Կորոնավիրուսի պատճառով աշխատանքից զրկված ավստրալացին միլիոնատեր է դարձել

Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխատանքը կորցրած ավստրալական Ադելաիդա քաղաքի բնակիչը վիճակախաղով 2,4 միլիոն ֆունտ ստերլինգ (գրեթե 3 միլիոն դոլար) է շահել: Այս մասին տեղեկացնում է Daily Star պարբերականը:

Աշխատանքը կորցնելուց հետո հուսալքված ավստրալացին, որի անունը չի նշվում, շահումից հետո մոռացել է իր հուսահատության մասին:

Զատիկի տոներին նա «Set for Life» անվանումով ջեքփոթ է շահել, ինչը նշանակում է, որ հաջորդ 20 տարիների ընթացքում նա ամեն ամիս 10 000 ֆունտ ստերլինգ գումար կստանա: Ընդհանուր գումարը կազմում է 2,4 միլիոն ֆունտ ստերլինգ:

Շահողը վերջերս է հայր դարձել և մտադիր է կնոջ հետ այդ գումարով տունը գնել:

Նա պատմել է, որ գիշերն իր հաշիվը ստուգելուց հետո տեսել է, որ հաղթել է, արթնացրել է կնոջը, որն իմանալով նորության մասին՝ ուրախությունից գոչել է:

«Սա անհավատալի է: Ես այնքան շատ եմ ստուգել իմ առցանց հաշիվը, որպեսզի համոզվեմ, որ այն իրական է: Սա հիանալի զգացողություն է: Մենք երիտասարդ ընտանիք ենք, երեխա ունենք, և սա մեր հետագա կյանքը կբարելավի: Ես կորոնավիրուսի պատճառով վերջերս կորցրել եմ աշխատանքս, և այնքան հուսահատված էի, բայց հիմա երջանիկ եմ: Սա մեզ ֆինանսական անկախություն է տալիս: Այսպիսի շահումով՝ միգուցե ընդմիշտ»,-ասել է ավստրալացին:

Սա 2020 թվականի ընթացքում Ավստրալիայում 8-րդ նմանատիպ շահումն է: