Հիշեցրեց ՀՀՇ-ի տարիները, երբ Ամենայն Հայոց Հայրապետ Վազգեն Առաջինի նկատմամբ նույն ՀՀՇ-ի «ԲՏՌ»-ները․․․ (տեսանյութ)

Նոր Վեհափառ ընտրելու իրավասությունը ձեզ տրված չէ, մեր Եկեղեցու դարավոր կանոնակարգը չի կարող խախտվել ու չի խախտվելու․ այս համոզմունքին է մեր զրուցակիցը՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանը, նկատի ունենալով բոլոր նրանց, ովքեր հանդես են գալիս Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, պահանջում Վեհափառ Հայրապետի փոփոխություն։

«Այսօրվա իրավիճակն ինձ հիշեցրեց ՀՀՇ-ի տարիները, երբ Ամենայն Հայոց Հայրապետ Վազգեն Առաջինի նկատմամբ նույն ՀՀՇ-ի «ԲՏՌ»-ները մի հարցի շուրջ փորձում էին արշավ կազմակերպել,- LIVEnews.am-ի տաղավարում մեզ հետ զրույցի ընթացքում ասաց Արամ Սարգսյանը։- Այսինքն՝ նույն քաղաքական գիծը, նույն կեցվածքն այսօր դրսևորում են իշխանության մեջ գտնվող որոշ անհատներ»։

ՀԴԿ նախագահի հավաստմամբ, Հայաստանում ղեկավար պաշտոններ զբաղեցնող մի շարք անձինք դեռ չեն կարողանում հասկանալ, թե ինչ պաշտոն են գրավում, ինչ պատասխանատվություն են կրում և ինչպիսի հետևանքների համար են պատասխանատու լինելու ապագայում։

«Ես ուզում եմ միայն մի այսպիսի հորդոր անել նաև նրանց, որ երիտասարդ են, իշխանության մեջ լինելը կարող է պատահի, որոշակի ժամանակ տևի, բայց դրանից հետո լինելու է մի ամբողջ կյանք իրենց առջևում, և իրենք պետք է հասկանան, որ այդ ամենի համար, իրոք, պետք է պատասխանատու լինեն,- ասաց Արամ Սարգսյանը։- Իսկ հիմա այդպիսի կեցվածք ունենալն Հայ Առաքելական Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ, խոսում է այն մասին, որ և՛ դաստիարակության պակաս կա, և՛ մեր երկրի, մեր ազգի  պատմության վերաբերյալ շատ թերի պատկերացումներ կան»։

Ըստ մեր զրուցակցի, նրանք դեռ չեն հասկանում, թե ինչ պաշտոններ են գրավում։ ՀԴԿ նախագահի ընդգծմամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը բոլոր իրավունքներն ունի դիմելու իր ժողովրդին ցանկացած հարցի վերաբերյալ, նա պետության գործերին խառնվելու որևէ միտում չի ունեցել, հանդես է եկել մարդասիրական հայտարարությամբ, հորդորով, որը կարող է վերաբերվել անազատության մեջ գտնվող ցանկացած քաղաքացու։

Զրույցի ընթացքում Արամ Սարգսյանն անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթին, Հայաստանում նոր կորոնավիրուսի համավարակի հետևանքով ծանր տնտեսական վիճակին, համառոտ ներկայացրեց այն մեղմելու իր և ՀԴԿ-ի առաջարկներից մեկ-երկուսը։

Մանրամասները՝ տեսանյութում