Կորոնավիրուսը փորձաքար եղավ նաև մեր իշխանությունների համար, Փաշինյանին ուղղված հարցերը, դրանց հավանումները և փափուկ բարձը

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու նպատակով հայտարարված համավարակային իրավիճակն աշխարհում իսկական փորձաքար դարձավ պետությունների ղեկավարների, կառավարությունների համար: Շատ բան բացահայտվեց, թե որքանո՞վ էին իշխանությունները պատրաստ արտակարգ իրավիճակներում ճկուն, խելացի և արդյունավետ որոշումներ կայացնելու, ինչպիսի՞ վերաբերմունք դրսևորեցին հասարակության նկատմամբ, որքանո՞վ կարողացան իրենց երկիրը զերծ պահել այդ վարակի հնարավոր բացասական հետևանքներից, խոսքը ոչ թե տնտեսական և սոցիալական հետևանքների, այլ առողջապահական հետևանքների մասին է: Սոցիալտնտեսական հետևանքները մենք դեռ կվերլուծենք՝ մասնավորապես մեր երկրի համար: Իսկ առայժմ աշխարհում շարունակում է գերակա խնդիր մնալ կորոնավիրուսի տարածումն ու դրա հետևանքով զգալի մահացությունները, և աշխարհը դեռ կենտրոնացած է կասեցնելու վարակի հաղթարշավը:

Չհիշեցնեմ, թե Հայաստանում ինչպիսի թերահավատությամբ և ցինիկությամբ ընդունեցին կորոնավիրուսի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հորդորները և այն ժամանակ Չինաստանում վարակի բացասական հետևանքների մասին մեզ հասնող տեղեկատվությունը՝ մարդկանց հուսադրելով, թե այն առանձնապես վտանգավոր վարակ չէ և հատուկ միջոցառումների անհրաժեշտություն չկա, թե այն սովորական գրիպ է, որը կարելի է օղիով վերացնել և այլն, և այլն: Չհիշեցնեմ նաև, թե ինչպես էին համաշխարհային համավարակի պայմաններում հայաստանյան իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, ՍԴ բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավ իրականացնում՝ վտանգելով հազարավոր քաղաքացիների առողջությունն ու կյանքը, իսկ հետո էլ նրա տիկինը, նորից անտեսելով անվտանգության նկատառումներն ու միջոցները, մարդկանց հոծ բազմության մեջ բուկլետներ էր բաժանում: Եվ միայն այն բանից հետո, երբ վարչապետը պատահաբար իմացավ, որ Սյունիքում քարոզարշավի ժամանակ շփվել է վարակակրի հետ, սեփական առողջության համար վախը սթափեցրեց նրան՝ ստիպելով սթափվել նաև նրա քաղաքական թիմին: Փաստորեն մինչև սեփական մաշկի վրա մարդը չզգար վարակի հնարավոր ազդեցությունը, մի պահ չմտածեր իր կյանքի, առողջության մասին, մենք դեռ երկար ժամանակ կարող է ուղտի ականջում քնած մնայինք: Փաստորեն շնորհակալ լինենք այն վարակակրին, որը վարչապետի կողքն էր կանգնել:

Իսկ հետո ավելի ուշ, երբ հևիհև մեզանում ևս սկսեցին հասկանալ, որ տագնապելու առիթ կա, երբ մեզանում բոլորիս դրեցին տնային կալանքի տակ, երբ սկսեցին մահվան ցուցանիշներն աճել, առողջապահության նախարարը Հայաստանում կորոնավիրուսի տարածման և մահացության ցուցանիշները համեմատելով Վրաստանում գրանցված դեպքերի հետ՝ զուտ երջանիկ պատահականություն համարեց այն, որ Վրաստանում թվերը զգալիորեն քիչ են: Թեև Վրաստանի ղեկավարը շտապեց հայտարարել, որ իրենք հենց առաջին օրվանից անսացին ԱՀԿ-ի բոլոր հորդորներին ու հրահանգներին, փակեցին սահմանը հարևան պետությունների հետ, իսկ երկիր մուտք գործած բոլոր իրենց քաղաքացիներին մեկուսացրին, ինչի շնորհիվ էլ այսօր Վրաստանում իրավիճակն այնքան տագնապալի չէ: Իսկ հիմա էլ մերոնք լուրեր են շրջանառում, թե իբրև Վրաստանը թաքցնում է իր իրական ցուցանիշները՝ շատերին չթեստավորելով: Նույնը կարելի է այդ դեպքում Հայաստանի մասին ասել, քանի որ այստեղ որոշակի չափորոշիչներով են մարդիկ թեստավորվում, և եթե չես համապատասխանում այդ չափորոշիչներին, անգամ որոշակի ախտանիշների դեպքում քեզ չեն թեստավորի: Եթե հիշում եք՝ որոշ ժամանակ առաջ ՀՀ վարչապետն ինքն էր նշել, որ մեզանում շատերը հավանաբար հիվանդացել են կորոնավիրուսով և լավացել՝ այդ մասին անգամ գլխի չընկնելով: Գաղտնիք չէ, որ հիվանդությունը կարող է նաև առանց ախտանիշների ընթանալ կամ թեթև մրսածության ախտանիշներով, և այդ դեպքոմ մարդկանց չեն թեստավորում, նրանց տվյալներն այդպես էլ չեն ներառվում պաշտոնական թվերի մեջ: Այսպիսի վիճակ է ամբողջ աշխարհում, քանի որ թեստերի խիստ պակաս կա, անգամ Ռուսաստանը, որը կարճ ժամանակում թեստերի սեփական արտադրությունը նախաձեռնեց, այսօր ամբողջ բնակչությանը չէ, որ թեստավորում է: Այնպես որ, այդ խնդիրը բոլոր երկրներում է առկա, և թեստավորման հնարավորությունն այս կամ այն երկրում ուղիղ համեմատական է հայտնաբերված վարակակիրների հետ:

Փոխարենը նախարարը մոռացավ գլուխը կախել ու նշել, որ տարածաշրջանում մեծաթիվ բնակչություն ունեցող Իրանից հետո Հայաստանը երկրորդ երկիրն է, որտեղ վարակը մեծ տարածում է գտել: Իսկ եթե այդ թվերը տոկոսային հարաբերությամբ ներկայացնենք, ապա Իրանի և Հայաստանի բնակչության քանակը հաշվի առնելով՝ չի բացառվում, որ Հայաստանն առաջատար լինի կորոնավիրուսի տարածվածության առումով: Իսկ սա վկայում է այն մասին, որ մեր երկիրը ի սկզբանե չցանկացավ առերեսվել իրականության հետ, թեթևամտությամբ դռները լայնորեն բացեց վարակի առաջ, իսկ հետո իր մեղքը բարդեց սոցիալապես անպատասխանատու մարդկանց վրա: Այդքան միամի՞տ էին մեր իշխանությունները և կարծում էին, թե Հայաստանում մոտ երեք միլիոն բարձր իրավագիտակցություն ունեցող, սոցիալապես պատասխանատու քաղաքացի՞ է բնակվոմ: Չեմ կարծում: Պարզապես իրենց բացթողումներն ուրիշների վրա բարդելու համար կարող են հիմար էլ ձևանալ: Ինչևէ:

Ի՞նչ ունենք այսօր, որքանո՞վ է այսքանից հետո հասարակությունը վստահում իշխանություններին, կառավարությանը և ի՞նչ ակնկալիքներ ունի նրանցից: Այս հարցերի պատասխանները թերևս կարելի է գտնել այսօր ՀՀ վարչապետի կայանալիք ասուլիսի մասին գրառման մեկնաբանություններում, որոնք արվել են հարցերի տեսքով: Հիշեցնենք, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ այսօր երեկոյան երեք ժամ տևողությամբ ասուլիս է պատրաստվում տալ և կպատասխանի ամենաշատ հավանության արժանացած հարցերին: Նշեմ, որ ակնհայտ է՝ վարչապետի գրառումների տակ հավանումները զգալիորեն նվազել են, գրառմանը 18 հազար մարդ է արձագանքել, իսկ մեկնաբանությունների թիվը 13 հազար է, որոնց մի մասը նեղ անձնական խնդիրների մասին բարձրաձայնումներ են: Փոքր ուսումնասիրության արդյունքում պարզեցինք նաև, որ ամենաշատ հավանության արժանացած մի քանի հարցերի բովանդակությունը կամ ծաղր է՝ ուղղված այսօրվա վարչակազմին, կամ քննադատություն է վարչապետին, ինչպես օրինակ հետևյալ հարցն է՝ «պարոն վարչապետ, իսկ պարզվե՞ց կորոնավիրուսը ում շունն էր»: Այսինքն՝ մարդիկ դժգոհ են կառավարության, իշխանությունների վարած քաղաքականությոնից, վարչապետի թիմի աշխատանքից և վարչապետից նախևառաջ հաշվետվություն են պահանջում, թե ինչու իր թիմում ընդգրկված ոչ արհեստավարժներին իր խոստման համաձայն՝ տուն չի ուղարկում, փոխարենը պրոֆեսիոնալներով համալրում թե կառավարությունը, թե Ազգային ժողովը:

Օրինակ՝ օգտատերերից Էդգար Հարությունյանը հարցրել է. «Պարոն Փաշինյան, չե՞ք կարծում, որ ձեր խմբակցության պատգամավորների մեծ մասը պարզապես անիմաստ խոսող ու ոչինչ չանող դեմքեր են, որոնց գործունեությունից ընտրողների մեծ մասը վաղուց հասցրել է հիասթափվել։ Գուցե նրանց մի մասին տո՞ւն ուղարկեք ու նոր, ավելի ինտելեկտուալ ու գործունյա մարդկանց ներգրավեք Ձեր թիմում։ Միայն չասեք, որ դա հնարավոր չէ։ Ձեր մի հորդորով պատգամավորները կարող են հրաժարվել մանդատից, իսկ նրանց փոխարեն ԱԺ կգան ուրիշները»։ Էդգար Հարությունյանի հարցը ամենաշատ հավանում հավաքածներից է՝ 6 հազար 500:

Նման բովանդակության հարցերը կրկնվում են՝ մի քիչ այլ շեշտադրմամբ: Օրինակ, ԻԿարինե Այվազյանը հետաքրքրվում է. «ինչո՞ւ չեք հավաքագրում և ձեզ շրջապատում այն մարդկանցով, ովքեր իրենց փորձը և միտքը պատրաստ են անմնացորդ նվիրաբերել Հայաստանի տնտեսական զարգացմանը, և երկիրը դուրս կգա ներկա իրավիճակից»։

Հատկանշական է, որ հարցերի մյուս խումբը, որն ամենաշատն է, վերաբերում է պետության կողմից մեկուսացման օրերին մարդկանց, տնտեսվարողների կրած ֆինանսական կորուստների հատուցմանն ուղղված օգնությանը: Հեղափոխությունից հետո քաղաքագետներն ու փորձագետները նշում էին, որ իշխանությունները հաջողում են մարդկանց հացի փոխարեն զվարճանք մատուցելով՝ նրանց ուշադրությունը շեղելով կենցաղային և այլ խնդիրներից, որոնց լուծումն առաջարկել էր իր հեղափոխությամբ: Հաջողվում էր մինչև այս պահը, երբ արդեն տնտեսական կանխատեսումներով՝ հիվանդությունը հաղթահարելուց հետո մեկ այլ ավելի սարսափելի վտանգ է պատուհասելու մեզ՝ սովն ու աղքատությունը: Շատերն արդեն իսկ համալրել են գործազուրկների թիվը, նախնական հաշվարկներ դեռ չկան, որոշ տնտեսվարողներ հայտարարոմ են հնարավոր սննկացման մասին, շատերն էլ պարտադիր պարապուրդի պայմաններում արդեն ֆինանսական մեծ կորուստներ են կրել: Եվ դա գիտակցելով՝ հասարակությունը կառավարությունից գործուն, արդյունավետ և մարդկանց հոգսերը թեթևացնող քայլեր է ակնկալում՝ դժգոհ լինելով կառավարության արդեն իսկ ձեռնարկած ծրագրերից: Բայց փոխանակ նրանց հոգսը թեթևացնելու, մարդկանց կողքին կանգնելու, նորից փորձում են մեր ուշադրությունը զվարճանքերով բթացնել: Պատահակա՞ն էր արդյոք Ջոնի Բրջոնի մականունով ոմն մեկի ի հայտ գալը ֆեյսբուքում: Ճիշտ են ասում, որ ստի ճանապարհը քառասուն օր է: Բայց հաշված օրեր պահանջվեցին՝ բացահայտելու համար, որ առաջին հայացքից մտավոր խնդիրներ ոնեցող տղան իրականում ուղղորդվում է ինչ-որ անձանց կողմից, որոնք շահագրգռված են նրա կերպարն ավելի վառ դարձնելու և ավելի շատ մարդկանց նրա դիտումներն ապահովելու գործում ներգրավելու մեջ: Արդեն իսկ հիմնավոր կասկածներ կան, որ Ջոնի Բրջոնին հենց պարետի նախագծն է: Ուրեմն ինչո՞ւ է հենց այդ բարձր մակարդակով մարդկանց նման ցածրակարգ շոու հրամցվում: Պարզ է՝ մարդկանց կողմից բարձրաձայնված խնդիրները որևէ ձևով լուծում չեն ստանում որևէ ոլորտում: Հակառակը՝ գնաճի մասին բարձրաձայնումները ոչ թե խնդրի լուծում են ստանում, այլ խորհուրդ այս կամ այն մթերքի բացը դրանց փոխարինիչներով լրացնելու մասին: Ուրեմն պետք է այդ խնդիրներից շեղել մարդկանց, որպեսզի շատ չբողոքեն, արևմտյան էժան տեխնոլոգիա է, որը ցավոք արդյունավավետորեն կիրառվում է մեզանում:

Անդրադառնանք վարչապետին ուղղված հարցերին:

Օգտատերերից Գարիկ Ղազարյանն առաջարկում է վարչապետին ԿԲ-ին հանձնարարել 6 ամսյա վարկային կարանտին սահմանել, չկատարել վարկային դասակարգում և պահուստավորում, դադարեցնել վարկային գնահատականի ձևավորման գործընթացը, կատարել վարկերի հնարավոր վերակառուցում՝ ժամկետների տրամադրում, բեռի թեթևացում, ներել անհուսալի վարկերը՝ անհույս կալանքներից ազատելով։ Այս հարց-առաջարկը 5 հազար 700 հոգի է հավանել, ինչը վկայում է, որ շատերն են առերեսվել առկա խնդիրներին կամ կանխատեսում են, որ կառերեսվեն: Ի դեպ, այս առաջարկներից որոշները կիրառվում են Ռուսաստանում: Բայց, իհարկե, մեր տնտեսությունը շատ հեռու է ՌԴ տնտեսության հետ համեմատվելուց:

Ի դեպ, երկու երկրների տնտեսությունները համեմատելու վերաբերյալ: Ինչպես գիտեք, Վրաստանի իշխանությունները խոստացել են վճարել բնակիչների երեք ամսվա կոմունալ վարձերը՝ որոշակի չափով: Եվ հարցեր հնչեցրած օգտատերերը լավ հիշում են, որ ամիսներ առաջ ՀՀ վարչապետը հավակնում էր մեր ՀՆԱ-ն համեմատել Վրաստանի ՀՆԱ-ի հետ: Ուստի նրանք Նիկոլ Փաշինյանից նման նախաձեռնություն են ակնկալում՝ հորդորելով այդ հարցում ևս հետ չմնալ հարևան պետությունից, և գոնե այս անգամ չասել, թե Վրաստանի համար այդպիսի հնարավորությունը միայն երջանիկ պատահականությամբ է ստեղծվել:

Կառավարության աջակցման ծրագրերից դժգոհ են այն ընտանիքները, որոնք նույնպես տուժել են մեկուսացման սահմանափակումներից, սակայն չեն ներառվել որևէ ծրագրում: Օրինակ՝ երեխաներ չունեն, սակայն զրկվել են աշխատանքից: Ի դեպ, երեխա ունեցող օգտատերերն էլ դժգոհ են յուրաքանչյուր երեխային տրամադրվող մոտ 26 հազար դրամից՝ նշելով, որ դա բացարձակ որևէ ձևով չի հավասարակշռի իրենց ֆինանսական կորուստը՝ աշխատանքը կորցնելու պատճառով, քանի որ 200-300 հազար ստացող վարպետի համար 26 հազար դրամ օգնությունը ծիծաղելի առաջարկ է, և դրանով չգիտես վարկային պարտքե՞րը մարել, կոմունալնե՞րը, թե հոգալ սննդի ծախսերը: Իսկ թե որքանո՞վ կհաջողվի արտակարգ դրության ռեժիմից հետո նոր աշխատանք գտնել, կասկածելի է, փորձագետները տխուր կանխատեսումներ են անում, որ գործատուները ոչ միայն նոր աշխատողների չեն ընդունի, այլև իրենց աշխատակիցների թիվը ստիպված կլինեն կրճատել՝ ծախսերը նվազեցնելու նպատակով:

Ի դեպ, պետության օգնության ծրագրերում չեն հայտնվել վճարովի համակարգում սովորող ուսանողները, որոնց ծնողը կամ ծնողները ևս զրկվել են աշխատանքից: Կառավարությունն աջակցություն է նախատեսել միայն անչափահաս երեխաներ ունեցողներին, իսկ ուսանողները չափահաս են: Եվ օգտատերերից մեկը հետաքրքրվում է՝ ինչպես վճարեն ուսման վարձը այն ուսանողները, որոնց ծնողները այս օրերին զրկվել են աշխատելու և գումար վաստակելու հնարավորությունից, միգուցե հնարավոր լինի որոշակի չափով փոխհատուցել այդպիսի ուսանողների ուսման վարձը:

Իսկ ԵՊՀ ուսանողական խորհուրդը դիմում է կառավարությանը՝ առաջարկելով մինչև 25 % ուսման վարձի մասնակի փոխհատուցում նախատեսել ուսանողների համար, եթե ոչ բոլորի, ապա առնվազն նրանց համար, որոնց ընտանիքի անդամները կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ են դարձել կամ գտնվում են հարկադիր պարապուրդի մեջ։

Շատ են դժգոհությունները անկառավարելի գնաճից մթերքի շուկայում, որը, ի դեպ, կառավարությունը պատճառաբանում է տվյալ սննդամթերքների համաշխարհային գների թանկացմամբ: Բայց այս դեպքում դա չի անհանգստացնում քաղաքացիներին, որոնք առաջիկա սոցիալտնտեսական ճգնաժամի խուճապով են համակված:

«Պարոն վարչապետ, խանութներ այցելեք։ Մթերքները, բանջարեղենը, կիսաֆաբրիկատները, առաջին անհրաժեշտության ապրանքները (ոսպ, բրինձ, գարոխ, հնդկաձավար և այլն) կրկնակի թանկ են դարձել։ (Մեկ կգ բրինձը վաճառվում է 1050 դրամ, հնդկաձավարը 1100 դրամ)։ Ինչպե՞ս գոյատևել, երբ եկամտի աղբյուր չկա, և երբ կարանտինային այս դրությունը գնալով խստանում է։ Դոլարի թանկացմանը զուգահեռ թանկանում են նաև ներմուծվող մթերքները։ Տեղական ապրանքները ևս թանկ են»,- գրել է օգտատերերից մեկը։

Սպասենք երեկոյան վարչապետի ասուլիսին, այս անգամ կկարողանա՞ արդյոք հուսադրել ու լավատեսություն ներշնչել հպարտ քաղաքացիներին: Կկարողանա՞ գտնել այնպիս փափկության բարձ, որը մարդկանց գլխի տակ դնելով՝ տանուլ չի տա, հիմա՞ ինչ հաղթաթուղթ է խաղացնելու՝ Հայաստանը առաջատար երկիր անվանելով համաշխարհային մակարդակով:

Թագուհի Ասլանյան