց դեռևս ոչ անկախություն». այս խորագրով է ներկայացված Հայաստանում լրատվամիջոցների վիճակը:

Նշվում է, որ 2018 թվականին «թավշյա հեղափոխությունից» հետո երկրում լրատվամիջոցների բազմազանությունն աճել է, սակայն, իշխանությունները չեն կարողացել լուծել դրանց բևեռացման խնդիրը: Հիմնական հեռուստաընկերությունների խմբագրային քաղաքականությունը համընկնում է դրանց սեփականատերերի շահերի հետ: Լրագրողների անկախությունն ու թափանցիկ լրագրությունը դեռևս շատ հեռու են իրականություն դառնալուց:
«Այնուամենայնիվ, երկրում հետաքննական լրագրությունը ծաղկում է, և այն կարող է կարևոր դեր խաղալ կոռուպցիայի դեմ ազգային պայքարում»,-նկատում են զեկույցի հեղինակները:
Զեկույցում նշվում է, որ լրագրողների նկատմամբ թշնամանքը Հայաստանում ավելի վաղ դրսևորվում էր ֆիզիկական բռնությամբ, իսկ այժմ դա փոխարինվել է դատական հետապնդումներով: Ըստ զեկույցի՝ Հայաստանում դատական հետապնդումների անհանգստացնող աճը հանգեցնում է լրագրության քրեականացման՝ լրատվամիջոցներին ստիպելով ռեսուրսներ ծախսել իրավական պաշտպանության, ոչ թե իրադարձությունները լուսաբանելու վրա:
«Մտահոգություն կա նաև լրագրողների դեմ դատական գործերի քանակի և կեղծ լուրերի դեմ պայքարում չափազանցությունների առնչությամբ: Անհանգստացնող են նաև ապատեղեկատվության դեմ պայքարում անվտանգության ուժերի ներգրավումը,  առանց հարցը նախապես քաղհասարակության և լրագրողների հետ քննարկելու դրա օրինականացման փորձերը, ինչպես նաև սոցմեդիայի օգտատերերի՝ դրան հաջորդած  ձերբակալությունները»,-եզրափակում են զեկույցի հեղինակները: