«Իմ նպատակը շատ պարզ է՝ հասցնել մեր հանրությանը իրական, հավաստի տեղեկություններ ռազմական գործողությունների մասին»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)

2016 թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ավարտից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ իր որոշումը՝ մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացված է և այն անցել է փոխադարձ հարգանքի մթնոլորտում։

«Իմ նպատակը շատ պարզ է՝ հասցնել մեր հանրությանը իրական, հավաստի տեղեկություններ ռազմական գործողությունների մասին, որոնց ընթացքում, մենք, մեր զինված ուժերը, քաղաքացիական հասարակությունը, ընհանրապես մեր հասարակությունը հաղթել է: Հաղթել է ոչ միայն մարտի դաշտում, այլև դիվանագիտական դաշտում»,-ասաց Սերժ Սարգսյանը

Սերժ Սարգսյանը հավելեց նաև, որ արտակարգ դրության ավարտից հետո պատրաստ է պատասխանել լրագրողների բոլոր հարցերին,  միասին անդրադառնալ այս հարցերին և եզրակացություններ անել։

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը տարածել էր Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որում նա նշել էր, որ ինքն էլ հարցեր ունի պատերազմի բոլոր կանոնների համաձայն՝ հայոց բանակի հաղթանակի վերաբերյալ որոշ ուժերի կողմից հասարակության մեջ մութ կասկածներ սերմանելու, զանազան շահարկումների, ապրիլյան պատերազմի խնդրով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակի և մի շարք այլ թեմաներով: