Ռուսաստանը արտահանձնում է Հայաստանի նախկին պատգամավորին. «ՌԻԱ Նովոստի»

Ռուսաստանի դատախազությունը բավարարել է Հայաստանի գործընկերների հարցումը՝ արտահանձնել քրեական գործով հետախուզվող ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» փոխանցել են գերատեսչությունից:

2019 թվականի նոյեմբերին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդում է տվել Սարգսյանին Զելենոգրադում կալանավորելու մասին, որը 2018-ի հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր Հայաստանի իրավապահ մարմինների կողմից՝ հանցավոր գործունեությանը մասնակցելու, ինչպես նաև կազմակերպված թալանի՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու կասկածանքով: Այս դեպքերով նախատեսված առավելագույն պատիժը կազմում է մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում:

Մարտին ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Գոռ Աբրահամյանը ասել է, որ ռուսական կողմը որոշում է կայացրել Սարգսյանին արտահանձնել Երևան:

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության արտահանձնման մասին հայցադիմումը ստացվել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից միջազգային պայմանագրով սահմանված ժամկետում` կցված անհրաժեշտ փաստաթղթերով: 2020 թվականի մարտի 19-ին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել բավարարել ՀՀ գլխավոր դատախազության հայցը` Լ. Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ»,- գործակալության հարցմանը պատասխանել է գերատեսչությունը:

Սարգսյանը ԱԺ մի քանի գումարումների պատգամավոր է եղել, ՀՀԿ անդամ: