Լենա Նազարյանի նյարդերը տեղի են տալիս, քանի որ ստացած աշխատավարձը սկսել է չբավարարել

Ժողովրդի ընտրյալների նյարդերը, երևում է, տեղի են տալիս հատկապես այս օրերին, երբ ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակից ելնելով՝ չորս կողմից նրանց խնայելու, ագահությունն ու մեծամտությունը հաղթահարելու, իշխանի և իշխանուհու բարդույթից ձերբազատվելու, իրենց ստացած մեծ գումարները հանրության, երկրի կարիքների համար նվիրաբերելու, երկրում ահագնացող աղքատությունը կանխելու և ավելի համեստ կյանքով ապրելու հորդորներ են հնչում: Իսկ նրանք փոխանակ անսալու և վերհիշելու, թե երկու տարի առաջ ինչ նշանաբաններով եկան իշխանության, իրենց չարդարացված մունաթն են թափում այն մարդկանց վրա, ում կյանքը լավացնելու խոստումով ստացան նրանց վստահության քվեն: Եվ եթե գոնե իմքայլականների առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դեռ փորձում է հանրությանը տարբեր եղանակներով մանիպուլացնելու, ճշմարտանման ստերով մարդկանց աչքերը մեղմորեն փակելու միջոցով խույս տալ այդ հորդորներից՝ պահպանելով իր և թիմակիցների շռայլ եկամուտները, ապա նրա թիմի որոշ անդամներ այլևս չեն դիմանում հասարակական ճնշմանը, ինչը դրսևորվոմ է բուռն պոռթկումներով: Նրանք վարչապետի խորամանկությունն ու սուտ խոսելու կարողությունը չունեն, որը ընդամենը օրեր առաջ ֆեյսբուքյան այսպես կոչված ասուլիսի ժամանակ քիչ էր մնում անգիտակ քաղաքացիներին համոզեր, որ մեկ տարվա ընթացքում հարկ վճարողներիս միջոցներից պաշտոնյաներին, պատգամավորներին տրված պարգևավճարներն ընդամենը մեկ մլրդ դրամ են կազմել, որը չնչին գումար է, եթե փորձենք բաժանել Հայաստանում ապրող մոտ 500 հազար թոշակառուների միջև: Տարեկան 100 դրամից մի քիչ ավելի է ստացվում: Իսկ հետո, երբ հայտնվեցին փաստաթղթեր, որոում սևով սպիտակի վրա գրված էր, որ մեկ տարվա պարգևատրումների ֆոնդը կազմել է գրեթե 22 մլրդ դրամ, Նիկոլ Փաշինյանը շտապեց սրբագրել իրեն՝ ասելով, թե ինքը ներկայացրել է բարձր պաշտոնյաներին տրված պարգևատրումների գումարը, մի՞թե օգտատերը, որը նրան առաջարկել էր ընդհանրապես պարգևատրումների գումարը բաշխել թոշակառուների միջև, հենց այդ շրջանակին նկատի չի ունեցել՝ իբրև թե զարմացել էր նա:

Եվ ահա այդ ասուլիսից ընդամենը օրեր հետո իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառման տակ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հեղափոխություն կատարած կամ գուցե հեղափոխության հարցում քայլողներին աջակցած հանրությանը երեսով է տալիս իր կատարած աշխատանքը՝ ասելով, որ չի պատրաստվում 500 հազար դրամի համար զոհաբերել իր ներուժն ու հանճարեղ կարողությունները, որոնց շնորհիվ երկու տարվա ընթացքում կարողացել են բեկումնային փոփոխություններ կատարել հայաստանցիներիս կյանքում:

Զառա Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով պաշտոնյաներին ու պատգամավորներին պետբյուջեից շռայլորեն դուրս գրվող պարգևավճարներին, գրել էր. «Հիմա պատկերացրեք երկու տարվա ընթացքում երկրի որևէ պաշտոնյա պարգևավճար չստանար ու հատուկ ֆոնդ հիմնադրվեր, որքան գումար կլիներ կարիքավորների, աշխատանքը կորցրածների, սոցիալական անելանելի վիճակում հայտնվածների ու նման տարբեր խմբերի համար:

Ախր հեղափոխությամբ եկած մարդիկ չէին եկել լավ ապրելու, եկել էին մարդկանց վիճակը լավացնելու ու մտածելու նոր տիպի կառավարման ու իր ժողովրդի հետ ավելի հավասար լինելու մասին: Դա իսկապես կարևոր, շատ կարևոր է վերագիտակցել հենց այս օրերին, երբ ակնհայտ է, որ հասարակության շերտավորումն էլ ավելի է մեծանալու, իսկ մարդուն ասել «․․․գնա բուդկա բացի կամ տաքսի քշիր, գլուխդ պահիր, իմ գործս չի»,- արտահայտությունն արդիական չէ, քանի որ տուգանքի սպառնալիքով մարդիկ տանն են»:

Գրառմանը շատ մեծ արձագանք թերևս չլիներ, եթե դրա մեկնաբանություններում ԱԺ տիկին փոխնախագահը չդժգոհեր իրենց ստացած ամսական 500 հազար դրամ աշխատավարձից՝ գրելով, թե  «ամսական 500 000 դրամով աշխատող նախարար, քանի՞ ամիս, քանի՞ տարի, դա չի՞ լինի մարդկանց մտավոր և ֆիզիկական կարողությունների շահագործում՝ հաշվի առնելով, թե ինչ գերծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում»: Իսկ հետո էլ պատասխանելով իմքայլական Արման Եղոյանի հարցադրմանը, թե ո՞ւմ պարգևավճարները նկատի ունի իրավապաշտպանը, Լենա Նազարյանը հավելել է. «Արման Եղոյան, հո իրենց չի անհանգստացնում նախարարության իքս բաժնի կրտսեր մասնագետի հավելավճարը: Ուզում են նախարար, փոխնախարար, պատգամավորները նվիրյալներ լինեն, մոռանան ընտանիք, վարկ, խնդիրներ ու ամիսներով, տարիներով չարքաշ աշխատեն: Ոչ մեկը չի անի դա ու չպիտի անի»:

Մինչև այս տիկնոջ մտքի գոհարներին ու մուննաթի հավասարվող տեսակետին անդրադառնալը, նշենք, որ չգիտես ինչ պատճառով ավելի ուշ նա ջնջել էր իր այդ մեկնաբանությունները, սակայն տարբեր օգտատետերի կողմից նրա գրածին արված արձագանքները մնացել էին, որոնք հիմնականում քննադատական էին: Երևի նման արձագանք չէր սպասում Լենան Նազարյանը կամ, հուսանք, մի պահ գուցե նաև ամոթի զգացում է ունեցել ընթերցելով այն ուսուցիչների ու բժիշկների գրառումները, որոնք ոչ պակաս, իսկ գուցեև ավելի մեծ նվիրումով, ջանասիրությամբ ու պատասխանատվության զգացումով աշխատելով՝ մինչև 150 հազար դրամի հասնող աշխատավարձի են արժանանում պետության կողմից: Ի դեպ, մեկնաբանություններում 500 հազար դրամ աշխատավարձից բողոքող տիկին Նազարյանը ուսուցիչներից մեկին հիշեցրել էր, որ այս տարեսկզբին իրենց ջանքերով նրանց աշխատավարձը 10 տոկոսով բարձրացել է և զարմացել էր, թե ինչի՞ց է բողոքում այդ կինը: Այսինքն՝ աշխատանքի դիմաց ցածր աշխատավարձից դժգոհող ԱԺ փոխնախագահի համար անընդունելի է 100 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցչի դժգոհությունը, եթե հսկայական պարգևավճարների գնով իրենք կարողացել են այդ ուսուցչի աշխատատավարձը 10-15 հազար դրամով ավելացնել:

Միանշանակ, մեծ հասարակական ու քաղաքական պատասխանատվություն ստանձնող պաշտոնյան պետք է բարձր աշխատավարձ ստանա, բայց այստեղ մի շարք նուրբ հանգամանքեր կան, որոնք ստիպում են շատ զգուշորեն վերաբերվել այդ թեմային: Նախ այն, թե ինչ խոստումներով ու ինչ նպատակներով իշխանության եկավ իրեն ժողովրդավար հռչակած այս թիմը, նախկին վարչական ռեժիմի և սոցիալական անարդարության դեմ պայքարելու անվան տակ նրանք, ստացվում է, տիրացան տարբեր պաշտոնների և հիմա սոցիալական անարդության նոր նշաձող են սահմանել՝ օրինականացնելով պետբյուջեից մսխումները և ասելով, որ այս երկրում իրենցից լավ ու իրենցից շատ աշխատողներ չկան: Ու մինչև իրենց առաջնորդը կոչ էր անում մադկանց ուղեղներից հանել աղքատությունը, ոչխար պահել և այլն, իրենց յուրայիններով աղքատությունը քիչ-քիչ հանում էին իրեց գրպաններից՝ այդպես էլ աղքատությունն ուղեղներում հաղթահարելու իմաստություն չունեցող հարկատուներիս հաշվին: Եվ հիմա ստացվում է, որ մարդկային կյանքեր փրկող բժիշկը կամ մեր երկրի համար քաղաքացիներ դաստիարակող և ուսուցանող ուսուցիչները պակաս կարևոր մասնագիտություն ունեն և պակաս պատասխանատվության տակ են հայտնվել, քան Աժ-ում հայտնված պատգամավորները: Լենա Նազարյանը մեկնաբանություններից մեկում հիշեցրել էր վարչապետի այն դիտարկումը, թե պաշտոնյանին բարձր են վարձատրում, որպեսզի նա այլ աշխատանք չփորձի գտնել, չհեռանա ոլորտից և մենք չկորցնենք լավ մասնագետներին: Երկու ամիս առաջ, երբ գնացել էի բժշկական հետազոտության և միջանցքում սպասում էի հետազոտող բժշկին, երիտասարդ բժշկուհիներից մեկը մոտեցավ մոտակայքում դրված սուրճի սարքին: Նրան մոտեցան այլ բուժաշխատողներ, գրկախառնվեցին: Խոսակցությունից հասկացա, որ երիտասարդ բժշկուհին որ էր վերադարձել ԱՄՆ-ից և պատրաստվոմ էր մոտ ապագայում վերադառնալ այնտեղ: Սրտի ցավով լսեցի նրա հետևյալ արտահայտությունը՝ չէէէէէ, ԱՄՆ գնալուց հետո ո՞վ կուզի գալ Հայաստան, այստեղ ո՞վ է գնահատում բժշկին: Կարծում եմ իր գործի գիտակ բժշկուհի էր, և քանի-քանի հրաշալի մասնագետներ գիտեմ, որոնք Հայաստանից արտագաղթել են այն պատճառով, որ իրենց այստեղ չեն գնահատոմ: Մի՞թե այդ ռեսուրսները պակաս կարևոր են, քան Լենա Նազարյանի պես պատգամավորները, որոնց արածը չեմ ուզում նսեմացնել, բայցև արձանագրում եմ, որ այս պահի դրությամբ նրանք որևէ բան չեն արել, որ գոնե ուղեղների արտագաղթը դադարի, հակառակը, այն այսօր էլ շարունակվում է: Մարդկանց նաև այդ սոցիալական անարդարությունն է վանում, ստիպում ճամպրուկները դասավորել, քանի որ վերլուծում են ու արձանագրում՝ այսպիսի մտավոր պաշար ունեցող իշխանությունները ոչինչ էլ չեն կարողանալու փոխել երկրում ու նորից կոտրվում է մարդկանց հույսը:

Երկրորդ դիտարկումը. պաշտոնյայի աշխատավարձը ուղիղ համեմատական է նվազագույն աշխատավարձին, այսինքն, կամայական որևէ մեկը չի կարող ինչ-որ թիվ սահմանել և այդքան աշխատավարձ տալ պաշտոնյային, պատգամավորին, այդ ամենը սահմանված է օրենքով ու կանոնակարգվում է օրենքով: Եվ որպեսզի նրանց որևէ մեկը չմեղադրի օրենքը շրջանցելու մեջ, թեև փորձը ցույց տվեց, որ դա ևս մերօրյա իշխանությունների համար առանձնապես խնդիր չէ, որոշեցին աշխատավարձի բարձր շեմը պահպանել պարգևավճարների միջոցով՝ աղավաղելով նաև այդ բառի դերն ու նշանակությունը:  Պարգևավճարը տրվում է այն դեպքում, եթե մարդը գերազանցել է իր սովորական աշխատանքային պարտականությունների կատարումը և գովելի արդյունք ստեղծել այս կամ այն ժամանակահատվածում: Իսկ սովորական աշխատանքի համար պարգևավճարը տալը արդեն աշխատավարձ է դառնում, այն էլ եթե այդ գումարն ամեն ամիս է տրվում կամ անգամ ամսվա մեջ մի քանի անգամ:

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի համաձայն՝  պետական պաշտոն զբաղեցնող անձին պարգևատրում` միանվագ վճար, տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի) գնահատման և (կամ) հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար։

Ի դեպ, Լենա Նազարյանն իր մեկնաբանության մեջ կեղծել է, թաքցրել իր ստացած իրական աշխատավարձի չափը՝ երևի այդկերպ փորձելով խղճահարություն առաջացնել մարդկանց մեջ, թե ինչպե՞ս կարելի է օրուգիշեր աշխատող ԱԺ ներկայացուցիչերին կոպեկներ վճարել ու նրանցից արդյունավետ աշխատանք պահանջել: Նկատենք նաև, որ գերբեռնված ժամանակացույցով աշխատող ԱԺ ներկայացուցիչները, ինչպես Լենա Նազարյանն է մեկնաբանել, այնքան էլ ծանրաբեռնված չեն և հասցնում են ֆեյսբուքյան հարթակներում սրա-նրա վրա մատ թափ տալ ու արդարացնել իրենց կառավարման մեխանիզմներն ու մեթոդները, իրենց ստացած գումարներն ու պարգևները ու սաստել մյուսներին: Բայց անդրադառնանք տիկնոջ աշխատավարձին:

