ԵՍ ՀԻՇՈՒՄ ԵՄ. Հայոց ցեղասպանության թանգարանն առաջարկում է ապրիլի 24-ին «Ֆեյսբուք» սոցցանցի լուսանկարը փոխարինել

Հայոց ցեղասպանության թանգարանը կոչով  դիմել է հայ ժողովրդին և նրա բարեկամներին, օգտագործել համացանցի տրամադրած հնարավորությունները, այն է՝ Հայոց ցեղասպանության զոհերին հիշատակին հարգանքը մատուցեն՝ «Ֆեյսբուքում» իրենց լուսանկարները փոխարինելով հատուկ այդ նպատակով ստեղծված հուշային շրջանակի մեջ առնված իրենց հարազատների՝ զոհ կամ վերապրող՝ լուսանկարներով, դրա բացակայության պարագայում՝ անուն-ազգանունով, նաև մի փոքր պատմությամբ նրա/նրանց մասին։

Թանգարանի հաղորդագրության մեջ մասնավորապես գրված է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, բովանդակ հայ ժողովուրդը կնշի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Հայերի հետ միասին այդ տարելիցը կնշեն նաև հայ ժողովրդի բարեկամներն աշխարհի տարբեր ծագերում։ Վաղուց արդեն Հայոց ցեղասպանությունը դուրս է եկել էթնիկական հիշողության, այն է՝ լոկ հայերի նկատմամբ գործած հանցագործության, զուտ հայկական ողբերգության սահմաններից. այն համամարդկային ողբերգություն է, մարդկության դեմ գործած ամենամեծ չարիքներից մեկը։ Չարիք, որի միջազգային ճանաչման ու դատապարտման, նաև հետևանքների վերացման հարցը արդարության համար պայքարի ծիրում է։

Մեկ դար է անցել 1915-1923 թթ. մարդկության և քաղաքակրթության դեմ գործած հանցագործությունից, սակայն այդ ոճիրի հետևանքները մինչ օրս իրենց զգացնել են տալիս։ Հայ մարդիկ հիշում են Ցեղասպանության զոհ իրենց պապերին ու տատերին, հիշում են տասնյակներով մղված ինքնապաշտպանական մարտերի հերոսներին, ապրելու իրավունքը պաշտպանելու ելած դիմադրողներին, վերապրողներին՝ որոնք հիմքը դարձան ոչ միայն հայկական Սփյուռքի, այլև Հայաստանի Հանրապետության մերօրյա բնակչության գրեթե կես մասի։ Հիշում են հազարամյակների ընթացքում ստեղծած և ներկայում անտեր ու ավերակ դարձած եկեղեցիներն ու վանքերը, քաղաքներն ու գյուղերը, թաղամասերն ու տները, ծառերն ու մրգերի համուհոտի մասին տատիկների պատմությունները, պարերն ու երգերը, մոռացվող բարբառի քաղցրությունը։ Հիշում են հայ մտավորականության պայծառ ներկայացուցիչներին. գրողներին ու բժիշկներին, լրագրողներին ու արվեստագետներին, ճարտարապետներին ու նկարիչներին, հիշում են բազմահմուտ արհեստավորներին, վաճառականներին ու հողի մշակներին։ Հիշում են որբերին փրկողներին ու միսիոներներին, մեծ հումանիստներին ու բարերարներին։ Հիշում են հպարտությամբ, հիշում են գորովանքով։

Մեկ դար է անցել Ցեղասպանությունից։ Դա հսկայական ժամանակ է։ Փոխվել են ժամանակները. ներկայում Հայաստանի երիտասարդ Հանրապետությունը երեսուն տարեկան է։ Եկել է նաև որոշ իրողություններ վերաիմաստավորելու, վերասահմանելու ժամանակը։ Ցեղասպանության դաժանագույն տարիներին հայ մարդիկ պայքարել են. պայքարել են ոչ միայն զենքով, պայքարել են ոգով։ Հազար-հազարները չեն դավաճանել իրենց կրոնին ու լեզվին, հարազատներին ու բարեկամներին. անգամ եթե հարկադրաբար են փոխել կենսաձևը, առաջին իսկ հարմար առիթի դեպքում հետ են վերա¬դարձել իրենց ակունքներին։ Հազար-հազարները դրա հնարավորությունն ուղղակի չեն ունեցել, սակայն հայկականության ոգին ու հիշողությունն ապրել է նրանց մեջ հետագա ողջ կյանքի ընթացքում։ Մարդիկ մաքառել են, պայքարել են ու հերոսացել ոչ միայն կռվի դաշտում, այլ նաև գոյատևման ամենօրյա պայքարում։ Ծնողները փրկել են զավակներին, փոքրերը՝ մեծերին, հարևանը՝ հարևանին, ծանոթը՝ անծանոթին։ Կիսել են մի կտոր հացը անապատում թե որբանոցում։ Ընտանեկան համերաշխության ու փոխօգնության, դժվարին պահերին միմյանց հասնելու, ձեռք մեկնելու բացառիկ օրինակներ են եղել Ցեղասպանության տարիներին՝ արժանի դրանց մասին վեպեր ու պոեմներ գրելու։

Ուստի մենք պետք է շարունակենք հավուր պատշաճի արժևորել բարոյական ու արժանապատիվ պահվածքի դրսևորումները, ու նաև հարգանքով ու հպարտությամբ հիշենք թե զոհերին, թե դիմադրողներին, թե վերապրողներին։

Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի իրավիճակը հանրապետությունում ապրիլի 24-ին համաճարակային տեսանկյունից, անկախ նրանից, թե հանրապետության քաղաքացիների առողջության պահպանման և անվտանգության ապահովման խնդիրներից ելնելով՝ մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումները կպահպանվեն նաև ապրիլի 24-ին թե ոչ, կոչ ենք անում Հայոց ցեղասպանության զոհերին, դիմադրողներին ու վերապրողներին հիշենք և հարգանքը մատուցենք՝ օգտագործելով համացանցի տրամադրած հնարավորությունները։

Այդ նպատակով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կոչով դիմում է Հայաստանի քաղաքացիներին, բոլոր հայրենակիցներին, հայ ժողովրդի բարեկամներին, ապրիլի 24-ին դիմատետրում (ֆեյսբուքում) իրենց՝ օգտատերերի լուսանկարները փոխարինել հատուկ այդ նպատակով ստեղծված հուշային շրջանակի մեջ առնված իրենց հարազատների՝ զոհ կամ վերապրող՝ լուսանկարներով, դրա բացակայության պարագայում՝ անուն-ազգանունով, նաև մի փոքր պատմությամբ նրա/նրանց մասին։ Եթե չկան զոհ կամ վերապրող հարազատներ, ապա տեղադրեք Ցեղասպանության զոհ արևմտահայ մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների, ֆիդայիների, շարքային զինվորների ու զորավարների լուսանկարները։ Դրեք արևմտահայության մշակութային ժառանգության գանձերի լուսանկարները, կիսվեք Արևմտյան Հայաստանի ձեզ հասանելի պատկերներով։ Եվ ընդամենը մեկ պարզ գրությամբ՝

ԵՍ ՀԻՇՈՒՄ ԵՄ https://www.facebook.com/profilepicframes/?selected_overlay_id=2868089859945339 կամ

ԿԸ ՅԻՇԵՄ https://www.facebook.com/profilepicframes/?selected_overlay_id=1856090981189118»