Առաջիկա տոների և հիշատակի միջոցառումներին կսահմանափակվի քաղաքացիների մասնակցությունը

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի, Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրերի միջոցառումներին կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն միտված քայլերի շրջանակում կսահմանափակվի քաղաքացիների մասնակցությունը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջիկա մեկ ամսվա ընթացքում մենք ունենք հիշատակի և տոն օրեր` ապրիլի 24-ը, Շուշիի ազատագրման օրը և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը։ Այս միջոցառումներին քաղաքացիների մասնակցությունը պետք է սահմանափակվի։ Եթե մենք թույլ տանք, որ մասնակցությունը լինի սովորական ընթացակարգով, ապա կունենանք կորոնավիրուսի համավարակի անվերահսկելի բռնկում։ Ապրիլի 24-ին, մայիսի 8-ին և 9-ին տեղի կունենան միայն արարողակարգային միջոցառումներ, զանգվածային միջոցառումներ չեն լինի»,- ասաց Փաշինյանը, խնդրելով, որ քաղաքացիներն ըմբռնումով մոտենան այս որոշումներին։

Նշենք, որ ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի, միջմարզային շարժի գործող սահմանափակումները, որոնց ժամանակացույցի վերաբերյալ կլինեն պարետի համապատասխան որոշումներ: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Հայաստանում ապրիլի 11-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 966 է, արձանագրվել է մահվան 13 դեպք: Թեստերից 6484-ը բացասական արդյունք է տվել: Կորոնավիրուսից ապաքինվածների թիվն ավելացել է 24-ով և ընդհանուր թիվը դարձել է 173: Այս պահին փաստացի բուժում է ստանում 780 պացիենտ: