Ինչպե՞ս օգնել երեխաներին՝ հաղթահարել սթրեսը կորոնավիրուսի պայմաններում

Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության փորձագետները պատմել են, թե ինչպես կարող են ծնողներն օգնել իրենց երեխաներին՝ կորոնավիրուսի տարածման և հեռավար ուսուցման պայմաններում հաղթահարելու սթրեսը, որին կարող են ենթարկվել երեխաները նման իրավիճակում: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, գերատեսչությունը խորհուրդ է տալիս սահմանափակել տեղեկության քանակը, որ երեխաները ստանում են կարդալով, ինչպես նաև օգնել երեխային կազմելու օրվա ռեժիմ:

«Չի կարելի անհանգստություն ցուցաբերել, անհրաժեշտ է երեխայի հետ վստահելի հարաբերություններ հաստատել, պատմեք նրան իրավիճակի մասին, որպեսզի նա հասկանա իրողությունը և վստահ լինի, որ ինքն անվտանգության մեջ է»,- խորհուրդ են տալիս  ՌԴ ԱԻՆ մասնագետները: Բացի դրանից, գերատեսչության փորձագետները նշում են, որ երեխայի բոլոր հարցերին պետք է պատասխանել մատչելի և հասանելի:

Արտակարգ իրավիճակների նախարարության փորձագետները նաև խորհուրդ են տալիս ծնողներին սահմանափակել այն տեղեկատվությունը, որը երեխաները դիտում և կարդում են: Խորհուրդ է տրվում  նաև պահպանել հիգիենան, բացատրել, թե ինչ սահմանափակումներ են կիրառվում, օգնել երեխային կազմել օրվա ռեժիմը և հետևել դրան՝ հստակեցնելով ուսումնառության և սիրելի զբաղմունքի  ժամանակը: «Գլխավորը՝ պահպանել հանգստություն և համարժեք վերաբերմունք տեղի ունեցածի նկատմամբ»,- խորհուրդ են տվել Արտակարգ իրավիճակների նախարարությունում: