Արցախի ընդդիմությունն ու իշխանությունն առաջնորդվում են պետական շահի գիտակցումով

Արցախի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրած ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Բաբայանը իր և իր քաղաքացիական թիմի անունից շնորհավորել է նախագահի պաշտոնում ընտրված Արայիկ Հարությունյանին։

Չափազանց մեծ քաղաքական կամք պետք է ունենալ նման թեժ պայքարից և հատկապես, «եթե ամբողջ Ղարաբաղն էլ գլխի վրա շուռ գա` Արայիկ Հարությունյանը նախագահ չի ընտրվելու», արտահայտությունից հետո ընդունել ժողովրդի ազատ կամաարտահայտման արդյունքում կայացած ընտրությունը և շնորհավորել այդ ընտրության արդյունքում վստահություն ստացած լեգիտիմ իշխանության ներկայացուցչին։

Սա խոսուն վկայությունն է այն կարևորագույն փաստի, որ Արցախի Հանրապետությունում նոր ձևավորված քաղաքական ընդդիմությունը առաջնորդվում է բացառապես քաղաքական հանդուրժողականության կանոններով և պատրաստ է ընդունելու ժողովրդավարական արժեհամակարգի մեծամասնության սկզբունքը։ Որպես քաղաքագետ բարձր եմ գնահատում ընդդիմության և իշխանության միջև փոխադարձ հարգանքն ու կարևորում նաև հանուն պետական շահի հետագա քաղաքական համագործակցությունը։ Համոզված եմ` Արցախում բոլորիս նպատակը նույնն է, տարբեր են նպատակին հասնելու ուղիները։

Ժիրայր Ազիզյան