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» նոր օրենքով, որը փութաջանորեն դեռ նախորդ տարի ընդունեցին ժողովրդի ընտրյալները, ԱԺ նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 190 հազար 520 դրամ: Ազգային ժողովի նախագահի տեղակալի աշխատավարձը 925 հազար 960 դրամ: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի աշխատավարձը՝ 793 հազար 680 դրամԱզգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի աշխատավարձը՝ 694 հազար 470 դրամ: Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձը՝ 661 հազար 400 դրամ, իսկ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարինը՝ 793 հազար 680 դրամ: Այսինքն՝ Լենա Նազարյանի աշխատավարձը ոչ թե 500, այլ 925 հազար 960 դրամ է՝ մոտ մեկ միլիոն, և անգամ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղարը 500 հազար չի ստանում, նրա աշխատավարձը 529 հազար 120 դրամ է

Գաղտնի հրամանով բարձրացվեցին նաև նախարարների (800 հազարից 1 մլն 500 հազար դրամ), փոխնախարարների (562 հազարից 1 մլն 60 հազար դրամ), գլխավոր քարտուղարների (595 ից 870 հազար դրամ) աշխատավարձերը:

Սրանք ընդամենը աշխատավարձերն են, իսկ երբ ավելացնում ես նաև ամեն ամիս տրվող պարգևավճարները, ապա այնպիսի գումար է  ստացվում, որ թերևս մեր նվիրյալ պատգամավոր-նախարարներին կնախանձեին արևմտյան երկրների պաշտոնյաները:

Դեռ երկու-երեք ամիս  առաջ «Հրապարակը» տեղեկացրեց, որ 2019 թ. միայն առաջին 10 ամիսներին Ազգային ժողովը 14 անգամ պարգևատրել է պատգամավորներին և ԱԺ աշխատակիցներին՝ մոտ 2 մլն դոլար ընդհանուր գումարի չափով: Բացի դրանից, ԱԺ-ը դեկտեմբերի առաջին կեսին 3 անգամ պարգևատրել էր ինչպես պատգամավորներին, այնպես էլ՝ ողջ աշխատակազմին։ Երկու անգամ՝ դեկտեմբերի 12-ի և դեկտեմբերի 16-ի կարգադրություններով՝ ամսական պաշտոնային դրույքի 100 տոկոսի, մեկ անգամ՝ դեկտեմբերի 16-ին՝ 20 տոկոսի չափով։ Պարգևատրումների մասին կարգադրություններից մեկի համաձայն՝ այն տրվում է «Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ», մյուս երկուսում առհասարակ չի բացատրվել, թե ինչի համար է տրվել։

«Հրապարակի» դիտարկմամբ՝ պարգևավճարները բաշխվել են մոտ 700 անձանց միջև։ Միայն ԱԺ ղեկավարության և պատգամավորների ստացած թվերի հաշվարկն արդեն իսկ խոսուն է։ Ազգային ժողովի  նախագահը, դիցուք, ստանում է 1 միլիոն 190 հազար 520 դրամ, ուստի երկու անգամ 100 տոկոսանոց և մեկ անգամ 20 տոկոսի չափով պարգևավճարը կազմում է մոտ 2 միլիոն 7 հարյուր հազար դրամ։ ԱԺ երեք փոխնախագահներից յուրաքանչյուրն էլ, որոնցից մեկը հենց Լենա Նազարյանն է, աշխատավարձից բացի ստացել են ևս 2 միլիոն դրամ, ԱԺ մշտական հանձնաժողովների 11 նախագահներն ամսական ստանում են 793 հազար 680 դրամ, ինչը նշանակում է, որ նրանք էլ հավանաբար 1 միլիոն 745 հազարական դրամ պարգևավճար են ստացել։ Եվ այսպես շարունակ:

Դե ինչ, ազգընտիր պատգամավորները թող շարունակեն մարդկանց երեսով տալ իրենց արած հեղափոխությունը, բայց բոլորն էլ տեսնում են, որ չնայած իշխանությունների մեծահոգի քայլերին այս կամ այն ոլորտներում աշխատավարձեր բարձրացնելու ուղղությամբ, ոչ իրենց, ոչ երկրի կյանքում ոչինչ էական չի փոխվել, և այսօր էլ իշխանությունը հասարակ ժողովրդին վերաբերվում է որպես ներքևում կանգնածների ու անջրպետներ քաշում իրենց վերևում կանգնածների ու ընտրյալների և ցածրում՝ գլխի մեջ աղքատություն կրողների միջև:

Թագուհի Ասլանյան